գ. Սոլակ, Մայրավանք. պապենական գյուղիս վանքը շարունակում է մնալ կիսավեր...

Nov 13, 2017 23:59

գ. Սոլակ, Մայրավանք.





Մայրավանքը ներառվել է առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը լռում է, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է նախատեսվում կատարել Մայրավանքում, և երբ են սկսվելու այդ աշխատանքները:

Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

Սոլակ գյուղի մոտ գտնվող Մայրավանք Սբ. Աստվածածին եկեղեցի հասնելու համար սկսնակ արշավականից պահանջվում է մոտ 2 ժամ: Ահա այստեղից է սկսվում դեպի հուշարձան բարձրացող ճանապարհը:



Մայրավանքը ժայռի վրա է, և դրան հասնելու համար պետք է երկար քայլել հիմնականում ապառաժների, տեղ-տեղ էլ հողի վրայով:





Ճանապարհին ամենից հաճախ հանդիպող ծառը եղևնին է, որը հավանաբար ավելի հեշտ է աճում քարքարոտ տեղանքում:



Իսկ այս ծառերն ամենայն հավանականությամբ մարդն է հրկիզել:



Ճանապարհին կտրած ծառեր էլ հանդիպեցին: Կոճղերի թարմությունից երևում է, որ ծառերը վաղուց են կտրել:



Ժայռն ի վեր բարձրացող ճանապարհի շատ մասերում զգացվում է անձրևից հետո թարմ խոտի և կատվադաղձի հոտը: Ճանապարհի ողջ ընթացքում աչքի զարնող սակավաթիվ բուսատեսակներից ժայռի վրա ամենատարածվածը հենց կատվադաղձն է:



Հեռվում նշմարում է Մայրավանքը, որին հասնելու համար, սակայն, դեռ երկար պետք է քայլել:



Հուշարձանը 7-րդ դարում հիմնադրել է Հովհանն Մայրավանեցին (Մայրագոմեցի): Մայրավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում:





Հուշարձանն այժմ կիսավեր է:



Մայրավանքը գմբեթավոր եկեղեցի է:



Եկեղեցու շուրջը թափված են ժամանակին կառույցի մաս կազմած քարերն ու զարդաքանդակները:



Մայրավանքի խաչքարերից:





Մայրավանքը հարուստ չէ արձանագրություններով:





Եկեղեցու միակ դռնով ներս մտնելուց հետո ակնհայտ է դառնում, որ պակաս անմխիթար ու անխնամ չէ նաև հուշարձանի ներսը:





Եկեղեցու ներսում դեռ պահպանված է Հայկական ՍՍՀ պետշին Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության ցուցանակը, որը խոստանում է օրենքով պատժել հուշարձանը «փչացնողներին»:











Մայրավանքից հետդարձն ավելի կարճ է տևում: Հուշարձանն ավելի ու ավելի փոքր է երևում, կողքին տեղադրված տաղավարն ու խորոված պատրաստելու հարմարանքը՝ նույնպես:



Մայրավանքի բարձունքից երևում է ողջ Սոլակ գյուղը:



Previous post Next post
Up