30ք

Dec 28, 2016 15:51



Արդեն մի քանի ամիս էր, ինչ ուզում էի գետինը մտնել: Բայց պատճառը բնավ ամոթը չէր, ինչպես սովորաբար պատահում է գետինը մտնողների հետ: Պատճառը երևանյան գաղջ կյանքի ժանգոտ, բայց դեռ իրարից պոկ չեկած երկաթգծերի վրայով անողոքաբար սլացող հսկա շոգեքարշն էր՝ ահասարսուռ երեսնամյակս: Անխուսափելի երեսունքս: Տոմսս դեպի կյանքի կեսը անկապ բրնձած բիձեքի ակումբը, որտեղից ելք չկա: Շոգեքարշը պատրաստվում էր գալ ու քշել վրայովս, լղել ինձ երկաթուղուն ու նույնիսկ խուտուտ չգալ:
Եվ ահա, այդ օրը եկավ, և ես վերջապես մտա գետինը, բառացիորեն: Մետրո նստեցի: Ինչպես հաճախ պատահում էր մենակ եղածս ժամանակ, սկսեցի ներսից ինքս ինձ ուտել: Ինքս ինձ բողոքել կյանքիցս, ինքս ինձ հիշեցնել բաց թողած հնարավորություններս, ինքս սեփական աչքս մտցնել սխալ որոշումներս ու ջահել ժամանակ որդեգրած, բայց երեսունին հասած ու դավաճանված երազանքներս: Եվ այդ ամենն ընդամենը «Բարեկամության» շարժասանդուղքի կեսին էլ չհասած: Վարի կգնայի, եթե մի կերպ չշեղեի ինքնակեր մտքերս:
Հիշեցի, որ տնից դուրս գալուց հետս վերցրել էի նախորդ գիշեր գրասեղանի դարակից պատահականորեն պեղված հին, շատ հին կես գիգնոց մպ3-ձայնարկիչը: Պեղել գցել էի ծոցագրպանս: Ոչ էլ ստուգել էի՝ վրան ինչ կա, բայց լիցքավորումը կհերիքեր մի երկու երգ լսել՝ հենց էնքան, ինչքան պետք էր Սիրահարների այգի հասնելու համար: Ականջներումս տեղավորեցի ականջակալը, գտա ճիշտ կոճակը: Հետաքրքիր էր՝ որքա՞ն էի ամաչելու ուսանողական թվերի փլեյլիսթիցս: Սեղմեցի… Ինչ-որ անհարմար, ժամանակի հետ մեռած էշություն, արագ ֆորվարդ արեցի: Հմմմ… Էդքան էլ ահավոր չի, բայց չէ: Մի հատ էլ առաջ… Օ, աստվածնե՜ր, հին ու նո՜ր: Փշաքաղվեցի: Որովհետև սիրած երգերն արդեն գոյություն ունեցող ժամանակի մեքենաներն են, որոնք հետո որքան էլ անցնի տանելու են լսողին էն օրերը, երբ ինքը կպած հենց դա էր լսում: Լարեցի հիշողությունս՝ որքա՞ն էր անցել: Ահ, գրողը տանի, հենց էդքան՝ տասներեք տարի: Տասնյոթ տարեկան էի: Դառնում: Էդ օրը: Ու էդ երգն էր, որ… աաա:

***
2000 թվականին այդքան գովազդած և ստրատրոփ սպասված աշխարհի վերջը խաբեց ու չեկավ, փոխարենը բարդ, բայց աշխույժ ու վառ 90-ականներից հետո Հայոց լեռնաշխարհում տիրեց լոքշը: Այո, սկսվում էր լոքշի հազարամյակը: Դա այն ժամանակն էր, երբ ամենուր ու ամեն տեղ մոխրագույնի բոլոր հնարավոր երանգներն էին, զանգվածները ոչ սև էին, ոչ կանաչ, ոչ կարմիր` մոխրագույն, մոխրագույն, մոխրագույն: Մոխրագույնը սպիտակ նիվեքով շրջում էր քաղաքի մոխրագույն ասֆալտի վրա, քոքում էր մոխրագույն ռաբիզ, ոտքերի կարմիր չարոխներով ավելի ընդգծում իր մոխրագույն էությունը, կլանում վարդագույն քաղաքի մնացած բոլոր գույները: Համենայնդեպս, ընկճախտոտ ջահելիս ամեն ինչ էդպես էր երևում: Համոզված էի, որ ամբողջ աշխարհը իմ դեմ է ելել: Որ մոխրագույններն իրենց երանգներով խորտակում