Մտորումներ քննություններից հետո

Jun 20, 2011 12:06

      11 օրում 8 քննություն, 2 դեպքում 1 օրում 2 քննություն...Էս անցյալ շաբաթվա առօրյայիս վիճակագրությունն է...Հա նոր բոլոնյան գործընթացի ու կրեդիտային համակարգի արդյունքներն են: Մի ժամանակ ամեն քննություն պարապելու համար ունեինք ամենաքիչը 3 օր: Հիմա մեկ ու կեսից մինչև կես օր, չնայած ծավալը մնացել է նույնը, եթե չասեմ, որ որոշ դեպքերում ավելին են պահանջում: Ընդ որում հին հայկական սովորության համաձայն` դասախոսների որոշ հատված քննության նյութերի վերջնական ցանկը տալիս է քննությունից մեկ-երկու օր առաջ` երևի հետևելով մեկ այլ հին հայկական սովորության, որ հայ ուսանողները հասցնում են պարապել անկախ նրանցից, թե քանի օր ունեն ամբողջ դասանյութը յուրացնելու: Ու բնականաբար արդյունքը չի կարող գոհացուցիչ լինել: Ստացվում է, որ յուրացնում ես մի առարկայի նյութը, փորձում դասկարգել հիշելու տեսանկյունից կարևորն ու երկրորդականը, առացքային հարցադրումները, առավոտյան գնում քննության: Պատասխանելուց հետո պիտի վազես տուն ընդ որում մինչև տուն հասնելը պիտի հասցնես արխիվավորել արդեն անցած քննության նյութը, որ հասցնես հաջորդը պարապել, որովհետև շատ հավանական է` հաջորդ օրը քննության ես կամ մեկ օրից երկու քննություն պիտի հանձնես: Ու այդպես իսկի չհասկացա` ինչպես սկսվեցին ու ավարտվեցին քննություններս: Լարվածություն ու մի վիճակ, երբ գիշերն ու ցերեկը առանձնապես չես տարբերում, ընկերներդ ու հարազատներդ հարցնում են, թե այս ուր կորել...

Հիմա կասեք, որ ուսանողը նյութը պիտի յուրացնի կիսամյակի ընթացքում: Կհամաձայնեմ: Ու արդարության համար ասեմ, որ այս առումով որոշ առավելություններ կան(դե գոնե այն բաժնում, որտեղ ես եմ սովորում) այս նոր համակարգում, որոնք ինձ շատ են դուր գալիս: Անիմաստ, արտագրոցի հիշեցնող լեկցիաների վերատպումը տետրերում, որ միջանկյալ քննություն անունն ունի, բայց իրականում ընդամենը մեխանիկական գործընթաց է անգամ գերազանց սովորողի համար, փոխարինվել են ամեն առարկայից պարտադիր վերլուծական աշխատանքով: Քեզ դասապրոցեսի մասնակից ես զգում, քանի որ պասիվ լսող չես, դասերը դադարել են լինել անկապ լեկցիաներ գրել:Եվ առհասարակ լեկցիա գրել հասկացություն այլևս չկա: Դասաժամը ինտերակտիվ շփում է դասախոսի ու ուսանողի միջև, քննարկումներ ու գործնականներ. ավելին դասաժամի հիմնական ակտիվ գործող անձը ուսանողն է: Իսկ դասին պատրաստվելու համար նյութերը պիտի կարդաս բնագրերում ու բնականաբար անգլերեն, ռուսերեն տարբերակներով:(Լիքը մարդ բողոքում է, որ այդ դեպքում պարտավոր են ապահովել հայերեն գրականությունով, բայց դե սա լրիվ ուրիշ թեմա է, որին հիմա չեմ անդրադառնա): Արդյունքում ընթացքում իսկապես բավականին շատ բան ես սովորում, քանի որ վերլուծական աշխատանքն էլ առանց դրա ուղղակի չես կարող հանձնել:(2-3-րդ կուրսերում մի կուրսային էինք գրում ու մի կերպ հասցնում, հիմա ամեն առարկայից ենք նմանատիպ աշխատանք հանձնում ու հենց այդ ընթացքում լիքը բան սովորում:) Բայց մեկ է նման տեմպով քննություն հանձնելու տրամաբանությունը չեմ հասկանում ու վերջ: Մագիստրատուրայում գոնե ավելի հեշտ է, քանի որ հանձնում ես մասնագիտական առարկաներ ու հաստատ չի կարող քեզ առարկայի բովանդակությունը լրիվ անծանոթ լինել: Բայց ինչքան գիտեմ հիմա բակալավրում էլ են այս նոր տարբերակին անցնում: Արդյունքում կարող ես երեկվա սովորածդ լավ հիշել քննության ժամանակ, բայց հաստատ չես կարող նյութն ամբողջությամբ քոնը դարձնել անգամ մեծ հետաքրքրության դեպքում: Չէ որ քննությունը ոչ թե գնահատականի, այլ ավելի շատ առարկայի շուրջ գիտելիքները իմի բերելու խնդիր պիտի լուծի, վերջնական ու ամբողջական պատկերացում տա առարկայի նշանակության ու բովանդակության մասին:

