Ժամանակին արդեն նահատակված [RBA] հանդեսի համար շարք էի անում` ինչ-որ մասնագիտությամբ աշխատող սովորական դեմքերի օրագրերը իրանց աշխատանքի մասին: Դեպքերն ու մարդիկ իսկական են, մի քիչ խմբագՇարքը տևեց երկու նյութ: Մեկը դասախոսի մասին էր:
Ես նպատակ չունեմ դասախոսի ֆորմալ կերպար ստեղծել` կոստյումով, փոխկապով, թղթապանակը ձեռքին, կիրթ հայերենով խոսացող: Իմ կարծիքով, դասախոսը, հատկապես հայ գրականության, պիտի ունենա մի հատ շատ կարևոր առաքելություն` ուսանողներին ստիպի սիրել գրականությունը: Միջոցները կարող են տարբեր լինել` ընդհուպ մինչև իրենց հետ իրենց լեզվով խոսալը:
Ար****կ, 29 տարեկան, հայ գրականության դասախոս, աշխատանքային փորձը` 8 տարի
Վարդենիսում մի հատ մասնավոր բուհից կանչեցին հայգրակից լեկցիա կարդալու: Ամբողջ գիշեր չեմ քնել, պատրաստվել եմ դասին: Երևի չկա աշխարհում ավելի պատրաստված մարդ, քան դասախոսը` առաջին դասի ժամանակ: Էդ օրը ինքը` այսինքն ես, ուժեղ էի ցանկացած ակադեմիկոսից: Ահավոր հուզված էի: Երեխեքը հենց ինչ-որ բանի վրա խնդում էին, թվում էր` իմ վրա են ծիծաղում: Շատ բարդ էր: Բայց ամենախոխմը էն էր, որ ուսանողների մեջ մի հատ աղջիկ կար ինձանից մի տարի մեծ էր` իրար հետ դպրոցում էինք սովորել: Հիմա էլ ես եկել էի իրան դաս էի տալիս:
Վարդենիս, սեպտեմբեր, 2001
Առաջին սեմինար, էն էլ` թարսի պես արտգրակից: Անտիկ շրջանն էինք անցնում, հանձնարարել էի “Իլիականն” ու “Ոդիսականը”: Էսօր եկան պատմելու: Ես էլ դեռ չեմ կարդացել… Մի հատ աղջիկ եկավ, սկսեց պատմել` լսարանում ամենաուշադիրը ես էի լսում, մեկ էլ հանկարծ լռեց: Հարցրեցի` ինչ ա պատահել, ասեց` “Գիտե՞ք, էս մի դրվագը մոռացել եմ, որ հուշեք` անմիջապես կշարունակեմ”: Կանգնեցի փաստի առաջ: Բարեբախտաբար, հենց էս վերջերս համալսարանում գրականության մեթոդիկա էինք անցնում ու մի հատ լավ հնարք էին սովորեցրել էն դեպքերի համար, երբ դասախոսը թեմային չի տիրապետում: Դիմեցի լսարանին` “Երեխաներ, ո՞վ կարող է հուշել Հասմիկին”: Հուշեցին ու ամեն ինչ իրա տեղն ընկավ: Մոտակա ժամանակներս պետք ա կարդել Հոմերոսին:
Վարդենիս, հոկտեմբեր, 2001
Էսօր առաջին օրս էր Երևանում: Մի քիչ ավել լարված էի, քան Վարդենիսում, վախում էի, որ կսկսեն ձեռ առնել: Դասամիջոցին դուրս եկա միջանցք, մեկ էլ ինչ-որ տղերք` մտածել էին` նոր ուսանող եմ, եկան բա` “Ախպերս, ո՞ր կուրս ես”:
Սեպտեմբեր, 2004
