Nov 06, 2012 22:33
Հենրիկ Հովհաննիսյանը իր «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գրքում գրել է հետաքրքիր ու գունեղ մի դերասանուհու` Սոփիա-Նվարդ Մելիք-Նազարյան (Իզմիրյան) երկար անուն ազգանունով դերասանուհու մասին:
«Մեզ ծանոթ է արդեն օրիորդ Գայանեի երբեմնի ախոյանուհին, անունը շքեղ, ինքը «տաղանդավոր, երեւելի, բայց ավաղ, կարճ միջոցի համար, հազվագյուտ տիկին Մելիք-Նազարյանը»: Նրա դիմանկարը գուցե դուրս մնար մեր փոքրիկ պատկերասրահից, եթե չլիներ այս խոսքը, եթե Սոփիան չդառնար Սունդուկյանի գեղեցկադեմ հերոսուհիների նախատիպը:
Նա իրեն տեղավորել է արվեստում թեթեւ ու անփույթ, լույս տվել առանց այրվելու, չի հանդուրժել ուրիշին եւ այնուամենայնիվ չի թողել, որ դերասանուհու համբավը մի քիչ ավելի մոտենա իր մետաքսափայլ շրջազգեստի ծայրին: Նա խաղացել է հազիվ ութ տարի (1863-71) եւ կարծես ձանձրացել:
Սոփիա Մելիք-Նազարյանը (1843-1904) բնիկ թիֆլիսահայ էր, վրացախոս մոքալաքօ ընտանիքից: Թատրոն է մտել քսանամյա հասակում, տիկին Նվարդ բեմական անունով: Պռոշյանի վկայությունից երեւում է, որ տիկինն, ապրելիս է եղել քաղաքային թատրոնից ոչ հեռու, ունեցել է սպասավոր ոի սպասուհի, եւ նրա հայելազարդ, ընդարձակ հյուրասենյակը հաճախ ծառայել է որպես թատրոնի փորձասենյակ: Տիկինը գաղափար չի ունեցել հայոց գրական լեզվից, իմացել է վրացերեն տառերը, ասեղնագործություն, երգել է քաղաքային-աշուղական երգեր, օրն անց է կացրել ոսկեթել ծաղիկներ հյուսելով կամ հայելու առաջ: Նրա անձին պակասում էր միայն բեմը, եւ թատրոնի մարդիկ ձեռ ու ոտ ընկած դերասանուհի էին փնտրում:
Իզմիրյանի խումբն ուներ երկու դերասանուհի. Սոփիա Շահինյանը, որ խաղում էր կենցաղային փոքր դերեր, գրաճանաչ չէր, դերը սովորում էր արհեստավոր ամուսնու օգնությամբ, գրաճանաչ չէր, դերը սովորում էր արհեստավոր ամուսնու օգնությամբ, եւ Եղիսաբեթ Տեր-Աբրահամյանը` Գայանյան դպրոցի աշակերտուհի: Թատրոնին հերոսուհի էր պետք: Տեր-Գրիգորյանը դիմում է «Թիֆլիսին քաջ հայտնի, հինավուրց աղլուխ ծախող Օսանին» («Խաթաբալադայի» Խամփերու նախատիպը), որը, ինչպես Պռոշյանն է ասում, Սոփիա Մելիք-Նազարյանի մորաքույրն էր: Բանակցել որեւէ կնոջ հետ թատրոն հրավիրելու նպատակով նման էր հարսնախոսության, որ Թիֆլիսում չէր կարող գլուխ տալ առանց միջնորդի: Եւ մի Գրիգորյանին ցույց է տալիս երեւելի տիկնոջը: «Մի օր էլ,-գրում է Պռոշյանը,-բերեց յուր հետ մի բարձրահասակ, ջահել, գեղանի եւ աշխուժալի տիկնոջ եւ ներկայացրեց թատրոնական կոմիտեին: Տիկինը հիանալի հրեշտակային ձայն ուներ, նա մեզ համար մի երկու վրացերեն երգ երգեց եւ սքանչացրեց: Ձայնի հետ գրավիչ էին եւ նրա մաներները, բեմական էր եւ նրա ազատ ու վստահ շարժվածքը: Անմիջապես արտագրվեց մի կանացի դեր հայերեն բառերով եւ վրաց տառերով եւ հանձնվեց տիկնոջը բերանացի սովորելու: Տիկին Աղաբեգյանցն էր գրողը. նա ինքն յուր ամուսնու հետ միասին սիրով հանձն առավ մեր ապագա դերասանուհու