«Հաղթանակի գենեզիս». մտքիդ մեջ ապրել շարունակող ներկայացումը

Feb 03, 2019 23:03



Ներկայացում, որ թատրոնի դռներից հետդ դուրս է գալիս, հետդ քայլում փողոցում, գալիս տուն, տեղավորվում մտքերիդ մեջ ու շարունակում ապրել քեզ հետ: Դու հարստանում ես ներկայացումով, օրվա մեջ ինչ-որ դրվագ ես հիշում ռեժիսորի ստեղծած իրականությունից, վերապրում ես այն, մարսում ու վստահաբար զգում, որ ներկայացումը քո մասին էր ու քեզ համար...

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հունվարի 28-ից ցուցադրվում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրած նոր` «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը: Ներկայացումը վավերագրական (դոկումենտալ) թատրոնի ժանրով է, այսինքն, ներկայացման մեջ ընդգրկված դերասանները (Վարշամ Գևորգյան, Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան) պատմում են իրական, տվյալ դեպքում` իրենց պատմությունները:

Ներկայացման երեք հերոսները պատմում են իրենց հիշողությունները միևնույն իրադարձությունների` ԽՍՀՄ-ի փլուզման, Հայաստանի անկախացման և Արցախյան շարժման ու պատերազմի մասին: Միևնույն տարիքի երեք մարդիկ, որ նկարագարված իրադարձությունների տարիներին երեխաներ են եղել` ապրելով մեկն Արցախում, մյուսը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում, իսկ երրորդը` մայրաքաղաք Երևանում, տարբեր հիշողություններ, արկածներ ու ապրումներ ունեն նույն ժամանակահատվածի ու նույն ժամանակ կատարվող իրադարձությունների մասին:

Նրանց երեքին միավորում է մանկությանն ուղղված ջինջ հայացքն ու պատերազմի սարսափների մեջ մանկական ուրախություններ փնտրելն ու գտնելը, սրտակեղեք իրադարձությունները բարի ծիծաղով ու թերթևությամբ պատմելու կարողությունը...

Բեմադրության հերոսներին ու հանդիսատեսին կապում է կարոտը. մոմի լույսը, 90-ականների վառարանն ու պլեճը, դժվարություններով միավորված ու ուժեղ լինելու զգացումը ծանոթ է Հայաստանի մի քանի սերունդներին: Ու թերևս հենց դրա շնորհիվ է, որ բեմում դերասանների խաղը խաղ չի թվում, դու քեզ նրանցից մեկն ես զգում ու թվում է, թե հենց դու ես բեմին ու դու ես պատմում քո ապրումներն ու հուշերը...

Սովորական թվացող պատմությունները վարպետորեն բեմադրված լինելու շնորհիվ բեմին թատրոն են դառնում` բառի ամենադրական` հանդիսատեսի հետ խոսելու, իմաստով: Թատրոն, որ չի մնում բեմին, այլ գալիս, տեղավորվում է մտքերիդ մեջ ու սրտումդ ու շարունակում է ապրել քեզ հետ:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, Նարինե Գրիգորյան, Համազգային թատրոն

Previous post
Up