էին իմ նման ուրիշներին (իսկ ես այն ժամանակ վստահ էի, որ շատ ուրիշն եմ, հետո հասկացա, որ չէ): Ու ամեն անգամ համալսարան գնալուց ու էնտեղից դուրս գալուց ես ականջներիս մեջ ռոք էի քոքում, որով ինքս ինձ համար ևս մեկ անգամ շեշտում էի իմ ուրիշությունը: Փլեյերը գնել էի էսօրվա համար անհավանական գնով՝ 70 քանի հազար, մի տարի փող հավաքելուց հետո: Ու մեջը լցրել էի ինչ ասես (ավելի ճիշտ` որքան տեղավորվել էր)՝ ռուսներից ու Մեսչյանից սկսած, մինչև Զեփ ու Ֆլոյդ: Բայց էդ քանի օրը բացահայտել էի ինձ համար Ռեդ Հոթ Չիլի Փեփերներին: Խոսքերի մեջ շատ չէի խորանում, բայց, օ աստվածներ, էդ ի՜նչ դրայվ ունեն դրանք: Էլ ուրիշ ոչինչ պետք չէր:
Եվ, ուրեմն, իմ ոչ շատ ուրախ ծննդյան օրվա ցերեկոյան պիկ ժամին դուրս եմ պրծնում համալսարանից և մտնում մետրո: Շարժասանդուղքի վրա տեղավորվում եմ ամբոխի մեջ ու ականջակալիս մեջ միացնում Ռեդ Հոթների նախավերջին ալբոմը: Շուրջս թարս հայացքներ են կուտակվում, քանի որ գժական ռոքը դուրս է թափվում ականջակալիցս և հասնում մի քանի մետր շառավող կանգնած մոխրագույններին: «Բա մի քիչ նորմալ մյուզիք լսեք», - մտքումս ասում եմ ես ու ձայնը հասցնում վերջին խազին:
Արդեն գնացքում եմ: «Հաջորդ կայարանը` Հանրապետության հրապարակ», - երևի ժանգոտ սովետական բարձրախոսից ասում էր դրանից մի քսան տարի առաջ ձայնագրած կնոջ ձայնը, բայց ես այդ պահին բոլորովին այլ ձայներ եմ լսում: Այնքան եմ խրվել, որ չեմ կարողանում ուղղակի կանգնած լսել ու ձև անել, թե հետս ոչինչ չի կատարվում: Ու ինքնաբերաբար սկսում եմ օդային կիթառ նվագել: Իսկ քանի որ ես մի տարուց ավել էր, ինչ գնում էի կիթառի դասերի, ապա նույնիսկ Երևանի մետրոպոլիտենի վագոնում պիկ ժամին կանգնած փորձում էի օդային կիթառը նվագել լրիվ օրենքներով: Տըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմ-տԸդըմ, տըդը-դԸմ-տըդը-դըդը-դԸմ… Զգում եմ ինձ Վուդսթոքում` հազարավոր թույն դեմքերի համար ռոքնռոլ խզարելիս: Մեկ էլ պատահաբար աչքերս բացեմ, տեսնեմ դիմացի ձողին հենված էդ աղջիկը՝ երկար սև մազերով ու Լենոնի կլոր սև ակնոցը աչքերին: Նայում է ինձ: Ու նույնպես նվագում է: Նույնպես օդային: Բայց հարվածայիններ: Բերանս ինքնաբերաբար ճռռալով բացվում է, իսկ ձեռքերս շարունակում են նվագել երևակայական օդային կիթառը: Իսկ ինքը՝ հարվածել: Հետո սկսում է անգիր երգել՝ էլի օդային, միայն շուրթերով: Ես` առանց այդ էլ ցխկված, ավելի եմ ապշում` Հայաստանում Ամերիկայի վիզա ստանալուց հետո աշխարհի ամենադժվար բանը միաժամանակ հարվածային նվագելն ու երգելն է: Choose not the life of imitation… Հիպնոսացած միանում եմ երկվոկալին՝ չմոռանալով նվագել: Music the great communicator use two sticks to make it in the nature…
