Ռաս աս-Սանա կամ Հիջրայի օր

Nov 15, 2012 20:58





Այսօր՝ Մուհարրամ (محرم) ամսվա առաջին օրը, ողջ աշխարհի մուսուլմանները  նշում են նոր տարին՝ «Ռաս աս-Սանան» (رأس السنة՝ բառացիորեն «տարվա գլուխ»): Այն նաև կոչվում է «Հիջրայի օր»: Մուսուլմանական օրացույցի թվագրությունը սկսվում է 622 թվականից, երբ Մուհամմադը հիջրա կատարեց: Այսպիսով, 2012 թվականի նոյեմբերի 15-ը Հիջրայի օրացույցով 1434 թվականի Մուհարրամ ամսվա առաջին օրն է:
Մուհամմադը,  Մեքքայում միաստվածություն քարոզելով, ցեղակիցներին բարեպաշտ կյանք վարելու և պատվիրաններին հետևելու կոչ անելով,  Ալլահի հզորության մասին խոսելով, զայրացրեց Մեքքայի վերնախավին, որը դավադրություն կազմակերպեց նրա դեմ: Մուհամմադի կողմնակիցները համոզեցին նրան տեղափոխվել Մադինա: 622 թվականին նա լքեց Մեքքան և հաստատվեց Մադինայում, որտեղ էլ ստեղծվեց մուսուլմանական առաջին համայնքը՝ ումման:

Մուհարրամ ամիսը համարվում է այն չորս ամիսներից մեկը, որոնց ժամանակ Ալլահը արգելում է ցանկացած բախում, կոնֆլիկտ և արյան վրեժ: Ղուրանում ասվում է, որ այս ամիսը պետք է անցկացնել ապաշխարելով և Աստծուն ծառայելով: Մուսուլմանները հավատում են, որ ինչպես մարդը անցկացնի Մուհարրամ ամիսը, այդպիսին էլ կլինեն առաջիկա տարվա մյուս ամիսները:

Ռաս աս-Սանան աշխարհիկ ընկալմամբ տոն չի համարվում. այդ օրը ընդունված չէ ուրախանալ և խնջույքներ կազմակերպել: Մուսուլմանի համար այս տոնը օր է, երբ բոլոր բարի գործերը կրկնապատկվում են՝ հնարավորություն տալով հավատացյալին Ահեղ դատաստանի օրը կշեռքի նժարը ուղղել դեպի բարին: Նոր տարվա առաջին օրը հավատացյալները այցելում են մզկիթ և լսում են քարոզ, որը նվիրված է Մուհամմադի՝ Մադինա տեղափոխվելուն: Նրանք այդ օրը անցկացնում են աղոթքների և մտորումների մեջ՝ մերձավորներին նվերներ մատուցելով և կարիքավորներին ողորմություն բաժանելով, ինչպես նաև ընդունված է պահք պահել:

Մուհամմադը Մուհարրամ ամիսը նշել է որպես Ռամադանից հետո պահք պահելու լավագույն ամիս: Նրա խոսքերով այդ ամսում մեկ օրվա պահքը հավասար կլինի 30 պահքի: Մուսուլմանները ձգտում են հետևել Մուհամմադի պատգամներին: Պահքը սկսվում է արևածագից և տևում է մինչև մութն ընկնելը: Այդ ընթացքում հավատացյալները պետք է հրաժարվեն սնունդ ընդունելուց, ջուր,  ինչպես նաև այլ ըմպելիքներ խմելուց, ծխելուց, լողանալուց և ցանկացած այլ զբաղմունքից, որը կշեղի բարեպաշտությունից: Մայրամուտից հետո պահքը ավարտվում է, սակայն պետք է ցուցաբերել զսպվածություն ամեն ինչում:

Այսպիսով, Ռաս աս-Սանայի ժամանակ հավատացյալները մաքրվում են և ողջ նոր տարին պատրաստվում են անցկացնել բարեպաշտության մեջ՝ բարի գործեր կատարելով:

Թարգմանեց՝ Ն. Գաբրիելյանը

Ռաս աս-Սանա կամ Հիջրայի օր

Previous post Next post
Up