Մի դիտարկում էլ. ուղղակի հնարավոր չէ պատկերացնել հիմա դասապրոցեսն ու քննությունների կազմակերպման գործընթացը առանց համակարգչի, համացանցի. էլեկտրոնային գրականության ու էլ-փոստով շփման ու "նյութափոխանակման": Ու նման լարվածության պայմաններում, թե ինչ վտանգավոր փորձություն է քննությունների նման տեմպը աչքերի համար(կամ միգուցե այս առումով իմ ընկալումը խիստ սուբյեկտիվ է), ավելի լավ է լռեմ:

...
    Հա ի դեպ ասեմ, որ ինչքան հասցրել եմ տեղեկանալ տարբեր բուհերում ու ֆակուլտետներում սովորող ընկերներիցս, շատ տեղերում այս նոր համակարգը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում ու հաստատ վերևում գրածներիս շուրջ հետս լիքը կվիճեն, չեն համաձայնի կամ կասեն, որ իրենց մոտ ամեն ինչ շատ վատ է: Դասապրոցեսը վերածվել է ռոբոտացնող տեստերի ու հեշտ գնահատական փախցնելու տարբերակի: Էստեղ նշանակություն ունի նաև մասնագիտության առանձնահատկությունները, կուրսի կազմն ու քանակը: Երևի ուղղակի բախտս բերել է: Քանի որ ընկերներիս մեծամասնությունը այն հարցին, թե իմաստ ուներ մագիստրատուրա ավարտել թե ոչ, պատասխանում են, որ լրիվ անիմաստ էր, կրկնություն, ոչինչ ավելին: Այ էստեղ էլ հենց մոտս ամրապնդվում է այն կարծիքը, որ միջդիսցիպլինար ու կոնկրետ նեղ ուղղություններով մասնագիտացված մագիստրատուրան միայն կարող է իմաստ ունենալ:

Մի քիչ էլ գնահատականների ստացման նոր տարբերակի մասին: Մի քանի օր առաջ իմ կողմից շատ հարգված մի մասնագետ մեզ շատ արագ, պարզ թվաբանությամբ ու հիմնավոր փաստարկներով բացատրեց, թե ինչպես 5 բալանոց գնահատման տարբերակից 20 բալանոցին անցնելը հնարավորություն է տալիս գրեթե կամ ընդհանրապես չսովորող ուսանողին տարբեր բաղադրիչներից նվազագույն միավորներ հավաքելով հաղթահարել  գնահատականի անցողիկ շեմը: Ու արդյունքում դասերին զուտ ներկայություն ապահովելով ու այս կամ այն կերպ 4 բալ պոկելով կարող է փոխադրվել հաջորդ կուրս: Այսինքն էապես իջեցվել են իմացության շեմը, որն անհրաժեշտ է հաջորդ կուրս տեղափոխվելու համար ըստ նախկին ու ներկա պահանջների տոկոսային հարաբերության:

մասնագիտություններ, ԵՊՀ, կրթական խնդիրներ, քնննություններ

Previous post Next post
Up