Հավատս չի գալիս… Ever wonder if it’s all for you… Որ համատարած լոքշի էդ թագավորությունում ես իմ բարձր միացրած Ռեդ Հոթներով հայտնվեցի մետրոյի էն վագոնում, որտեղ երթևեկում էր նաև հարվածային հարվածող էդ հրաշքը: Նույնիսկ առաջին համբույրիս ժամանակ միասնության նման զգացողություն չէի ունեցել:
Բայց էնքան եմ խառնվում իրար, որ մի պահ շփոթում եմ խոսքերն ու կիթառովս ֆալշ եմ անում: Էդ պահին գնացքը կանգնում է ու հիասթափված հարվածուհին հազիվ նկատելի ճոճում է գլուխը ու դուրս գալիս: Ես չեմ հասցնում ոչինչ անել, դռները փակվում են, գնացքը գնում է գրողի ծոցը: Ծեփվում եմ դռներին, բայց արդեն ուշ է՝ Լենոնի ակնոցը հայացքով ճանապարհում է ինձ: Նյարդայնացած սպասում եմ, երբ կհասնի հաջորդ կայարանին: Հենց այն դեպքն է, երբ երկու րոպեն տևում են երկու անվերջություն: Մարդկանց աջուձախ հրելով՝ դուրս եմ վազում: Նստում եմ դիմացի գծով եկող գնացքը: Վերադառնում եմ Հանրապետության հրապարակ: Լենոնի ակնոցը այնտեղ է, սպասում է: Յեա~հ: Հազիվ տեսանելի ժպտում է: Համարյա չի ժպտում: Բայց էն մի քիչ ժպիտը կարծես ասի՝ «Լավ ա եկար»: Շնչակտուր մոտենում եմ: Բայց չեմ ուզում շատ մոտիկ գալ, որ չչքվի ու ցնդի, վախենում եմ: Բայց ճար չունեմ` պիտի էնքան մոտիկ լինեմ, որ ականջակալիս միջից լսի երգը ու նվագակցի: Կանգնում եմ մի քանի քայլ հեռավորության վրա: Նրա կազմվածքը հաճելիորեն ընդգծող բարակ սև շապիկի վրայից ինձ թախծոտ հայացքով նայում է դրանից մի քանի տարի առաջ սեփական ուղեղը մի կրակոցով ցխած Քըրթ Քոբեյնը և կարծես ասում` «Հույս չունենաս, կյանքը ցավ է»: Բայց չեմ հանձնվում: Նայում եմ ակնոցի կլոր սև անթափանց ապակիներին, ինքը՝ ակնոցի տակից՝ իմ շփոթված դեմքին ու գզգզված խուճուճներիս: Ձեռքս տանում եմ գրպանս և սեղմում «փլեյ»՝ երբ նախորդ կայարանում բաժանվեցինք, ես «պաուզա» էի արել, որովհետև չէի կարող լսել առանց նրա: Ten more reasons why I need somebody new just like you… Վերցնում եմ կիթառս ու նվագում էն գժական սոլոն, որի ժամանակ հոլովակում Քիդիսը Ֆրուսչանտեի վրա վարդագույն պենոպլաստ է լցնում: Խը-զա-րում եմ: Ակնոցի տակ ժպիտը դառնում է ավելի լայն` գոհ է: Բայց հոպ, ինչու՞ չի նվագում: Սկսում եմ անհանգստանալ: Բարեբախտաբար, վայրկյան անց նա պարզում է հիպիական կտորե ապարանջաններով զարդարծված ձեռքը, նուրբ մատներով աջ ականջս ազատում ականջակալից և տեղադրում այն իր՝ երեք օղով զարդարված ձախ ականջի (մի հրաշալի՜ ականջ) մեջ: Ու սկսում օդային հարվածներ հասցնել:
Կողքից երևի լրիվ դեբիլների տպավորություն էինք թողնում՝ երկու ջագի ուսանող մի ականջակալով երգ են լսում ու իրանց ռոք-խմբի տեղ դնում, բայց, հե՜յ, մե՞զ ինչ:
Կես ժամ հետո քայլում ենք Վերնիսաժով, հավես հին վինիլներ փնտրում (չնայած ոչ մեկս փող չունի, իհարկե, բոմժ մեռնում ենք), ու ես ոգևորված պատմում եմ իմ տեսությունը Տիեզերքի ստեղծման մասին, որը վաղուց էի մշակել, բայց լսող չունեի: Տեսությունը հետևյալն է. մի օր Աստված լոքշ լռված է լինում իր ամպերի մեջ ու ձանձրույթը հաղթահարելու համար ստեղծում է առաջին էլեկտրակիթառը: Հետո վերցնում ու աստվածային սոլո է խզարում: Որից տեղի է ունենում բիգ-բենգը ու ոչնչից պայթում գոյանում է մեր տիեզերքը: Ու քանի որ Աստված պապիկը բարի էր, որոշում է փոխանցել իր աստվածային ունակությունները մարդկանցից ամենաարժանին: Հազարամյակներ սպասելուց հետո նա վերջապես տեսնում է Դևիդ Գիլմորին: Ու փոխանցում է նրան իր ուժը: Ու հիմա ամեն անգամ, երբ Դևիդը կատարում է High Hopes-ի սոլոն, ինչ-որ տեղ, հեռու դատարկություններում նոր բիգ-բենգ է տեղի ունենում ու նոր տիեզերք ծնվում:
Լենոնի ակնոցը բարձր գնահատական է տալիս իմ երևակայությանը, միայն նշում, որ իրեն ավելի տիեզերածին է թվում Գիլմորի սոլոն Time-ում, որից հետո էսպես մի տեսակ ոնց որ իմիջիայլոց, ասում, որ երբ լսում է Ֆրուսչանտեի նվագը, ուզում է հայտնվել վերջինիս կիթառի տեղում: Ես կուլ եմ տալիս ու մտքումս ինքս ինձ խոստանում կրկնապակտել կիթառի պարապմունքներս:
Հետո 100 դրամանոց շատ վատ որակի սառը սուրճ ենք խմում բորդյուրին նստած ու խոսում Լենոնենց մասին: Ի՞նքն էր ավելի կարևոր, թե՞ Փոլը (իրականում` Ջորջը), Սինտիա՞ն էր լավը, թե՞ Յոկոն, բան, էս կողմ էն կողմ: Ասում եմ, որ էս վերջերս կարծիքս փոխել եմ Յոկոյի մասին: Դրանից առաջ ես, բոլորի պես, վստահ էի, որ բիթլները ցրվեցին այդ` ավանդական տեսանկյունից ոչ շատ գեղեցիկ ճապոնուհու պատճառով, որ նա խաբել է աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկին, իրենով արել Ջոնին, խլել նրան խեղճ Սինտիայից` փառքի սեփական կտորը վաստակելու համար: Բայց ահա մի երկու օր առաջ` Լենոնի ետբիթլզյան ձայնագրությունները լսելիս հանկարծ հասկացել էի, որ Ջոնը մեծ մարդ էր ու երևի մի բան գիտեր, երբ կյանքը կապում էր այդ կնոջ հետ: Ու եթե դու պաշտում ես Ջոնին, բարի եղիր հարգել նրա ընտրությունը` ասեցի այն ժամանակ ինքս ինձ: Ու վերջապես, կարելի է արդեն հասկանալ, որ էդ անտեր սերը չի հարցնում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ ազգություն: Հիմա ենթադրում եմ, որ էդ մտքի հետ էլ մեծացա ու միանգամից փոխվեցի: Մոտավորապես էդ բառերով էլ ասեցի: Լենոնի ակնոցը մի քիչ հեգնական ժպտալով նկատեց, թե բա՝ լավ ա ֆայմեցիր վերջապես: Կարծես ճանաչում էր ինձ ամբողջ կյանքս, ուղղակի սպասում էր՝ երբ էի մեծանալու, որ հետս օդային ռոք համերգ տա:
Ասեց` գնա՞նք «Ջինսնոց»: Բա գնա՜նք: «Ջինսնոցում» կիսադատարկ էր, ծխած էր ու կարգին երաժշտություն: Մեկական գարեջուր վերցրեցինք: Գարեջուր շատ չէի սիրում էդ ժամանակ, բայց պետք էր խմել:
Գովեց կիթառային հմտություններս: Ասացի, որ ուզում եմ խումբ հավաքել, ակնարկեցի, որ լավ կլիներ լավ հարվածային ունենալը: Ասեց` «շատ երազանքների գիրկը մի ընկի»: Բացատրեց, որ հարվածային նվագելը սովորել է ձեռի հետ հավեսի համար ու չի պատրաստվում երաժիշտ դառնալ: Էլի ինչ-որ բաներ խոսեցինք, գարեջրի կեսից բարմենից երկու հատ սիգարետ մուֆթեցինք ու ծխեցինք: Պատմեցի, որ էսօր ծնունդս է: Ուրախացավ, ժպտաց, սեղանի մյուս կողմից իր ձեռքով գրկեց իմ ձեռքը, ինչ-որ լավ բառեր ասաց: Երբ հնչեց Սիսթեմի ամենալավ երգը` ինքնաարդարացված ինքնասպանության մասին (հենց այն է, ինչ ուզում ես լսել տասնյոթամյակիդ օրը, իհարկե), ասաց, որ Ամերիկայում ծանոթներ ունեցող ծանոթներից լսել է, որ էս ամառ պատրաստվում են գալ Երևան, բայց եթե գոնե հազար հոգի հանդիսատես հավաքվի: Ասեցի` հա բա ոնց, չէ մի չէ` «Մետալիկայի» ձեռը բռնած: Երբ «Ջինսնոցի» ծուխն արդեն անտանելի դարձավ, քայլեցինք դեպի Ժուռնալիստների տուն, որտեղ ինչ-որ լավ տեղական համերգ էր սպասվում, ոնց որ թե «Ոստան Հայոցի» կիթառահարը վերադարձել էր խոպանից ու մի քանի տարի ընդմիջումից հետո նորից հին կազմով էին ելույթ ունենալու:
Բայց Ժուռնալիստների տան բուրգի մոտ հավաքված էին ոչ միայն Հայաստանի ականավոր ջագիները: Այնտեղ էր լռված նաև Լենոնի ակնոցի մեծ եղբայրը մի քանի ընկերների հետ` բոլորը քյարթ համայնքի կարկառուն ներկայացուցիչներ: Եվ իմ հեքիաթային ծննդյան օրը ավարտվեց աշխարհի ամենաչքնաղ օդային հարվածայինի անտանելի պարզունակ ընտանեկան դրամայով: Մունաթ, ձեռքից բռնել քաշել, գոռգոռոցներ, քֆուր քյաֆար, ջագիների նկատմամբ ատելության կոչեր, իմ խառնվել (իսկ ես երբեք մեծ խիզախությամբ աչքի չեմ ընկել), խփոցի, ճիչեր: Իդեալական աշխարհում ես հերոսաբար մի երկու հարված կհասցնեի մեծ ախպորը, մյուս ջագիները կվնասազերծեին ախպոր ընկերներին ու մենք՝ Լենոնի ակնոցի հետ` ադրենալինով լիցքավորված, կփախչեինք գրողի ծոցը ու մեր հագեցած համատեղ երեկոն կվերածվեր նման մի գիշերվա: Քանի որ գիշերները հիմնականում ստեղծված են նրա համար, որպեսզի մենք ասենք այն, ինչ չենք կարող ասել ցերեկները: Բայց ոչ, ամեն ինչ վերջացավ հենց էդտեղ, Ժուռնալիստների տան բուրգի ստորոտում: Քոբեյնը նրա շապիկի վրայից հայացքով ասում էր` «Բա որ ասում էի՞»: Ես նոկաուտված ընկած եմ գետնին, իսկ Լենոնի ակնոցը` եղբոր սպիտակ «Նիվայով» սլանում է հեռուներ: «Դե ծնունդդ շնորհավոր, լուզեռ», - մտքումս շնորհավորում եմ ինքս ինձ:

***
- Բա հետո՞, էլ բան չեղա՞վ, - զարմանքով հարցրեց Միկան, երբ Սիրահարների այգու «Աչաջուրի» փայտե սեղանի մոտ կաթով ամերիկանո էինք խմում:
Առաջին անգամ էս տասներեք տարվա մեջ որոշեցի պատմել այդ օրվա մասին որևէ մեկին: Զոհը Միկան էր, որը դրանից առաջ համաձայնվել էր հետս ծննդյան օրվա լանչ կիսել: Հիմա հասել էինք հետլանչային սրճախմությանը: Ես ճնշված պատասխանեցի, որ հետո չեղավ ընդհանրապես ոչ մի բան` ոչ Լենոնի ակնոցին նորից տեսա, ոչ ռոք խումբ հավաքեցի, ոչ նորմալ մասնագիտություն ունեցա, ոչ գործ ճարեցի, ոչ էլ կյանքից մի բան հասկացա: Ես նույն անանուն աղյուսն եմ` նույն պատի մեջ: Իսկ կյանքի կեսը հենց էսօր եկավ ու անցավ, դրա մաման: Ճիշտ է, երկրորդը կեսը դեռ առջևում է, բայց չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ մարդավարի չեմ օգտագործել ամենակարևոր տարիները, որ ոչ ոք ինձ չասեց, որ արդեն վազելու ժամանակն է, ու ես բաց եմ թողել մրցավազքի սկիզբը ու մնացել տեղումս: Միկան որոշեց դուխ տալ:
