Jul 31, 2010 03:51
“Ոսկե ծիրանի” օրերին, հետեւելով, թե ինչպես է կառավարությունը հոգատար թխսի պես իր թեւի տակ առել փառատոնը, անհնար էր չհիշել Վլադիմիր Իլյիչի հայտնի խոսքը՝ “Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարեւորը կինոն է”։ Սովետական նորաստեղծ պետությունը որպես սոցիալիստական պրոպագանդայի գործիք՝ նախապատվությունը տվեց արվեստի այդ ճյուղին ոչ այն պատճառով, որ այն իր պես նոր էր, այլ որովհետեւ ճիշտ գնահատեց կինոյի՝ ժողովրդական լայն զանգվածների վրա ազդելու կարողությունը։ Դա չփրկեց արվեստի մյուս ճյուղերն ու գրականությունը հետագա քաղաքականացումից, եւ շուտով արգելքի տակ հայտնվեցին ոչ միայն այն ստեղծագործություններն ու դրանց հեղինակները, որոնք գաղափարական անհամաձայնություն ունեին իշխող գաղափարախոսության հետ կամ քննադատական դիրք էին գրավում դրա նկատմամբ, այլեւ նրանք, որ այս կամ այն կերպ չէին ծառայում այդ գաղափարախոսությանը։ Խորհրդային Միության փլուզումից եւ գրաքննության վերացումից հետո արվեստը սկսեց ագահորեն հագեցնել ազատության՝ տասնամյակների ընթացքում կուտակված ծարավը, բայց կինոն հայտնվեց խիստ անշահեկան վիճակում։ Նորանկախ Հայաստանը չուներ կինոարտադրությանը համապատասխան բյուջե եւ գաղափարախոսություն, որն ունենար պրոպագանդման կարիք. սպեկուլյացիայի կիրքն իր մեջ ճնշած յուրաքանչյուր հայ սրտի մի անկյունում փայփայել էր ազատականության երազանքը՝ միջինից փոքր կամ միջինից խոշոր սեփական բիզնեսի տեսքով։
կինո