Հայ թատրոնի դեգերումները թուրքական տիրապետության տակ

Feb 05, 2013 22:27

Հայ թատրոնը Թուրքիայի մայրաքաղաքում հեռանկար չուներ եւ գոյատեւում էր ներմուծված գաղափարներով ու եվրոպամետ ձեւերով: Անորոշ էր հայության վիճակը: «Ազգային սահմանադրությունն» սկզբից իսկ ֆիկցիա էր, անհող քաղաքական հայտ: Թվում էր, թե ինքնորոշման ինչ-որ ուղի էր բանալու «Օսմանյան սահմանադրությունը» (որի հեղինակներից մեկը դարձյալ Գրիգոր Օտյանն էր), եւ չէր տեսնվում դրա ողբալի հեռանկարը:

Հասունանում էր ռուս-թուրքական պատերազմը, հայությունը հույսը կապում էր Ռուսաստանի հետ, եւ այս մթնոլորտում կար մի ծայրագույնս հոռետես հայացք: Դա լրագրող եւ թատերագիր Հակոբ Պարոնյանն էր, որ բացահայտ հեգնանքով էր նայում կյանքին էլ, թատրոնին էլ, մանավանդ թատրոնին, որ մաշել էր պատմության զգեստները եւ կառչել փոխառված գաղափարներից ու «ալաֆրանկա» ձեւացումներից: Այստեղ կարճատեւ մի աղմուկ են ստեղծում ու խլանում Պետրոս Դուրյանի հապճեպ գրված պաթետիկ-սենտիմենտալ դրամաները, իսկ Պարոնյանի կատակերգությունների մասին չի էլ խոսվում, կարծես դրանք չեն էլ եղել: Այս երկու ծայրահեղություններն անդրադարձնում էին պոլսահայ բեմը տարբեր կողմերից, իսկ քաղաքական հանգամանքներն ինքնին գալիս էին լռեցնելու Պարոնյանին որպես բեմական հեղինակ: Պարոնյանը հեռու է մնում թատրոնից, թատրոնն էլ նրանից:

Թվում է` վիճակը կեղծ է երկուստեք, բայց եթե Պարոնյանի գրականությանը նայենք, կտեսնենք պոլսահայ իրականության ու թատրոնի անհող վիճակը:
1876 թվին հրապարակ բերված «Օսմանյան սահմանադրությունն» ի չիք է դարձվում սուլթան Համիդի ձեռքով, եւ արգելվում են բառեր` «սահմանադրություն», «ազատություն», «հավասարություն», «առաջադիմություն», «եղբայր», «եղբայրություն» եւ այլն: Թուրքիայի պատմության մեջ սկսվում է մի շրջան, որ թուրք պատմաբաններն իսկ անվանում են «զուլում»: 1877-ին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, հայ զորապետ Լորիս-Մելիքովը գրավում է Կարսը, Արդահանը, Ալաշկերտը... «Հայկական հարց»: Եվրոպական տերությունները քննում են «օսմանյան ժառանգության» խնդիրն ընդդեմ Ռուսաստանի առաջխաղացման, եւ հայությունը Թուրքիայի ներսում դիտվում է որպես տերության հիմքերը խարխլող ուժ: Այսպես ահա հասունանում է «զուլումից» էլ վեր մի վիճակ, որի վերջը հայտնի է...

Հայ թատրոնն էպիզոդ է այս պատմության մեջ: Նա այդպիսին է որպես հասարակական հաստատություն: Բայց կենսունակ է մնում հայ դերասանը, որ մի կողմից ձգտում է դեպի արեւելահայ միջավայր, մյուս կողմից ապազգայնանում` ստեղծում թուրք թատրոն եվրոպական հանդերձով: Իսկ «Դուրյանի կրակոտ ու միամիտ խաղերը վերջին աղաղակներն էին հայ հայրենասիրական թատրոնի» (Ա. Չոպանյան):

Հ. Հովհաննիսյան, «Հայ թատրոնի պատմություն 19-րդ դար», Երեւան, 2010, էջ 281-82

հայ թատրոնի պատմություն, հայ թատրոն, Հենրիկ Հովհաննիսյան, Պետրոս Դուրյան, Հակոբ Պարոնյան

Previous post Next post
Up