Առաջին օրը, երբ որ կուրսի հետ ես ծանոթանում, պիտի ինչ-որ ջերմ կոնտակտ ստեղծվի, թե չէ հետո բարդություններ կառաջանան: Դե, գոնե ինչ-որ “հի-հի-հա-հա” անեն, սթափվեն: Դրա համար նոր մեթոդ եմ մշակել: Էսօր, օրինակ, նոր կուրս էր, դե պիտի ծանոթանանք` անուններն եմ հարցնում: Մեկը ասում ա Վարդիկ, մյուսը Մարիկ, Արմինե և այլն: Ու հենց մեկը ասեց` Հասմիկ, ասեցի` “Վա~յ, տատուս անունն ա”: Կուրսը սկսեց ծիծաղալ` կոնտակտը կա: Արժի մյուսների վրա էլ փորձարկել:
Սեպտեմբեր, 2004
Պրոբլեմի առաջ կանգնեցի` պարզվեց կուրսում Հասմիկ չկա: Հասկացա, որ մթնոլորտը լարված ա, կոնտակտ չկա, պետք էր մի բան անել: Զարմացած հարցրեցի` “էս ձեր կուրսում Հասմիկ չկա՞”: Ասեցին` “Հասմիկ ի՞նչ եք անում”, ես էլ ազնվորեն ասեցի, որ տատուս անունն ա: Էլի մի քիչ հռհռացին ու մենք իրար հասկացանք:
Սեպտեմբեր, 2004
Կուրսերում հազիվ մի երեք-չորս տղա լինի, որոնց ինսուն տոկոսը սովորաբար մենակ առաջին մի քանի դասին ա ներկա լինում: Նրանք էլ, ովքեր չեն կորում` պատմություն են: Կուրսերիցս մեկում մի հատ չկայացած պոետի եմ ռաստ եկել, Անդո վերնագրով: Երեկ պատմում էր, թե ոնց ա ինքը երեկոներով գնում Կասկադում բանաստեծղություններ արարում: Մի երկու բան տվեց կարդալու` խնդալու էր: Բայց ասեցի, որ ինքը կարգին պոետ ա: Ոգևորվեց, ասեց` “Հա, ես մեծ պոետ եմ, հենց հիմա կարող եմ վեր կանալ ու բանաստեղծություններ ասել, էքսպրոմտով”: Ու ասեց`“Դու ճեղքեցիր իմ հոգին” ու նման բաներ: Էնքան ա վստահ իրա մեծության վրա, որ էսօր կուրսի աղջիկների կեսին արդեն բանաստեղծություններ էր նվիրել: Սպասում եմ զարգացումներին:
Հոկտեմբեր, 2004
Մի քանի օր առաջ ուսանողուհիներից մեկին գիրք էի տվել կարդալու: Էսօր առավոտը վերադարձրեց` բոլոր էջերի արանքում ձնծաղիկ լցրած:
Հունվար, 2005
Ուսանողի սերը դեպի դասախոսը ողբերգական բան ունի իրա մեջ: Էդ երեխեքը երբեկ չեն կարող հավատալ, որ դասախոսն էլ իրանց կսիրի: Ամեն կերպ փորձում են թաքցնել իրանց զգացմունքները: Ոչ միշտ, իհարկե… Բայց դրա մեջ մի լավ բան կա, որը կարելի ա օգտագործել հենց իրանց օգտի համար: Դե, երբ որ սիրահարված են, ամեն կերպ փորձում են ինձ դուր գալ: Ես էլ աշխատում եմ դրանով ուղղորդել իրանց դեպի լավը` ասում եմ` որ գրքերը կարդան, ինչ ներկայացման գնան և այլն: Երեկ դասի վերջում ասեցի “Երեխեք, էսօր երեկոյան “Մալենան” են ցուց տալու, անպայման նայեք, լավ ֆիլմ ա”: Էսօր դասի կեսը անցավ “Մալենայի” քննարկումների մեջ:
Մարտ, 2005
Անդոն էլի ակտիվացել ա: Արդեն հավատում ա, որ ինքը հաճար ա, ես էլ որոշեցի իրավիճակը շտկել: Ասեցի, մի խոսքով, Անդո ջան, ավելի լավ ա ուրիշ բանով զբաղվի: Էս` “բա չէ, ես ամիսը 50 հազարով պոեզիա եմ պարապում!”
Ապրիլ, 2005
Անդոն էսօր եկավ ու իրանից գոհ ասեց` “Իմ դասատուն մի քանի օրից պիտի իմ գրվածքները տպել տա”: Հարցրեցի` “էդ ո՞վ ա էդ խփնվածը”, ասեց` Իգնատ Մամյանը: Ու բռնվա~վ: “Ցավդ տանեմ”, ասեցի, “Իգնատ Մամյանը վեց ամիս առաջ մեռել ա”: Ասեց` չէ, ես իրա մոտ պարապում եմ: Ասեցի` “Դե լավ, ուրեմն Իգնատ Մամյանին բարևներս կփոխանցես”:
Մայիս, 2005
Էսօր առաջին կուրսում դաս էի կարդում, երկրորդ կուրսից մի հատ աղջիկ էր հետները նստել: Դե, տեսավ, որ իրա անցած տարվա անցած առարկան ա, կողքի աղջկան, ասեց որ չգրի` մեկ ա ինքը ունի: Հետո համեմատեցին` պարզվեց ոչ մի բառ չի կրկնվում, չնայած նույն թեման էր: Ես ընդհանրապես նույն բանը չեմ կարող պատմել, ամեն ինչ կախված ա լսարանից: Դասախոսելը` արվեստ ա:
Նոյեմբեր, 2006
Որոշել եմ ուսանողներիս հետ ամեն շաբաթ գնամ որևէ թանգարան, թող զարգանան: Սկսեցինք էսօր` Թումանյանի տուն-թանգարանից: Էքսկուրսիան սկսվեց, տիկինը ոգևորված պատմում ա մեծ վարպետի կյանքի մասին ու նայում ա ինձ: Ես էլ ասեցի` “երեխեքին պատմեք, ես գիտեմ”: Սա ինչ-որ թարս նայեց վրաս մեկ էլ մնաց-մնաց, ասեց` “ուզու՞մ ես ասեմ` դու էստեղ ում ես սիրահարված”: Զարմացա, հարցրեցի “ինչի՞”: Ասեց բա` “Նոր ես եկել էս կուրս, ուզում ես քեզ ցույց տաս, թե ինչքան շատ բան գիտես”: Գժվեցի, ասեցի, որ ես իրանց դասախոսն եմ, էս կինը թե բա` “կյանքդ մի պատմի”: Երեխեքը երևի հույս ունեին իմանալ` ում եմ սիրահարված, բայց էդ թեման էլ չքննարկվեց:
Մարտ, 2007
Դասախոսը սովորաբար ավելի փակ ա լինում ուսանողների համար, ինչ-որ իդեալական պատկերով: Ասենք, սրճարանում որ տեսնեն սովորական, մարդկային վիճակում, կզարմանան: Էսօր դասերից հետո ուզում էի համալսարանի կողքի խանութից պեռաժկի առնեի ուտելով գնայի կանգառ, Սմբոն` ընկերս, ասեց` “Դիմացի մի քիչ, թե չէ ուսանողներդ կտեսնեն, ու իրանց իդեալական պատկերացումը քո մասին կկոտրվի”:
Ապրիլ, 2007
Էս անգամ Չարենցի հերթն էր: Մտանք թանգարան, պիտի տոմսերը առնենք: Թանգարաններում ձև կա` եթե ուսանողների կամ աշակերտների խումբ ա գալիս, դասախոսի մուտքը անվճար ա: Էս տոմսավաճառը հարցնում ա` ո՞վ ա ձեր խմբի ղեկավարը, ասում եմ` ես եմ, դասախոսն եմ: Նայեց վրաս, ճպացրեց, ասեց` “Տոմսը վերցրու, հերիք հեքիաթներ պատմես”: Ասում եմ` “բայց ես իրոք իրանց դասախոսն եմ”, էլ ուշադրություն չդարձրեց, ենթադրեց, որ կայֆավատ եմ լինում:
Մայիս, 2007
Գնացինք Երվանդ Քոչարի տուն-թանգարան: Տոմսավաճառը ասեց` “Դուք նու՞յնպես ուսանող եք”, ասեցի` “Այո”:
Մարտ, 2007
Էսօր աղջիկներս հարցրեցին` խստացե՞լ եմ, թե չէ: Ես էլ ինչ-որ հոգնած էի ու լեզվիցս թռցրի, որ սիրուն աղջիկներին երեք չեմ նշանակում: Մեկ էլ տեսնեմ մի ամբողջ համայնք ոռնաց “Ո՞~նց թե”: Նախորդ քննությանը երեք ստացողներն էին: Ստացվեց, որ անուղակիորեն ասեցի, որ իրանք տգեղ են:
Հունվար, 2008
Գնացի դասախոսության, երեխեքից մեկը հարցրեց` “Ո՞նց եք առանց թղթի գալիս դասի, ո՞նց եք էդքան բան հիշում”: Ասեցի` “Ես չեմ հիշում, ես գիտեմ”: Հետո պարզվեց, որ իրանց մնացած դասախոսները գալիս են, լեկցիան դնում են սեղանին, մատով կարդում են:
Փետրվար, 2008
Քննությունները սկսվեցին: Մի հատ Ռուզան կա կուրսումս` էն երեք ստացողներից ա: Սիրուն աղջիկ չի, բայց էն օրվա պռապուսկատիցս հետո փայլուն կերպով պատրաստվել էր, հինգ դրեցի ու ասեցի` “Ռուզան, դու սիրունացել ես”:
Մայիս, 2008
Տենց կուրս չկա, որ ես մեկին չսիրահարվեմ: Եղել ա, որ մի քանի հոգու: Էդ շատ կարևոր ա, որովհետև լսարանում պիտի որևէ մեկը լինի, որի համար գնաս դասի: Մի խոսքով, էս անգամ սովորականից մի քիչ ավելի լուրջ ստացվեց… Էդ աղջկան (անունը չեմ գրի, մարդ ես` մեկի ձեռը ընկնի, իրան ուղղակի կխփեն) ես սիրահարվեցի առաջին հայացքից: Դեռ ընդունելության հարցերով երբ որ եկել էր համալսարան, ես էնտեղ էի ու հենց էդ պահից ինքը ինձ տարավ… Ինքը ինձ վերադարձրեց իմ ջահելությունը: Մի քանի օր առաջ տեսա, որ գնում ա գրադարան: Սոված էի, բայց դրա ժամանակը չէր` երկու ժամ ծառի տակ կանգնած ծխում էի, սպասում էի, որ դուրս գար: Գնացի հետևից…
Փետրվար, 2009
Ես մի հատ վարկած ունեմ` ընթերցանությունը ու կրթվելն ընդհանրապես մարդուն գեղեկցացնում եմ: Իհարկե, ուսանողուհիներիս դրա մասին ասել եմ (դե, որ մի քիչ շատ կարդան): Մեր համալսարանում էլ մի հատ ահավոր գեշ կին-դասախոս կա, բայց դե ահավոր կարդացած դեմք ա: Էս աղջիկներից մեկը մնաց, դասի ժամանակ ասեց, բա ինչի՞ ա ինքը էդքան գեշ: Ասեցի` պատկերացնում ե՞ք, եթե էդքան կարդացած չլիներ, ինչ ահավոր տգեղ կլիներ:
Մարտ, 2009
Էսօր չդիմացա, մոտեցա, խոստովանեցի… Պարզվեց` ընկեր ունի: Բայց չասեց` չէ…
Ապրիլ, 2009
Էսօր կյանքիս ամենադժբախտ օրն էր: Մի հատ տեսության հետ եմ ծանոթեց: Ըստ դրա, գիրքը համադրական երևույթ ա, ոչ միայն տեքստի կամ կերպարի, այլև ընթերցողի ընկալման հետ կապված: Եթե գիրքը կարդացել ես ութերորդ դասարանում, դու ուրիշ ձև ես ընկալել, տասերորդում` ուրիշ ձև, հաջորդ օրը, լրիվ ուրիշ և այլն: Իսկ ցանկացած գիրք` էդ բոլոր ընկալումների ամբողջությունն ա: Երբեք չես կարող էնպես ընթերցել, որ ներառես էդ բոլոր ընկալումները: Դրա պատճառով, փաստացի մարդ չի գիրք չի կարդում:
Ապրիլ, 2009