Հալալ և հարամ

Feb 11, 2013 23:50





Հալալը (արաբ. حلال՝ թույլատրված, օրինական) իսլամական իրավունքում թույլատրված իրերն ու գործողություններն են: Հալալի օրինակ են հանդիսանում ամուսնությունները, սննդի մեջ ձկան օգտագործումը, շարիաթի օրենքների համաձայն անցկացված առևտրային գործարքի արդյունքում ստացած եկամուտը և այլն:
Մուսուլմանական կենցաղում «հալալ» ասելով սովորաբար հասկանում են կենդանական միսը, որի օգտագործումը չի խախտում իսլամական սննդային արգելքները: Ինչպես արդեն նշվեց, հալալը վերաբերում է մարդկային կյանքի գրեթե բոլոր բնագավառներին. սնունդ, հագուստ, զարդեղեն, կոսմետիկա, անձնական հիգիենա, հանգիստ, ֆինանսական ոլորտ, շրջակա միջավայր, մարդկային հարաբերություններ, ունեցվածքի տնօրինում և այլն:

Հալալը Ղուրանում.

Ինչ վերաբերում է հալալին սննդի տեսանկյունից, ապա Ղուրանում հստակորեն թվարկվում են մթերքի այն տեսակները, որոնց օգտագործումն արգելված է իսլամում: Դրանց վերաբերում են սատկած կենդանու, խոզի, խեղդամահ արված կենդանու միսը:
«Ձեզ արգելված է (ուտել) սատկած կենդանու միսը, արյունը, խոզի միսը, ինչպես նաև այն ամենը, ինչը մորթվել է առանց Ալլահի անունը հիշատակվելու, խեղդամահ արված, փայտերով ծեծված, բարձրությունից ընկնելիս սատկած, եղջյուրներով սպանված, գիշատիչ կենդանու կողմից սպանված կենդանու միսը, (եթե դուք չմորթեք դրանք համաձայն կարգադրությունների), և այն ինչը մորթված է (հեթանոսական) զոհասեղանների վրա:
Ձեզ արգելված է նաև կանխագուշակել ապագան: Այս ամենը անպարկեշտություն է: Իսկ եթե (ձեզանից) որևէ մեկը սովից տանջվելով, այլ ոչ թե մեղքին հակված լինելով հարկադրված լինի (ուտել արգելվածը), (ներում կստանա) Ալլահից, չէ՞ որ նա ներողամիտ է և գթասիրտ» (5:3):

Հարամ
Իսլամական իրավունքում հարամ (արաբ. حرام՝ մեղսագործ) են կոչվում արգելված իրերն ու արարքները: Այս բոլոր արգելքները հիմնված են իսլամական սկզբնաղբյուրներից ելնող պարզ և անվիճելի ապացույցների վրա: Այս ապացույցներն են հանդիսանում Ղուրանի այաթները և հադիսները (մութավաթիր և ահադ): Սակայն ահադ-հադիսների տվյալները չեն հանդիսանում անվիճելի ապացույցներ դավանաբանական հարցերում: Բայց կարող են օգուտ տալ իրավական հարցերի լուծման մեջ: Հանաֆիական մազհաբում արգելքի վերաբերյալ բոլոր ապացույցները դուրս են բերվում միայն Ղուրանի այաթների անվիճելի տվյալների, մութավաթիր-հադիսների և մաշհուր-հադիսների հիման վրա: Այս մազհաբում արգելող ֆետվաները չեն տրվում ահադ-հադիսների հիման վրա, քանի որ վերջիններիս մեջ կարող են առկա լինել կասկածի տարրեր: Իսկ կասկածելիի հիման վրա նման ֆետվաներ արգելվում է տալ, քանի որ Ղուրանում ասվում է «Ձեր շուրթերով մի արտաբերեք սուտը՝ պնդելով, որ այս թույլատրելի է և այն արգելված է և իզուր մի հիշատակեք Ալլահին, այլապես չեք ստանա բարեհաճություն Նրա կողմից» (16:116):

Արգելքը կարող է արտահայտված լինել հետևյալ կերպով.

1. Բառացիորեն. «Ձեզ արգելված է (ուտել) սատկած կենդանու միսը, արյունը, խոզի միսը, ինչպես նաև այն ամենը, ինչը մորթվել է առանց Ալլահի անունը հիշատակվելու, խեղդամահ արված, փայտերով ծեծված, բարձրությունից ընկնելիս սատկած, եղջյուրներով սպանված, գիշատիչ կենդանու կողմից սպանված կենդանու միսը, (եթե դուք չմորթեք դրանք համաձայն կարգադրություններին), և այն ինչը մորթված է (հեթանոսական) զոհասեղանների վրա:
Ձեզ արգելված է նաև կանխագուշակել ապագան: Այս ամենը անպարկեշտություն է: Իսկ եթե (ձեզանից) որևէ մեկը սովից տանջվելով, այլ ոչ թե մեղքին հակված լինելով հարկադրված լինի (ուտել արգելվածը), (ներում կստանա) Ալլահից, չէ՞ որ նա ներողամիտ է և գթասիրտ» (5:3):

2. Թույլատրվածի մերժմամբ. «Այսուհետ քեզ չի թույլատրվում նոր կանանց վերցնել, ինչպես նաև փոխել նախկիններին այլոց հետ, եթե նույնիսկ հիացած ես նրանց գեղեցկությամբ, բացի անազատներից» (33:52):

3. Կարգադրությամբ վերապահվել ինչ-որ բանից. «Խուսափեք անհավատարմությունից (շնանալուց), քանի որ այն մաղձ է և գարշելի ուղի» (17:32):

4. Որևէ գործողությունների արգելմամբ. «Օ դուք, ովքեր դավանեցիք: Արբեցնող ըմպելիքը, մայսիրը, քարե զոհասեղանների վրա արված զոհաբերությունները և սլաքներով գուշակությունները շայտանի կողմից ներշնչված գործողություններ են» (5:90):

Հարամը լինում է երկու տիպի.

ա. Հարամ բիզաթիհի (حرام بذاته). Սրանք ըստ էության արգելված իրերն ու արարքներն են. Շնանալը, սպանությունը, գողությունը և այլն
բ. Հարամ լիղեյրիհի (حرام لغيره). Մեղքին բերող արարքները կամ իրերն են: Օրինակ արգելված է նայել կնոջ մարմնի բաց մասերին, քանի որ դա կարող է բերել անհավատարմությանը (շնանալուն), որն էլ, ըստ էության, մեղք է հանդիսանում: Արգելվում է զբաղվել վաշխառությամբ:

Թարգմանեց՝ Ն. Գաբրիելյանը

Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь
                        Петрушевский И. - Ислам в Иране
                        Հովհաննիսյան Ն. - Արաբական երկրների պատմություն, հատոր I

Հալալ և հարամ

Previous post Next post
Up