կրթությունը: Մյուս օրը տիկին Սոփիա Մելիք-Նազարյանցը ամենալավ գիտեր յուր դերը, թեպետ ոչ մի բառ միջից չէր հասկանում: Վարժության ժամանակ հասկացվեց, որ տիկին Սոփիան բեմական մեծ ձիրք է ունեցել: Առաջին ներկայացումը, ուր տիկին Սոփիան բեմ էր դուրս գալու, «Սանդուխտ» ողբերգությունն էր: «Սանդուխտի» աֆիշում մեծ-մեծ տառերով մենք ավետեցինք ժողովրդին տիկին Նվարդ Մելիք-Նազարյանցի դեբյուտը: «Մեղու Հայաստանին» գրեց. «Բավականին լավ խաղացին դերասանուհի տիկին Նվարդը, որն որ առաջին անգամն էր թատրոնի բեմի վերա, եւ պարոն Չիմիշկյանցը: Ազդեցությունը շատ մեծ էր, չնայելով շատ թերությանցն էլ»: Ալեքսանդր Երիցյանը, որ Պոլսում տեսել էր Արուսյակ Փափազյանի Սանդուխտը, հիանում է նաեւ Սոփիայի խաղով, նրան նույնիսկ վեր դասում Չմշկյանից ու Ամերիկյանից: «Տիկին Նվարդ Մելիք-Նազարյանի խաղը միանգամայն ուրիշ էր,-գրում է նա,-շնորհավորում ենք այսպիսի հաջող կերպիվ հայկական թատրոնի բեմ դուրս գալը, մանավանդ որ բոլորեցունց սպասած հաջողությունից էլ գերազանց գտնվեցավ հենց առաջին անգամը: Չենք կարող ասել, որ դա եւս չուներ պակասություններ<…> ծափահարություններով ընդունվեցավ տիկին Նվարդը Թիֆլիզո հասարակութենից, եւ ճշմարիտն ասել, ապագայում դա շատ առաջադիմություն է խոստանում»:
Սոփիա-Նվարդին է տրվում նաեւ Սոփիա Շահինյանի դերը` Սանդուխտը, կենցաղային դեր «Դալալ Ղաղո» կատակում: «Տիկին Նվարդը այստեղ եւս լավ խաղաց»,-եզրափակում է Երիցյանը:
Դերասանուհու հայերեն վատ իմանալը թերեւս չափազանցված է Պռոշյանի վկայությունում: Իսկ Երիցյանը, թվում է, որոշ չափով կողմնակալ է` զգուշանում է դերասանուհու մասին նույն լեզվով խոսելուց, ինչ Ամերիկյանի մասին: Երիցյանը պիես էր գրում տիկին Սոփիա-Նվարդի համար, որը եթե քննադատվեր, կարող էր առաջին իսկ ելույթից հետո թողնել թատրոնը: Այսուամենայնիվ, Սոփիա-Նվարդը պատահական դերասանուհի չէր: Նրա հանդեպ նույն վերաբերմունքն ուներ Գեւորգ Տեր-Աղեքսանդրյանը: «Խաղացողներեմեն,-ասում է նա,-էս անգամումը մեծ հաջողություն ցույց տվին պարոն Սուքիասյանցը, որն որ Ղաղոն էր, պարոն Մատինյանցը, որն որ Ղաղոյի ծառա Կռոն էր, տիկին Նվարդ Նազարյանցը` Ղաղոյի կնիկը շատ բնական էր էս խաղումը: Շատ սիրուն երգեց սա բարակ ու պարզ ձենով ջանգյուլումը, էնպես գեղեցիկ, որ կարելի է անգամ աննման անվանել»:
…Այնուամենայնիվ, Սոփիային պակասել են իսկական սերն ու անձնվիրությունւ թատրոնի հանդեպ: 1868-69 թատերաշրջանում նրա անունը չենք տեսնում աֆիշներում ու թատերախոսականներում: Հավանաբար դա այն շրջանն է, երբ ամուսնացել էր Գրիգոր Իզմիրյանի հետ: 1870 թվականից նա կրում է տիկին Իզմիրյան անունը եւ դեպքից դեպք է խաղում: Մամուլում տարակուսանք ու դժգոհություն է երեւում»:
Հենրիկ Հովհաննիսյան, «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար», Երեւան, 2010, էջ 264-266, 269
Սոփիա-Նվարդ Մելիք-Նազարյան (Իզմիրյան),
հայ թատրոնի պատմություն,
հայ թատրոն,
Հենրիկ Հովհաննիսյան