Երեկ ազգիս վրա վատ երազ տեսա: Երազումս իբր Մայր Հայաստանը գյուղական էլիտայի ներկայացուցիչների` “ժեկերի”, անձնագրային բաժնի աշխատակցուհիների ու դպրոցի տնօրենների իգական սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ բոբիկ գնացել էր կանանց տիեզերական համաժողովին` մեր երկիրը ներկայացնելու ու թղթե շերեփը համաշխարհային հարիսայի կաթսայի մեջ խրեց…
Էս Բեթի Ֆրիդենը լիբերալ ֆեմինիզմի շերեփով ափսեների մեջ լցնում էր հարիսան ու հետ փոխանցում, Ջանեթը Բիելի էկոֆեմինիստական աղ էր բաժանում, իսկ երբ Անջելա Դեվիսը սեւամորթ կանանց համար փայտե դագանակներ բերեց ու երբ եվրոպացի կնանիք սկսեցին կանանց գրականությամբ ու Վիրջինի Վուլֆով լոպազանալ, էս մեր խեղճ ու կրակ Մայր Հայաստանը քաշվեց մի կողմ ու լաց եղավ…
Բայց… հիշեց Եղիշեին, տիկնանց փափկասուն, հավաքեց իրեն ու երկրորդ մոտեցմամբ փորձեց գոնե թղթե շերեփի ծայրից բռնել… Ու չնայած մեր Մայր Հայաստանը կարդացած կնիկ էր, Կապուտիկյանից մինչեւ Զապել Եսայան անգիր էր արել դպրոցում, բայց գլխի չընկավ, որ գոնե դրանք հիշատակելու տեղն է եկել ու միակ փայլատակումը երգչուհի Շեր-ին հիշելն էր: Բայց դե Շերը շեր է մնում, թքած ուներ` հայկական արմատներ կա մեջը, թե չէ…
Մեր Մայր Հայաստանը “տիեզերական” ձախողումից հետո նամակ գրեց տուն, որ իրենց պահած, փայփայած որդիներն ու ամուսինները գան, տուն բերեն, բայց թարսի պես էդ ժամանակ քաղաքում ուկրաինացի ու ռուս մի երկու կնիկ էին ֆռֆռում, ու էս մեր տղամարդիկ ազգային-ազատագրականով էին խրված, նամակին պատասխանելու ժամանակ չեղավ…
Ու ինչպես դարերով ավանդվել էր, ժառանգական հարմարվողականությամբ քարից հաց քամող էս մեր կանանց դելեգացիան տան ճամփեն բռնեց, որը անցնում էր Դեր Զորով… Ու պատմական անարդար զարգացմամբ մեր Մայր Հայաստանի մայրը մեկ անգամ եւս լացեց ուժգին ու աղեկտուր… Ու լռեց նա` հարմարվելով իր վիճակին ու ընկճված տուն գալով` դաստիարակեց իր Թագուհի դուստրերին Արա որդիներին ծառայելու համար, իսկ Արա որդիներին` հարեւանի Շամիրամներով զբաղվելու համար… Հետո երազումս աչքիս երեւաց էդ Կլարա Ցետկինը ու մատ թափ տվեց ազգիս վրա… Վեր թռա, “ջրի վրա” պատմեցի երազս ու էլ քնել չկարողացա… Էհ… Էլի մարտի 8-ն է…
***
Մշակութաբանության 19-րդ դարի տեսություններից մեկում աչքիս ընկավ հասարակությունում եւ ազգային մշակույթի պայմաններում կնոջը վերագրվող սոցիալական դերի ու վարքագծի մասին մի տեսլական, որը հատուկ շեշտում էր, թե կանանց` չափից ավելի առաջադեմ լինելու ձգտում ու գայթակղությունը կարող է բերել կնոջը առնականի` խաղի կանոնների ոլորտ:
21-րդ դարում, երբ արդեն ոչ ոք կասկած էլ չունի, որ man’s world է, տեսությունը հատուկ շեշտում է, որ սեռադերային ծիսակարգը անզոր է կոտրել անգամ ամենաուժեղ քարոզչաապարատն ու շարժումը: Անզոր է, որովհետեւ “կայֆը” հենց նրանում է, որ դու կարող ես կանացի լինել ու լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ահա քեզ եւ առաջադիմություն…
