Եզրակացություն

Sep 03, 2012 17:39


Ապշեցնում է Ալլահի բնավորության վերաբերյալ Մուհամմադի գաղափարը, երբ Նրան անվանում է «հպարտ», «մարդասպան», «զիջող», «վնասող» և այլն:

Անհնար է այս որակումները համատեղել բարության և կարեկցության հատկանիշների հետ՝ առանց խախտելու Ղուրանի տեքստը: Որոշ աստվածաբանների մեկնությամբ՝ դրական հատկանիշները դրսևորվելու են հավատացյալների նկատմամբ և նրանց անունից, իսկ ահարկու հատկանիշները պահվում են անհավատների համար: Հիրավի, մուսուլմանական Ալլահը հիշեցնում է անտիկ դիցաբանության Յանոսի մի երեսը: Չնայած աստվածային միության ուսմունքին՝ իրական միությունը իսպառ բացակայում է մուսուլմանական կրոնում:

Երբ Ղուրանը Ալլահին անվանում է «սուրբ», դա ամենևին չի նշանակում բարոյական կամ անձնական մաքրություն, ինչպես Աստվածաշնչում է, այլ պարզապես արտաքին, ծիսական մաքրություն (տահառա-ն վերաբերում է մարմնի արտաքին մաքրությանը): Մեղքից զերծ լինելու գաղափարը բացակա է այս տեսության մեջ, հավանաբար՝ նույնիսկ անծանոթ:

Ինչ վերաբերում է աստվածային հատկանիշներին՝ իսլամի որոշ մեկնիչներ խոսում են ուժի պանթեիզմի մասին: Ալլահն ամեն ներքին և արտաքին բանի հարմարվում է, նա միևնույն ժամանակ և՛ երևույթն է, և՛ երևույթի պատճառ ուժը: Մուսուլմանական մի շարք աղանդներ (ոչ միայն միստիկ ս ուֆիները) տուրք են տալիս այդ պանթեիստական գաղափարին՝ ի հակադրություն «բանական» մութազիլիների:

Իսլամում Ալլահը մնում է անհասանելի և ինքն իրենով պարփակված: Մարդ արարածները՝ հասարակ ստրուկները, Աստծուն ճանաչում են իր միության և միայնակության մեջ, սակայն չեն կարող թափանցել սրբարանը: Իսլամը մոտենում և կանգ է առնում աստվածային կյանքի մուտքի առջև, սահմանի իր հուհուբ ծառի մոտ, որտեղից հայտված գաղտնիքը թույլ կտար լսել պատվիրանի բացարձակ սկզբունքը: Դրան հակառակ՝ քրիստոնյան, զուտ շնորհով, թափանցում է Աստծո առեղծվածի մեջ։ Դա կատարվում է ոչ իր սեփական ջանքով, այլ միմիայն Աստծո նախաձեռնությամբ։ Քրիստոնյան, անշուշտ, ընդունում է, որ անմատույց Աստված ունի իր սեփական կյանքը, իր ճշմարիտ ազատությունը՝ անսահմանորեն վեր մեր պատկերացումից:

Մուսուլմանը, որ ազատորեն հայտարարում է, թե իր մեջ դոգմա կամ առեղծված չկա, թե ամեն բան պարզ ու հասկանալի է, գործնականում ժխտում է Ալլահի սեփական կյանքը և Նրա ծրագրերը: Մուհամմադը ոչինչ չի ասել Ալլահի ծրագրերի մասին, Աստված ոչինչ չի ասել նրան:

Իսլամը ցանկանում է մարդկանց հանել կռապաշտությունից, բայց թույլ չի տալիս մոտենալ հավատքի գաղտնիքներին: Ւրեն մարգարեների կնիքը համարելով՝ Մուհամմադը եզրափակեց հայտնությունը՝ համարելով, որ իրենից հետո ոչինչ չկա այլևս. այն, ինչը Նա չի ասել, չի կարող գոյություն ունենալ: Ուստի, եթե նա չի հայտնել այդ ծրագրի մասին, ուրեմն այն գոյություն չունի: Եթե այս սկզբունքը կիրառենք մեր թեմայի վերաբերյալ, տարբերությունը իսլամի և քրիստոնյա հավատքի միջև ակնառու կլինի: Ալլահը չի լքում իր գաղտնիությունը, իր անդրացականությունը: Նա իր գոյությունը ճանաչելի է դարձնում միայն իր անուններով, այսինքն՝ նրան ճանաչելը մնում է էապես մտավոր: Հին Կտակարանի Աստվածը, ընդհակառակը, այցելում է Աբրահամին և հայտնվում է Հակոբին ու Մովսեսին: Նա ապրում է իր ժողովրդի մեջ: Մարգարեները անձկությամբ սպասում են Նրա վերջին գալստյանը, և վերջապես՝ Հիսուսի միջոցով Աստված մարդացավ։ Այսպիսով, քրիստոնեական հավատքի համաձայն՝ հայտնությունը մտավոր չէ, այլ իրական, ընկալվում է որպես անձնական գալուստ, դեմ առ դեմ հանդիպում, միաժամանակ նաև՝ մտերմիկ միություն:

Եվ վերջապես, Ալլահը իրեն բացահայտում է իր անունների միջոցով, իսկ Աստված Իր մասին հայտնում է Մեկի միջոցով, որը հենց ինքն է՝ Աստված:
Previous post Next post
Up