Sep 29, 2010 11:17
Էս մի 2-3 օր է մեր հասարակական դաշտը մի հիվանդությամբ է տառապում:Այդ հիվանդությունը անուն ունի`Սյուզան Ալեն Նան: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մրցակցության մեջ են մտել ու պատրաստ են ամեն ինչի, միայն թե Ջորջ Մեյսոնի համալսարանից այս տիկինը իրենց մոտ էլ ելույթ ունենա: Զբաղվում է "conflict resolution"-ով: Տիկինը ԱՄՆ-ից եկել հասել է այստեղ, որ բացատրի, որ ..."գիտեք ադրբեջանցիներն էլ են մարդ արարած ու եթե դուք ասենք միևնույն սուպն եք սիրում, ուրեմն դա արդեն հիմք է "տրանսֆորմացիոն տարածությունում" հաշտեցման եզրեր գտնելու: Հետո սկսում է համոզել, որ կոնֆլիկտի առարկան մեր սուբյեկտիվ ընկալումն է, ու որ մենք մեզ հետ կոնֆլիկտող կողմի մասին կարծարատիպեր ունենք ոչ այն պատճառով, որ որոշակի վերաբերմունքի համար պատճառներ ունենք, այլ որովհետև մենք ադրբեջանցիներին չենք ճանաչում: Մենք պետք է փոխենք մեր գիտակցական ընկալումները(գիտակցություն ասելով նկատի ունի մեր էմոցիոնալ պատկերացումները, ցանկությունները, մտածմունքները, իրերի ընկալումները) ադրբեջանցիների մասին, հասկանանք, թե ինչպես են իրականությունը նրանք պատկերացնում, ընդունենք, որ նրանց կարծրատիպերից որոշները մեր մասին ճիշտ են:
Ու այսպիսի անկրկնելի մտքեր:Ու անգամ այն բանից հետ, երբ տիկնոջը ստիպում ես խոստովանել, որ իր ասածները ընդամենը տեսություն են այն էլ իդեալիստական ու հատկապես էթնիկ կոնֆլիկտների լուծման համար ոչ շատ օգտակար, հիշեցնում ես ադրբեջանցիների կողմից պետականորեն տարվող հակակահայկական քարոզչության, հայերին ապամարդկայնացնելու, հայ մշակույթը ոչնչացնելու կամ յուրացնելու մասին,նա ամերիկյան ժպիտը դեմքին քեզ հիշեցնում է, որ դու պիտի հավատաս քո հնարավորություններին ու սկսես փոքրիկ քայլերից:
Ու քանի որ ես սիրում են նման սիրուն գաղափարներ այսօրվանից ես կսկսեմ հավատալ, որ հեսա փոխելու եմ Ադրբեջանի սանձարձակ հակահայկական քարոզչությունը: Վայ կներեք, մոռացել էի, որ գիտակցությունս փոխելու համար նախ պիտի սկսեմ նրանից, որ գնահատականներ չտամ իսկ հակահայկականը...անգամ քարոչությունը...արդեն գնահատականներ են:
Ճիշտ ասած ես չեմ կարծում,որ այդ տիկինը իր ասածներին հավատում է..դե գոնե այն աստիճան, ինչ աստիճան ներկայացնում է:Չէ ես նաև չեմ հերքում, որ սոցիալական ինչ-որ կանֆլիկտի լուծման դեպքում նման մեխանիզմները միգուցե կարող են աշխատել,ասենք այն պարագայում, երբ մեր վեճի օբյեկտը գրիչն է կամ ավտոմեքենան: (Ի դեպ ինչքան հարց տվեցի, տիկինը բացի նման կենցաղային օբյեկտների շուրջ զրույց ծավալելուց, , ուրիշ օրինակ չբերեց:)Զուտ տեսական կամ մեթոդաբանական առումով կարելի է այն քննարկել:Բայց ես ահավոր բարկանում եմ, երբ, կներեք արտահայտությմանս, ինձ փորձում են էշի տեղ դնել կամ մթության մեջ մուրացողներիս լուսավորել, թե ինչպես բարեկամանանք ադրբեջանցիների հետ:Ընդ որում միանգամից երևում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառներից ու խնդիրներից նա շատ քիչ է տեղյակ:
Բայց դե պատրաստ է լուծել մեր խնդիրները....
Իրականում չեմ էլ զարմանում, որ այդ կինը եկել հասել է այստեղ նման փաստարկներով մեզ համոզելու համար: Ամերիկացի գիտնականները մեր երկրի նման երկրներում կամ նման հեքիաթներ են պատմում կամ էլ պատմում, թե ինչ հումանիստ նպատակներով Ամերիկան ասենք մտավ Իրաք: Ու ոչ այն պատճառով, որ նման պարզունակ տարբերակներ են տեսնում կոնֆլիկտների կամ քաղաքական խնդիրների լուծման համար, այլ որովհետև պետք է դերասանությամբ ու գեղեցիկ փաթեթավորված տափակ գաղափարներով ու անիմաստ գծագրերով մեզ հիմարեցնել:
Բայց մեկ է ամենաշատը բարկանում են նրանից, որ մեզ մոտ իրար հերթ չեն տալիս այդ տիկնոջը հրավիրելու ու ամբիոն տալու համար:
....
էս վերջերս մեր "փորձագիտական" շրջանակներում մոդա է դարձել իրար վիրավորելը, ձեռ առնելը.հենց մեկի հետ ոչ ֆորմալ պայմաններում խոսում ես, դաշտում գործող մյուս բոլորին կմտցնի ցեխը, կհանի: Բայց հենց դրսից մեկը գալիս է, քննադատական մոտեցումը վերանում է.նա պրոֆեսոր է ԱՄՆ-ից, նա հետաքրքիր մեթոդական մոտեցում ունի, օ նա նոր տեսակետ է առաջարկում և նման այլ բաներ են հնչում ու ոչինչ որ իրականում ոչ մի նոր բան կամ օգտակար բան չի էլ ասում:
քարոզչություն,
հայ-ադբեջանական հակամարտություն,
կոնֆլիկտներ