Սակայն հենց մեր հարյուրամյակում չգիտես ինչու անհատի ինքնության պարապը արագորեն լցվեց միջմշակութային անգործությամբ ու 21-րդ` “տղամարդկանց դարում” դժվարը այսուհետ “տղամարդ” գտնել է… Գտնել մեկին, ով չի վախենում ուժեղ կանացիության սուբյեկտի կողքին լինել ու սեռադերային ծիսակարգը տանել ըստ արժանավույնս:
Ու գլոբալը դեռ մի կողմ, Եվրոպան էնտուզիաստներ կվարձի` հրապարակում շորերը պատռելու ու խմբակային կլորին թքելու համար… Բայց մենք… Ինչպես պատահեց, որ մեզանում պարապը միայն սեփական հեռախոսի կամ մեքենայի հետ հարաբերվող, սեփական գենդերային դերը կորցրած սոցիալական կառուցվածքներում արդարացում փնտրող “անտղամարդկության” սերունդով լցրեց:
Գուցե դա նրանից է, որ “մենք ուրիշ ենք” ու մեր “ազգային-ազատագրականը”… Մեր օրինաչափը “Մայր Հայաստանի” նկատմամբ սեփական սեռականության ֆենոմենը լցնում է մարտի 8-ին մի փունջ ծաղիկով ու հոխորտանքով, թե դա չափազանց թանկ է նստում վերջինիս սոցիալական գոյության վրա!!! /թե ինչու հայերենում էս նշանից չունենք/
Կարծում եմ` լինել հայ կին ու դիրքորոշում ունենալը սա էն մահացու վտանգավոր կոնցեպցիան է, որը վրաս անընդհատ մատ էր թափ տալիս էսօրվա վատ երազումս: Ու հենց էս կոնցեպցիայի արդյունքում մեր տատերն ու մայրերը երեւի մերձավոր արեւելյան ազդեցությամբ շարունակաբար գլուխը թեքեցին իրենց ամուսինների ծնկներին` ուսի տեղը մոռանալով:
Ու հայ կնոջ կերպարը ընդհանրացավ Մաթեւոսյանի “Աղունի” ու “Հարսնացուն հյուսիսից”-ի “Արուսի” շղարշով /Արուսը օրինակ`հրաշալի կին էր, բայց Մուրադի հպարտությունն էր միայն նրա համար, որ “հրաշալի” կով էր կթում ու Արուսի կողքին “տղամարդ” լինելը հեշտ էր/: Ու ամեն սերնդի հետ Արուսի զգեստի փեշերին մերձավոր արեւելյան հոտ կպավ…
ու հիմա գենդերային կարծրատիպերի ու հասարական մեկ այլ նորմերի վարժված մեր սերունդը կաշվից դուրս է գալիս բնական մնալու եւ “սեփական ես”-ը չկեղծելու համար… Ահա եւ քեզ ազգային ինքնություն… ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ /Ռեւերդի/
***
Շնորհավոր մարտի 8… Մի մոռացեք տոնի իսկական խորհուրդը…
***
Ես մեկ-մեկ ազգիս վրա լավ երազներ էլ եմ տեսնում… տեսնում եմ բաց ճակատներով լիքը-լիքը երիտասարդներ, ովքեր հրում են հետսովետական ու մերձավորարեւելյան կեղծավորության անգո պատը… Ու հանկարծ պարզվում է, որ գերեզմանների խաչքարերից ու դուդուկից այն կողմ էս ազգը ձեւավորված մշակութային արժեքներ ու դրանց ինստալացիաներն ունի, սեփական ինքնության ու կեցության բնորոշ մոդել ունի ու այդ մոդելը նստած է ամեն ծնվող երեխայի մեջ ճիշտ այն նույն ժամանակներից, երբ Կլարա Ցետկինների ու Անջելա Դեվիսների նախատատերը ծառերին էին մագլցում… /Մեկ-մեկ կարելի է լոպազանալ
/
Անկեղծորեն ձեր Բլանշ