Խարիջիներ

Aug 15, 2012 11:55




(Ալին Սիֆֆինի ճակատամարտից հետո)

Խարիջիները եղել են Ալիի խալիֆայության մոլեռանդ հակառակորդները: Նրանք գրեթե չկան այսօր, սակայն ուշագրավ են իսլամի պատմության մեջ ունեցած իրենց դերով: Սրանք իսլամի առաջին տրոհողն էին, այսպես կոչված «հեռացածները» (ալ-խաուարիջ), արաբերեն խարաջա՝ դուրս գալ, հեռանալ բայից: Ալիի և Մուվիյայի միջև կատաղի կռվից հետո մերժեցին առաջարկված միջնորդ առաքելությունը և հեռացան: Խարիջիները հայտնի են իրենց անզիջում և մոռելանդ կեցվածքով: Ընդունում են միայն մեկ խալիֆայություն և մերժում են ժառանգականության սկզբունքը: Այստեղից էլ՝ նրանց արմատական ընդդիմությունը շիաներին: Համոզված են, որ խալիֆայությունը կարող է փոխանցվել ցանկացած արդար մուսուլմանի՝ ազնիվ ու բարեպաշտ, նույնիսկ սևամորթ ստրուկի, քանզի բոլոր հավատացյալները հավասար են Աստծո առաջ: Հասարակական այս այլախոհությունը զուգակցվում է բարոյական՝ ծայրահեղության հասնող խստությամբ:Մերժում են շքեղությունը, ինչպես էլ այն արտահայտվի, արգելում են երաժշտությունը, խաղերը, ծխախոտը և իհարկե ոգելից խմիչքները: Խարիջիները թեև հանդուրժող են ոչ արաբ մուսուլմանների նկատմամբ, նրանց անհաշտությունը անհավատ մուսուլմանների հանդեպ հաճախ հասնում է մահապատիժ պահանջելու ծայրահեղ պահանջի, որին պիտի հետևի հավիտենական դատապարտությունը:

Խարիջիները ծայրահեղական ուղղվածություն ունեցող մուսուլմանական աղանդի ներկայացուցիչներն են: Խարիջիականությունը ձևավորվել է չորրորդ ուղղափառ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի օրոք (656-661): Օսմանի սպանությունից հետո խալիֆ նշանակվեց Ալին: Ընդհանուր առմամբ, նրան հնազանդվեցին բոլոր շրջանները, բացի Սիրիայից: Վերջինիս կառավարիչ Մուավիա իբն Աբի Սուֆյանը (ապագայում խալիֆ և Օմայյանների դինաստիայի հիմնադիր) չհնազանդվեց նրան՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ, որոնցից գլխավորը Օսման խալիֆին սպանածներին պատժելն էր: Մուավիային ճնշելու համար Ալին 657 թվականին իր հավատարիմ զորքերով շարժվեց Սիրիա: Սիֆֆինի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ալիին հաջողվեց առավելության հասնել: Սակայն պայքարի վճռորոշ փուլում սիրիացիները իրենց սրերի վրա հագցրեցին Ղուրանի այաթները՝ կոչ անելով Ալիին դադարեցնել արյունահեղությունը և հարցը լուծել երրորդ կողմի միջոցով: Ալին չէր ցանկանում հաշտություն ստորագրել Մուավիայի հետ և ամբողջովին տրամադրված էր վերջնական հաղթանակ տանել Մուավիայի նկատմամբ: Սակայն նրա կողմնակիցների զգալի մասը հաշտություն էր ցանկանում և ճնշում գործադրեց խալիֆի վրա: Միայն դրանից հետո Ալին համաձայնվեց երրորդ կողմի միջնորդությանը: Բայց սա ոչ մի դրական արդյունք չտվեց Ալիի և իր կողմնակիցների համար: Այդ ժամանակ Ալիի դժգոհ կողմնակիցները փոշմանեցին, որ համաձայնվեցին հաշտությանը: Նրանք հայտնեցին, որ մեծ մեղք են գործել, քանի որ «դատելու իրավունք ունի միայն Ալլահը» և ապաշխարեցին Ալլահի առջև դրա համար: Ապա նրանք պահանջեցին, որպեսզի Ալին նույնպես ապաշխարի Ալլահի առջև: Սակայն նա հրաժարվեց անել դա, քանի որ իրեն չէր համարում մեղսագործ: Նա պատասխանեց, որ մարդիկ ունեն աստվածային օրենքների հիման վրա որոշումներ կայացնելու իրենց իրավունքը: Այդ ժամանակ Ալիի գործողությունների նկատմամբ իրենց անհամաձայնությունը ցույց տալու համար նրա զորքերի մեծ մասը՝ մոտ 12000 հոգի, լքեց նրան: Նրանք հայտնեցին, որ չեն ընդունում երրորդ կողմի միջնորդությամբ արված որոշումը, քանի որ «դատելու իրավունք միայն Ալլահը ունի» (لا تحكم إلّا الله՝ Լա թահքիմ իլլա-լ-լահ): Սկզբում նրանք հաստատվեցին Հարուրա կոչվող բնակավայրի մոտ: Այդ պատճառով նրանց սկզբնական ժամանակաշրջանում անվանում էին հարուրիներ: Միայն հետագայում նրանք ստացան «խարիջի» անվանումը, որը սերում է արաբերեն خرج` խարաջա՝ «հեռանալ, լքել» բայարմատից, այսինքն՝ լքող, հեռացող, ըմբոստ: Խարիջիների աղանդը գրեթե միանգամից վերածվեց մի հզոր քաղաքական ուժի և հետագա տասնամյակների ընթացքում հանդիսացել է խալիֆայությունում անկայունություն առաջացնող գլխավոր գործոնը: Իրենց հակառակորդների հետ պայքարում խարիջիները տարբեր միջոցներ էին օգտագործում՝ ներառյալ նաև քաղաքական ահաբեկչությունը: Խարիջիները միանգամից իրենց թշնամի համարեցին ինչպես Ալիին, այնպես էլ Մուավիային և ակտիվ ռազմական գործողություններ սկսեցին նրանց դեմ: 658 թվականին Ալին իր զորքերը ուղղեց նրանց դեմ և Նահրավանի ճակատամարտում պարտության մատնեց նրանց: Բայց նրա կյանքը ողբերգական կերպով ավարտվեց 661 թվականին: Նա դարձավ խարիջիական դավադրության զոհ: Ալիին սպանածը Իբն Մուլջամներ: Խարիջիները նաև դավադրություն էին կազմակերպել Մուավիայի դեմ, սակայն դա բացահայտվեց, և Մուավիան չտուժեց: Հետագա տարիներին խարիջիները զինված պայքար էին մղում խալիֆ Մուավիայի և նրա ժառանգորդների դեմ, որոնց խալիֆայությունն անցավ Ալիի մահից հետո: Ռազմական գործողությունների ժամանակ նրանք կիրառում էին պարտիզանական պատերազմի մեթոդները՝ կատարելով դիպուկ հարվածներ, իսկ խալիֆի զորքերի մոտենալու դեպքում, թաքնվում էին անվտանգ վայրերում: Նրանց հիմնական հավաքակետը եղել է Բասրայից ոչ հեռու գտնվող ալ-Բատաիխ ճահճոտ և դժվարանցանելի տարածությունը: Նրանց ձեռքով հազարավոր մուսուլմաններ են զոհվել:

Բայց խարիջիների մեջ էլ չկար միասնություն: Արդեն 7-րդ դարում նրանք բաժանվեցին չորս՝ միմյանց հակառակորդ 4 աղանդների՝ իբադիներ, սուֆրիներ, նաջիներ, ազրակիներ: Սակայն խարիջիականության շարժման հիմքեր դրած ամենավաղ խումբ են համարվում մուհաքքիմները: Հետագա տարիներին նրանց միջև ճեղքվածությունը ավելի խորացավ և 10-րդ դարին մոտ արդեն գոյություն ունեին խարիջիական տասնյակ աղանդներ:  Հետագա տասնամյակներին խարիջիական շարժումն ընդգրկեց Իրաքը, Իրանը, Եմենը, Հյուսիսային Աֆրիկան: 11-րդ դարում նրանք վերջնական թուլացան և հեռացան քաղաքական ասպարեզից: Ներկայումս իբադիների ոչ մեծ խմբեր բնակվում են Ալժիրում, Լիբիայում և Օմանում:
Բոլոր խարիջիներին բնորոշ է ուղղափառ խալիֆներ Օսմանից և Ալիից, ինչպես նաև նրանց հաջորդող խալիֆներից հրաժարվելը:  Մուսուլման հայտնի աստվածաբան և պատմաբան Աշ-Շահրասթանին իր «Քիթաբ ալ-Միլալ ուա-ն-Նիհալ» («Կրոնների և աղանդների մասին գիրք») ստեղծագործությունում առանձնացրել է վաղ խարիջի-մուհաքքիմների ուսմունքի հիմնադրույթները: Դրանք վերաբերում են խալիֆայությունում քաղաքական իշխանությանը: Ինչպես հայտնի է, մուսուլմանների ճնշող մեծամասնությունը՝ համապատասխան Մուհամմադի հադիսների, ճանաչում են Մուհամմադի ցեղի՝ կուրեյշի ներկայացուցիչների ղեկավարությունը (իմամաթը): Արաբական խալիֆայության բոլոր խալիֆները սերում էին այդ ցեղից: Սակայն խարիջիները այլ հայացքների կողմնակից չէին: Աշ-Շահրասթանին գրում էր, որ նրանք «թույլատրում էին իմամաթը ոչ կուրեյշցիներից և յուրաքանչյուրը, ում նրանք իրենց հայեցողությամբ էին նշանակում, մարդկանց հետ վարվում էր համապատասխան այն արդարությանը և անարդարությունից խուսափելուն, որոնց օրինակները նրանք ցույց են տվել նրան. նա էլ պետք է լիներ իմամ: Ով հանդես գա իմամի դեմ, ապա նրա դեմ պետք է պայքարել: Եթե նա կփոխի իր գործողությունների բնույթը և հետ կանգնի արդարությունից, ապա նա կդատապարտվի մահվան: Նրանք պնդում էին, որ իմամ կարող է դառնալ նաև ստրուկը կամ ազատվածը, նաբաթացին կամ կուրեյշցին: Խարիջիների առաջին իմամ է եղել Աբդալլահ իբն Վահբ առ-Ռասիբին»:

Իշխանությունների դեմ ապստամբելը դարձավ պարտադիր նրանց կրոնական ուսմունքում: Եթե «ճշմարիտ» մուսուլմանների քանակը ինչ-որ տարածքում հասնում էր 40 մարդու, ապա իշխանությունների դեմ զինված ապստամությունը դառնում էր պարտադիր: Իսկ եթե այդ թիվը փոքր էր, ապա նրանք պետք է թաքցնեին իրենց համոզմունքները և սպասեին շարքերի համալրմանը: Ինքնազոհաբերումը հավատքի համար (շիրա) դարձավ խարիջիականության գլխավոր հիմքերից մեկը: Սեփական գաղափարների ճշմարտացիության մեջ համոզված լինելով՝ նրանք պատրաստ էին հրաժարվել սեփական կյանքից «ճշմարտությունը» հաստատելու համար: Նրանք գտնում էին, որ շիրան նրանց համար ուղի է բացում դեպի դրախտ: Բնականաբար, շիրայի գաղափարը բերեց խալիֆի զորքերի հետ չընդատվող ընդհարումների և բախումների: Այս հանգամանքը իր հերթին բերեց նահատակների և սեփական հերոսների պաշտամունքի զարգացմանը: «Անհավատների» հետ պայքարը վերաճեց ոչ միայն բախումների, այլ նաև իրենց շրջապատող մարդկանց հետ կապերը խզելուն: Դրա համար խարիջիները հեռանում էին քիչ բնակեցված վայրեր և ստեղծում էին սեփական բնակավայրերը: Հղելով Մուհամմադի հիջրային՝ գաղթին, նրանք դարձյալ իրենց համարում էին գաղթականներ՝ մուհաջիրներ և իրենց բնակավայրերից Դար ալ-Հիջրայում «հակազդում էին» անհավատների աշխարհին՝ Դար ալ-Հարբ: Խարիջիների համառ պայքարը բերեց 8-9-րդ դարերում նրանց կողմից Հյուսիսային Աֆրիկայում և Օմանում մի քանի պետություններ հիմնելուն (Միդրարիների և Ռուստամիների պետությունները Հյուսիսային Աֆրիկայում): Սակայն իշխանության գալուց հետո նրանց առաջնորդները չէին պաշտպանում այս շարժման սկզբնական գաղափարները և այսպիսով կազմավորեցին միապետություններ:

Խարիջիական առավել հայտնի աղանդներից են ազրակիները, նաջդիները, սուֆրիները, աջրադիները, իբադիները: Իսլամից դուրս եկած խարիջիական աղանդների շարքում են մայմունիները և յազիդիները:

Աղբյուրները՝ Ислам. Энциклопедический словарь
                         Фролова Е. - История арабо-мусульманской философии
                         Петрушевский И. - Ислам в Иране
                         Հովհաննիսյան Ն. - Արաբական երկրների պատմություն, հատոր I

Թարգմանեցին՝ Հ. Լոքյանը, Ն. Գաբրիելյանը և Գ. Հակոբյանը

Խարիջիներ

Previous post Next post
Up