![](http://ic.pics.livejournal.com/armislam/50518415/113151/113151_600.jpg)
Մուսուլմանները Հոլանդիայում են հայտնվել 19-րդ դարի վերջերից, սակայն մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը նրանց թիվը շատ փոքր է եղել: Մուսուլմանների զանգվածային գաղթ է տեղի ունեցել 1960-ական թվականներից, երբ Հոլանդիան եվրոպական մյուս երկրների նման էժան աշխատուժի կարիք ուներ: Տասնյակ հազարավոր թուրք և մարոկկացի աշխատավորներ ժամանեցին Նիդեռլանդներ` արդյունաբերական ոլորտում աշխատելու համար: 1975թ.-ին Հոլանդիայի նախկին գաղութ Սուրինամի անկախացումից հետո 300 հազար սուրինամցիներ ներգաղթեցին, որոնց մոտ 10%-ը մուսուլման էր: 1980-ականների վերջին մուսուլմանների թվաքանակը համալրվեց Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի փախստականների հաշվին: 2000-ական թվականներին Հոլանդիա էին ժամանում հիմնականում իրաքցի, իրանցի, աֆղանցի և սոմալեցի փախստականներ: Արդեն 2004թ. Նիդեռլանդներում մուսուլմանների թիվը կազմում էր մոտ 944 հազար, սակայն վերջին տարիներին այդ թիվը որոշ չափով նվազել է և 2006թ.-ին արդեն կազմել է 837հազար, որը կապված է ներգաղթի և ինտեգրացիայի վերաբերյալ նոր օրենքների, ինչպես նաև մուսուլմանների նկատմամբ վերջին տարիներին հոլանդական հասարակության տրամադրվածության հետ: Ամեն դեպքում պետք է նշել, որ Հոլանդիան Ֆրանսիայից հետո Եվրոպայի երկրորդ երկիրն է բնակչության ընդհանուր թվում մուսուլմանների տոկոսային հարաբերությամբ: Մուսուլմաները կազմում են Հոլանդիայի բնակչության մոտ 5,7 %-ը, ովքեր հիմնականում կենտրոնացած են Ամստերդամ, Ռոտերդամ, Հաագա և Ուտրեխտ քաղաքներում: Ինչ վերաբերում է նրանց էթնիկ կազմին, ապա միայն 73%-ը թուրքեր, մարոկկացիներ և սուրինամցիներ են, որոնց ճնշող մեծամասնությունը
սուննի են, իսկ 50 հազարը՝
ալավի: Հոլանդիայի Սահմանադրության 6-րդ կետը երկրի բոլոր քաղաքացիներին թույլատրում է ազատորեն դավանել ցանկացած կրոն, դրա վառ ապացույցն այն է, որ այս երկրում
մզկիթների և մուսուլմանական աղոթատեղիների թիվը հասնում է 450-ի: Նշենք, որ Հոլանդիայում արգելված է հասարակական աշխատանքի վայրերում կրել երեսը փակող շորեր, իսկ 2008թ.-ի փետրվարի 8-ին կառավարությունը որոշեց օրենքով արգելել նաև երեսը ծածկող հագուստ կրել պետական ապարատում և պետական դպրոցներում: Ինչ վերաբերում է մուսուլմանների ինտեգրման աստիճանին հոլանդական հասարակությունում, ապա այստեղ լուրջ խնդիրներ կան: Մուսուլմանները, հատկապես թուրքերը և մարոկկացիները, չեն ընդունում Հոլանդիայում գործող ազատությունների նորմերը և ավանդույթները: Մասնավորապես, նրանց միայն 12%-ն է իրենց համարում հոլանդական հասարակության լիարժեք անդամ: Պատկերն այլ է սուրինամցիների դեպքում, ովքեր հոլանդացիների հետ պատմական կապեր են ունեցել: Նրանք հիմնականում տիրապետում են հոլանդերենին և իրենց համարում են և՛ իրենց հայրենիքի, և հոլանդական մշակույթի կրողներ:
Հոլանդիայում թույլատրվում է կրոնական հիմքով դպրոցների հիմնումը, ներկայումս գործում է մոտ 40 իսլամական միջնակարգ դպրոց և 2 իսլամական քոլեջ: Մուսուլմանների զբաղվածության մակարդակը նույնպես զիջում է տեղացիներին. 2004-2006թթ. դրությամբ աշխատանքով ապահովված էր տղամարդկանց 57%-ը, կանանց`35%-ը: Նույնը չի կարելի ասել ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնց թիվը զգալիորեն աճեց 1998-2005թթ.: Առաջին սերնդի մուսուլմանները զբաղվում են մանրածախ առևտրով, ունեն մաքրման ընկերություններ և աշխատանքային գործակալություններ: Երկրորդ սերնդի ձեռնարկատերերի շրջանում գերակշռում են խորհրդատվական և ծրագրային ապահովման ընկերությունները: 2009թ դրությամբ Հոլանդիայում բնակվող թուրքերի տարեկան միջին եկամուտը 23,200 եվրո է, մարոկկացիներինը`21,300, մինչդեռ հոլանդացիների մոտ այս ցուցանիշը 30,200 եվրո է: Մուսուլմանների մեծ մասը կախված է պետության տրամադրած նպաստներից: 2005թ. հաշվարկները ցույց են տալիս, որ միայն թուրքերի ու մարոկկացիների մեկ երրորդը ապրում է այս նպաստների հաշվին:
1982-2008թթ. ընկած ժամանակահատվածում Հոլանդիայի մուսուլմանական համայնքը մասնակցություն չի ունեցել երկրի քաղաքական կյանքին: Դրությունը փոխվեց Ժան Պիտեր Բելկենենդի վարչակազմի ժամանակ, երբ պետքարտուղարներ նշանակվեցին ծագմամբ մարոկկացի Ահմեդ Աբուտալեբը և թուրք Նեբահաթ Ալբայրաքը: Ներկայացուցիչների պալատի անդամների 8-9%-ը ոչ արևմտյան ծագում ունեն`այդ թվում 4 թուրք, 3`մարոկկացի: Սենատի 75 անդամներից մեկը նույնպես մուսուլման է, իսկ 2007թ. գավառային խորհրդի ընտրություններ արդյունքում անցած 564 անդամներից 16-ը ազգությամբ թուրք էին, 3-ը`մարոկկացի: Նիդեռլանդներն ունի 443 համայնք, որոնք տնօրինում են առօրյա կյանքը: Սրանց ղեկավարումն իրականացնում են քաղաքապետերն ու ավագանիները, որոնք իրենց հերթին ենթակա են քաղաքային խորհրդին, որի անդամներն ընտրվում են համաժողովրդական ընտրությունների արդյունքում: Ավելի քան 9500 քաղաքային խորհրդի անդամներից 163-ը ազգությամբ թուրք են, 66-ը`մարոկկացի(ընդհանուրի 2,4%-ը): Նշենք, որ 1986թ.-ին Հոլանդիայի կառավարությունն ընտրելու իրավունք տվեց երկրի քաղաքացիություն չունեցող, սակայն մշտական բնակություն հաստատած ոչ արևմտյան էթնիկ խմբերին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում նկատվում է լարվածության զգալի աճ մուսուլմանների և տեղի հոլանդացի ազգաբնակչության միջև: Այսօր Հոլանդիայի մուսուլմանական համայնքը ասոցացվում է լարվածության ու ծայրահեղականության հետ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մուսուլմաններն ավելի հաճախ են ներգրավվում հանցավորության մեջ: Այդ առումով հատկապես վտանգավոր են համարվում մարոկկացիները և թուրքերը, որոնց մի մասն անդամակցում է ծայրահեղական կազմակերպությունների: Ծայրահեղականության առաջին նշաններն ի հայտ եկան դեռևս 1980-ականներին`կապված Սալման Ռուշդիի «Սատանայական քառյակներ» ֆիլմի հետ: Սկզբում դա դրսևորվում էր փոքր կազմակերպությունների ստեղծումով: Պատահական չէ, որ 1990-ականներին Հոլանդիայի անվտանգության ծառայությունը մի քանի անգամ բարձրացրել է երկում մուսուլման ծայրահեղականության աճի խնդիրը, որը կարող էր խանգարել նրանց ինտեգրմանը հասարակությանը: Չնայած 1995թ. հաշվետվության մեջ ասվում էր, որ արմատական իսլամականությունը մեծապես սահմանափակվել է և չկա իրական վտանգ մուսուլմանական համայնքի հետ կապված, 90-ականներին Ֆրանսիայում, Իսրայելում ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները նպաստեցին հոլանդական հասարակության մեջ իսլամի նկատմամբ նախապաշարումների աճին: 1998թ. հրապարակվեցին այստեղ գործող մի շարք իսլամական կազմակերպությունների անունները, որոնց մի մասը ֆինանսավորվում էին Իրանի, Լիբիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից:
Հոլանդիայում մեծ արձագանք գտավ 2004թ.-ին հայտնի ռեժիսոր Թեո Վան Գոգի սպանությունը մուսուլման ծայրահեղական Մուհամմադ Բույերի կողմից, ով Հովստադգրոեֆ կազմակերպության անդամ էր: Բացի Հովստադգրոեֆից` Նիդեռլանդներում գործում էին մի շարք նմանատիպ կազմակերպություններ, ինչպիսիք էին «Ալ-Ջամաա Ալ-Իսլամիան», «Հիզբ Ալ-Թահրիրը», «Միլի Գյորուսը», Եվրոպական արաբական լիգան և այլն: Այսօր Հոլանդիայում հաշվվում է 20-30 հազար սալաֆիական, որոնց 2-3 հազարը պարբերաբար այցելում են սալաֆիական մզկիթներ: Դրանք գտնվում են Ամստերդամում, Էյնդհովենում, Հաագայում և Տիլբուրգում:
Թարգմանեցին՝ Դ. Մկրտչյանը և Գ. Հակոբյանը
Աղբյուրները՝
http://www.forum.nl/pdf/factbook-islam-en.pdf