Apr 14, 2008 15:46
Առաջին պահին միայն ծիծաղի ու ծաղրի արժանի համարվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի կողմից հասարակության վրա հիպնոսի, հոգեբանական ներգործության միջոցների օգտագործման մասին, ինչը, իբր, զանգվածային “հոգեխանգարման” է հասցրել հասարակության մեծ մասին: Քոչարյանա-սերժական “հանճարի” երկնած այս գյուտը իր բնական բացատրությունն ունի:
Նրանք չեն կարողանում համակերպվել հետեւյալ փաստի հետ. իրենք ամբողջ 10 տարի, իրենց անմիջական վերահսկողության տակ պահելով զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, հսկայական ծախսեր անելով, կաշառելով մտավորակության մեծ մասին, “գաղափարական աշխատանքի” հեղեղով, բոլոր միջոցների գործադրմամբ չկարողացան հասնել անգամ 10 տոկոսին այն արդյունքի, ինչին Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ ընդամենը 4-5 ամսվա ընթացքում 5-6 հանրահավաքային ելույթով: Եւ եթե դրան որեւէ այսօրինակ “կախարդական” բացատրություն էլ չգտնեին, ուրեմն ստիպված պետք է լինեին ընդունել, որ պատճառն այլ բան չէ, քան ինտելեկտուալ առումով Լեւոն Տեր-Պետրասյանի մի քանի հազար անգամ գերազանցությունը իրենց երկուսի նկատմամբ միասին վերցրած:
Բայց վերադառնանք քոչարյանասերժական “հոգեներգործության” ու “հոգեխանգարման” գյուտի հետագա զարգացումներին, ինչը զարմանալի որոշակիությամբ բացահայտում է դրա ակունքները: Հաջորդ օրը, զարգացնելով գլխավոր դատախազի թեզը, “պետական հեղաշրջման” ընդհանուր գործի հատուկ քննիչներից մեկը խոսեց այդօրինակ ներգործության միջոցներից մեկի` “նեյրո-լինգվիստական” (նյարդա-լեզվաբանական) մեթոդի մասին: Նա առանձնացրեց նման մոգական ազդեցություն ունեցող երեք բառ. “Հայրենիք”, “ընտանիք”, “հաղթել”, որոնք, իբր, “կոդավորված” են եւ, հաճախ օգտագործվելով ելույթներում ու նախընտրական քարոզչական նյութերում, ահա, “հոգեխանգարման” են հասցրել հասարակության մեծ մասին: Անշուշտ, այս գյուտն էլ սովորական քննիչի խելքի բանը չէր, եւ տվյալ բառացանկը նրան ուղարկվել էր “վերեւից”:
Քոչարյանասերժական հանճարը, ինչպես պարզվում է, ամենեւին էլ էկզոտիկ եւ եզակի չէ իր դրսեւորումներում ու չի կարող հեղինակային իրավունքի հավակնել: Այն ունեցել է իր նախատիպը, որի հետ ուղղակի արյունակցական կապն ակնհայտ է: Մի քանի պատմաբաններ, միմյանցից անկախ, մեզ հիշեցրեցին ճիշտ նույնպիսի մի դրվագ, որ վերաբերում է 19-րդ դարի 90-ական թվականներին: Դա հետեւյալն է. 1894թ. Օսմանյան բռնապետության դեմ հերոսական Զեյթունի հերթական ապստամբությունից հետո արյունոտ սուլթան Աբդուլ-Համիդը նույնքան ահաբեկված էր, որքան այսօր Հայաստանում իշխող այս զույգը: Այդ ժամանկվա հնչակյան գործիչները անեկդոտանման պատմություն էին պատմում միմյանց, թե ինչպես սուլթանը ամեն օր քնելուց առաջ նախ ստուգում էր` հո “թախտի” տակ հնչակ ահաբեկիչ չկա՞: Եւ ահա, նույն այդ սուլթան Աբդուլ-Համիդը, այն ժամանակ իր հրամանագրով արգելեց հայերենում “Հայաստան”, “Ազատություն”, “Եղբայրություն” բառերի օգտագործումը` ճիշտ նույն կերպ համարելով, որ “կոդավորված” այդ բառերը հոգեներգործուն ազդեցություն են ունենում հայ զանգվածների վրա, նրանց հասցնում հոգեխանգարման` անհնազանդության, դրանով իսկ խախտում երկրի ներքին կայունությունը: Հայտնի է, օրինակ, որ Մ. Նալբանդյանի հայտնի “Ազատություն” բանաստեղծությունն այդ շրջանում որպեսզի տպագրվեր, “Ազատություն” բառի փոխարեն դրվում էր “Աշխատանք” բառը:
Ինչպես դժվար չէ նկատել, սուլթան Աբդուլ-Համիդը կարծես թե ավելի խելոք է եղել, ավելի խորն է ուսումնասիրել “նեյրո-լինգվիստիկան” ու ճիշտ է հասկացել, թե հատկապես որ բառերն են առավել վտանգավոր բռնապետական իշխանության համար: Դժվար չէ նկատել նաեւ, որ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արյունոտ սուլթանի արյունակից հոգեզավակներն են: Այնպես որ` Ռ. Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին խորհուրդ ենք տալիս ավելի հիմնավոր հետազոտել իրենց քաղաքական նախապապի թողած թանկարժեք ժառանգությունը: