2 рассказа-воспоминания

Nov 04, 2009 14:50

            - Վա~յ, ես չեմ կերել սրանից, - ասաց ավագ քույրիկս, - մենակ կինոներում եմ տեսել:

- Սպասեք դանակ բերեմ, տեսնենք` ինչ ենք անում սրա հետ, - ասաց մայրիկս, գնալով խոհանոց:

Ես ու քույրիկներս շրջափակեցինք սեղանը, որին հանգրվանել էր տարօրինակ պտուղը: Իսկ հայրիկը նայեց ու ասաց.

- Երեխեք, իսկ գիտե՞ք անանաս հայերեն ոնց ա:

- Անանաս, էլ ո՞նց պիտի լինի, - զարմացավ քույրիկս:

- Արքայանխնձոր, - հայտարարեց հայրիկս:

- Ինչ հիմար անուն են կպցրել, - նկատեց քույրիկս, - հեչ էլ նման չի խնձորի:

Արքայախնձորն իսկապես նման չէր խնձորի: Բայց, գրողը տանի, ի~նչ համով էր այդ պահին…

Ֆրունզիկ

Ինձ ռազմական առաջադրանք էր տրվել` գնալ հացի: Դա նշանակում էր քրքրված կանաչավուն գույնի տալոնով գնալ Արթուր ձայի խանութ, մի քանի ժամ հերթ կանգնել, հանձնել գումարն ու տալոնը Վարդուշին կամ Մանուշին, վերցնել մեկ կամ երկու օրվա հասանելիք բուխանկաները ու վերադառնալ տուն:

Օրն աստիճաբար մթնում էր, մոտակա մի քանի բակերի բնակիչները հավաքված խանութի շրջակայքում սպասում էին իրենց հերթին: Ես անհանգիստ էի, քանի որ հացի մինչ այդ երբեկ չէի գնացել, իսկ Վարդուշի ու Մանուշի մասին միայն վատ բաներ էի լսել: Մոտավորապես քարասուն րոպե հետո ես արդեն խանութի մեջ էի: Մի քանի մետր ինձանից առաջ լսվում էր ինչ-որ հաճախորդ կնոջ ու Վարդուշի զրույցը: Կինո փորձում էր ինչ-որ բան բացատրել խիստ ռուսերեն ակցենտով.

- Кнерек, иск чек карох дзеров чбрнек хацы?

- Այ կնիկ, ի՞նչ ես ուզում ինձանից, բուխանկետ վերցրա գնա էլի, մարդիկ սպասում են, - զայրացավ վաճառողուհին:

- Ахр, да антисантирия э…

- Ինչ ես գլուխս ցավացնում, ու~ֆ, առավոտվանից ստեղ եմ, - չէր համոզվում Վարդուշը:

- Тем более, - նկատեց կինը, ինչին ստացավ շատ ծավալուն պատասխան.

- Տյամբլը-մյամբլը բան չգիտեմ, էս քեզ հացտ` գնա:

Մինչ Վարդուշն ազատվում էր գլխացավաց կնոջից, ինձանից առաջ կանգնած երկու տղամարդիկ քննարկում էին քաղաքի վերջին լուրերը:

- Ֆրունզիկի մասին լսե՞լ ես, - հարցրեց նրանցից մեկը մյուսին:

- Չէ, ի՞նչ ա պատահել, - հետաքրքրվեց մյուսը:

- Մի քիչ առաջ ասեցին… Մահացել ա, - հոգոց հանելով պատասխանեց առաջին տղամարդը:

- Վա~յ…

- Ամա~ն, - լսվեց քիչ այն կողմ կանգնած կնոջ ձայնը:

- Բա երեխե՞ն ինչ կլինի, - ասաց մյուսը:

Լուրը տարածվեց ողջ խանութով, ապա հասավ դրսում կանգնած մարդկանց: Ինչն էր իրենց այդքան հետաքրքրել` ես չհասկացա: Ինձ համար ավելի կարևոր էր առանց միջադեպերի ստանալ հացը և գնալ տուն տաքանալ:

Ես տուն մտա ուրախ տրամադրությամբ, քանի որ խանութում ինձ տվել էին երեք օրվա հաց: Բայց մի քանի թարմ, դեռ տաք բուխանկաները մերոնց շատ չերջանկացրին` նրանք արդեն իմացել էին Ֆրունզիկի մահվան մասին:

фрунзик, ананас, детство

Previous post Next post
Up