ՀԹԳՄ-ի վերջին ներկայացումները` Դերասանի տանը. ներկայացումներին կհաջորդեն քննարկումներ

Sep 12, 2013 09:47

Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. սեպտեմբերի 10-26-ը կներկայացնի Դերասանի տան բեմում իրականացված վերջին շրջանի մի քանի ներկայացումների ցուցադրություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀԹԳՄ տարածած մամուլի հաղորդագրությունից: Յուրաքանչյուր ներկայացումից հետո կանցկացվեն քննարկումներ` թատերագետների, դերասանների, բեմադրիչների, ինչպես նաև, ցանկության դեպքում, հանդիսականի մասնակցությամբ:
Միջոցառումը կբացի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ՀՀ վաստ. արտիստ Մուրադ Ջանիբեկյանը: Դերասանը կներկայացնի «Խոստովանություն» մոնոդրաման /ըստ Միշել դը Գելդերոդի/, որի համար նա այս տարի ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանն արժանացավ «Վահրամ Փափազյան» հատուկ մրցանակին: Ներկայացումը այս ամռանը մասնակցեց նաև Կիևի «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնին` արժանանալով «Լավագույն տղամարդ դերասան» մրցանակին:
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Ձեզ եմ դիմում» /ըստ Զ.Սուրմելյանի/ և «Հնագույն մասնագիտություն» /ըստ Թ.Պապաշվիլու/ մոնոներկայացումները: «Ձեզ եմ դիմումը» այս տարի նույնպես մասնակցեց «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային փառատոնին` ստանալով գլխավոր մրցանակը: Կներկայացվեն նաև տարբեր տարիներին «Արմմոնո» փառատոնում աչքի ընկած մի շարք մոնոներկայացումներ, մասնավորապես` Նորա Բադալյանի /«Մարիա Ստյուարտ» ըստ Շիլլերի/, Անահիտ Մութաֆյանի /«Բարև» ըստ Ա. Մութաֆյանի, բեմադրիչ Ռ.Մուրադյան/, Մարիամ Ղազանչյանի /«Ջուլիետ» ըստ Վ.Շեքսպիրի, բեմադրիչ Կ. Բալյան/, Ագնեսա Շահնազարյանի /«Պենելոպե» ըստ Կ. Խոդիկյանի, բեմադրիչ Վ. Շահվերդյան/ աշխատանքները: Չեն անտեսվել նաև առավել աչքի ընկած երիտասարդական ներկայացումներից մի քանիսը` «Մահը թակում է դուռը» /ըստ Վ. Ալենի, բեմադրիչ Լիլիթ Մելիքյան/, «Չեմ բողոքում» /ըստ Դ.Ֆոյի և Ֆ.Ռամեի, բեմադրիչ Մարիամ Սարյան/, «Կոմիտասի տասը պատվիրանները» /հեղինակ և բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյան/: Դիտումները կեզրափակի Արթուր Կարապետյանի /«Յագո» ըստ Վ.Շեքսպիրի/ մոնոներկայացումը: Նշենք, որ մուտքը ներկայացումներին ազատ է:



Հայաստանի թատերական գործիչների միությունում կայացած ասուլիսին մասնակցում Էին. ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը, ՀԹԳՄ քարտուղար Լևոն Մութաֆյանը, դերասան Արմեն Մարգարյանը, ՀՀ վաստ. արտիստ Մուրադ Ջանիբեկյանը :

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
10 - «Խոստովանություն» ըստ Միշել դե Գելդերոդեի
11 - «Մարիա Ստյուարտ» ըստ Շիլլերի
12 - «Բարև» հուզական կոմեդիա ըստ Ա. Մութաֆյանի
13 - «Ջուլիետ» ըստ Վ.Շեքսպիրի
17 - «Ձեզ եմ դիմում» ըստ Զ.Սուրմելյանի
19 - «Մահը թակում է դուռը» ըստ Վ. Ալենի
20 - «Չեմ բողոքում» ինտերակտիվ մոնոներկայացում ըստ Դ. Ֆոյի և Ֆ.Ռամեի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պիեսի
23 - «Կոմիտասի 10-ը պատվիրանները» ըստ Ցոլակ Մլքե-Գալստյանի
24 - «Հնագույն մասնագիտություն» ըստ Թ. Պապաշվիլու
25 - «Պենելոպե» ըստ Կ. Խոդիկյանի
26 - «Յագո» ըստ Վ.Շեքսպիրի

Ներկայացումների սկիզբը` 19:00

ՀԹԳՄ, Հայաստանի թատերական գործիչների միություն

Previous post Next post
Up