Ե՛վ հանրությունը, և՛ լրատվամիջոցների ու բլոգերների մեծ մասը իրենց գոհունակությունն են հայտնել, տեղեկանալով, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 31-ին մերժել է «Կյանքի խոսք» աղանդի և վերջինիս պարագլուխ հայցն ընդդեմ «Իրավունք-Հետաքննություն» և «Արգումենտի Նեդելի Արմենիի» թերթերի: Եվ դա բնական է` ՀՀ քաղաքացիները զզվել են երկիրը զոմբիանոցի վերածող աղանդների սանձարձակ գործունեությունից, իսկ լրատվամիջոցների և բլոգերների համար, անկախ իրենց հայացքներից, խոսքի և մամուլի ազատությունն այն հիմնարար սկզբունքն է, որն իրենց հացն է հանապազօրյա...
Բայց արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանի` խոսքի ազատության սահմանափակման անհագ մղումների հետևանքով եթերազրկված «Ա1+»-ը ոչ թե բարյացակամ կամ գոնե չեզոք վերաբերմունք է դրսևորում գործընկերների` հանուն խոսքի և մամուլի ազատության տարած դատական հաղթանակի նկատմամբ, այլ տարօրինակաբար ստանձնեց աղանդի կամավոր պաշտպանի գործառույթ` ընդդեմ գործընկերների և խոսքի ու մամուլի ազատության սկզբունքների:
«Ա1+»-ը լույս ընծայեց, մեղմ ասած, միակողմանի նյութ, որն արտահայտում է բացառապես «Կյանքի խոսք» աղանդի պաշտպանների տեսակետները` ի դեմս սույն աղանդի մամլո խոսնակ Արմեն Լուսյանի և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանի: Նույնիսկ ձևի համար չեն բարեհաճել ներկայացնել մեր տեսակետը...
Ընդդեմ այլ լրատվամիջոցների և խոսքի ու մամուլի ազատության հիմնարար ժողովրդավարական սկզբունքների` հանուն կոնկրետ աղանդի շահերի և աղանդավորական գրաքննության կիրառման «Ա1+»-ի այդ դիքորոշումը ստիպում է ենթադրել, որ կամ այդ ԶԼՄ-ում գործում է ծպտյալ կամ բացահայտ աղանդավորական որջ, կամ «Ա1+»-ը ունի «Կյանքի խոսքի» շահերը սպասարկելու այլ, որևէ լրատվամիջոցին պատիվ չբերող շահագրգռություններ...
Հ. Գ.- Հատուկ «Ա1+»-ի մեր գործընկերների համար ներկայացնում ենք «Կյանքի խոսքի» իրական դեմքը ցույց տվող երկու տեսանյութ: Ցանկություն հայտնելու դեպքում կարող ենք նաև նվիրել մեծ տեսադարան այդ աղանդի մասին, ի վերջո, համացանցային հեռուստատեսություն եք...
Click to view
Click to view