- Ապե, նախ, ահագին բան քո կյանքում ֆսյոժե արել ես, - պնդեց նա, - երկրորդն էլ` սաղս էլ մի օր դառնում ենք երեսուն տարեկան: Եթե դու, իհարկե, Ջիմի Հենդրիքսը կամ Ջենիս Ջոփլինը կամ Քոբեյնը կամ գոնե Էմի Ոայնհաուսը չես, որը դու միանշանակ չես: Եվ, վերջապես, երրորդը` ես, որպես հինգերորդ տասնամյակից ոչ շատ հեռու գտնվող երևանաբնակ տղամարդ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` կյանքը երեսունից հետո նոր սկսվում ա: Եթե իմ օրինակը դուրտ չի գալիս, նայի Տիկոյին:
Տիկոն քառասունմեկ էր, առույգ էր, կայտառ, երջանիկ, ուշադրություն չէր դարձնում իր կիսաճաղատության վրա ու մնացած մազերը երկարացնում մինչև պոչիկ, նորմալ գործ ուներ, գինի էր խմում և ամբողջ, առանց չափազանցության, ամբողջ ազատ ժամանակը նվիրում աղջիկ կապելուն: Եվ մշտապես ցուցաբերում էր նախանձելի բարձր և ստաբիլ արդյունքներ:
- Չնայած չէ, Տիկոյին մի նայի, ինքը դուրս ա ժամանակից ու տարածությունից ու մեր համար սովորական չափման միավորներով չի չափվում, - ավելացրեց Միկան մի փոքր ընդմիջումից հետո: - Դե բայց մեկ ա, մի հուսահատվի: Մի քիչ սպասի ու տես ոնց ա կյանքդ թևակոխում նոր վիճակ:
Ես նկատեցի, որ կյանքը ոչ թե թևակոխում ա, այլ կոնկրետ կոխած ա պահում:
Ծիծաղեցինք, սուրճով չխկացրեցինք` ևս մեկ անգամ երեսունքս շնորհավորելու նպատակով, ուրիշ լավ մարդիկ միացան (ոմանք նույնպես երեսունից ահագին անցած, բայց ոչինչ, շնչող-արտաշնչող): Լանչս սովորական մի ժամի փոխարեն տևեց երկուս ու կեսը: Բավական ուրախացած ու համարյա համակերպված նորից քայլեցի դեպի մետրոն, որ հասնեմ իմ գրասենյակային պլանկտոնությանը: Էլի միացրեցի հուշածին ձայնարկիչը: Դեռ չէր նստել: Էլի սկսվեց` Տըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմ-տԸդըմ, Ֆրուսչանտեն կիթառի հետ անում է այն, ինչ ժամանակից ու տարածությունից դուրս Տիկոն պատրաստվում է էսօր անել էն արգենտինահայ կամավորուհու հետ: Նախանձում եմ Տիկոյի հավեսին ու ինքս ինձ ժպտում: Իդեալական աշխարհում (կամ շատ վատ ֆիլմում) հենց ժպտալուս պահին մետրոյի մուտքի մոտ կտեսնեի Լենոնի ակնոցին: Երևի ահագին փոխված, գուցե նույնիսկ առանց ակնոցի, բայց հենց ինքը կլիներ ու ես իրան կճանաչեի նույնիսկ տասներեք տարի հետո: Բայց չէ, ոչ մի էդպիսի բան չեղավ: Ես անցա առաջ ու շարունակեցի ընկճվել անիմստ անցկացրած երեք տասնամյակների համար: Գուցե գնամ հայրական տան խորդանոցից պեղեմ հանեմ փոշու մեջ կորած կիթա՞ռս: Ամեն ինչ թողնեմ ու խու՞մբ հավաքեմ: Կամ վերսկսեմ գրե՞լ, ուսանող ժամանակ պատմվածքներ… Մե՜հ… Վաղը առավոտը պիտի հաշվետվություն հանձնեմ:

վերջ

Նվիրվում է 2000-ականների լոքշը վերապրածներին

Հունիս 2016
Previous post
Up