Must reading 1: Լեւոն Բարսեղյան. «Վերջին ապացույցը»

Jan 22, 2010 23:18

Վերջին ապացույցը

Ես երեխա էի, 70-ականներն էր: Գյումրու Կինո Երեւանին հարող մի քանի շենքերի
բակերից մեկում եմ մեծացել ու այդ մեծ թաղում մեծուփոքր միմյանց գիտեին:
Հիշում եմ, որ ամեն օր մի տարեց, ալեհեր մարդ կոստյում-փողկապով անցնում էր
բակով ու մտնում իրենց շքամուտքը: Թաղում նարդու սեղանի տղամարդիկ,
պատշգամբներից կախված պարապներն ու բրդի պառավները այդ 1-2 րոպեն մի քիչ
սսկվում էին, լռելու պես էին լինում ու իրար հետ ինչ-որ բան էին փսփսում, ես
փոքր էի` մի 5-8 տարեկան, բայց լավ հիշում եմ, որ ամեն անգամ տղամարդիկ` նրան
չտեսնելու տալով եւ շատ լավ տեսնելով, քթների տակ հայհոյանք էին քրթմնջում.
էլ` ծնող, էլ` լավ, էլ` սորտ, էլ` բալեք… մերոնց էլ` աստված ճոռթած բերան
տվել ու չէր խնայել: Պառավները ծածուկ գրող էին չափում ետեւից, անապացուցելի`
գրող: Ես տատիս ու մեծ հորաքույրներիս բզում էի թե` ի՞նչ եղավ, էդ ի՞նչ բան
է, ընկերներով չէինք հասկանում, շաաա~տ էինք ուզում հասկանալ, թե էդ մարդն
ի՞նչ էր արել ամբողջ թաղին: Մարդու չէր բարեւում, կամ բարեւում էր` չէինք
նկատում, պատկառելի տեսք ուներ, ազգանունը գիտեինք միայն` շքամուտքի
տախտակից, եւ մեր` երեխաներիս խաղն էլ էր այդ երկու րոպեներին սառում, մինչեւ
անց կկենար, մտներ իրենց երրորդ «պաձեզդը»: Խաղընկերներիս տան մեծերն էլ
իրենց չէին ասում, թե բանն ինչ էր: Այս մարդու մեռնելուց հետո միայն մերոնք
բացվեցին այնքան, ինչքան կարելի էր բացվել 10-11 տարեկան երեխային, համառոտ
ու զուսպ, ասացին միայն, որ Ստալինի ժամանակ շատերի գլուխն է կերել «էդ
գլխակեր շունը»: Մնացած հարցերին չպատասխանեցին: Մեծացանք` կարդացինք`
հասկացանք:

2010-ի հունվարի 19-ին մի քանի րոպե կեսօրից անց, դատավոր աշխատող
Մարտիրոսյան Մնացականը հրապարակեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր
խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը: Դատարանը Փաշինյանին մեղավոր
ճանաչեց «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ (ՀՀ Քրեական
օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս) եւ դատապարտեց 7 տարի ազատազրկման:
«Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» մեղադրանքի
մասով (ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս) դատավոր աշխատող
Մնացականը «բարեհաճ» եղավ եւ այս մասով Նիկոլն արդարացվեց: Դատաքննության
վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազ աշխատող Փիլոյան Կորյունը 225-րդ
հոդվածի մասով դատավոր աշխատողից պահանջել էր 6 տարի ազատազրկում, իսկ
316-րդի մասով` 2,5 տարի: Սակայն Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին 7 տարվա
ազատազրկման` մեղավոր ճանաչելով միայն 225-րդ հոդվածի 1-ին մասով: Կորյունը
դատարանում չէր, ասում են վատառողջ լինելու պատճառով. դժվար գործի է,
հասկանալի է, շատերը հույս ունեն, որ չի ապաքինվի: Դատավոր Մացոն իր շղթայի
շրջանակներում, փաստորեն, ինքնագործունեություն է ցուցաբերել ու «համ` շիշը,
համ` նալը» բանաձեւի շրջանակներում, ճիշտ է, հիվանդի 8 տարվա պատվերը լիովին
չի կատարել, բայց պատվերի առաջին մասը` գերակատարել է, «անկարգություններ
կազմակերպելու» մասով հանձնարարված 6 տարվա փոխարեն` 7 տարի է տվել: Սա արել
է, որ իր կարծիքով ցույց տա, թե ինքն անկախ դատավոր է …. Չի կարելի ծիծաղել:

Ամենագլխավորը. Նիկոլի հանցանքը չի ապացուցված:

Բայց դատավոր աշխատող մարդը, չգիտես ինչ հիմքով ներշնչվել է, թե իրեն
կմոռանան: Մացոն գործից հրաժարվել չէր կարող, թե չէ` կհրաժարվեր: Եթե
հրաժարվեր, գիտեր, որ Փիլոյանն էր դատավոր դառնալու եւ իրեն դատելու էր…
սահմանադրական կարգին սպառնացող դիվերսիոն անգործության մեղադրանքով:
Փիլոյանն էլ, մեղադրող տեղով իմանալով, որ Նիկոլն անմեղ է, մեղադրելուց
հրաժարվել չէր կարող, հրաժարվեր` Նիկոլից առաջ կդատեին… Եթե կասկածողներ կան`
գրեք ինձ, զվարճանանք մի քիչ: Եթե կասկածողներ  չկան` ուրեմն պետությունը
զավթված է:

Այսպես կոչված համաներմամբ, զավթիչները իրենց նախատեսածից չափազանց շատ մարդ
էին ստիպված եղել բաց թողնել, Եվրոպայում ամենքը չէ, որ կաշառվում են,
համաներում էլ էր պետք: Իսկ հիմա պատանդների թիվն ավելացնել էր պետք: Կարծում
են, թե պետք է գալու: Վերաքննիչը մի 6-6,5 տարի կսարքի` Ուռուտյանի գործի
պես, վճռաբեկը կարող է բեկանի, կարող է չբեկանի: Ինը` մեկի դեմ, որ չի
բեկանի: Այդ մեկը երկար պատմություն է, Նիկոլի արժանապատվությանը եւ կամքին
վայել ջանքեր պիտի ներդնեն նրանք, ովքեր ռեժիմի կամակատարները չեն, որ ինը
հնարավորից այդ մեկ անհնարինը տեղի ունենա: Բայց սա առանձին խոսելիք է:
Զավթիչների ռեժիմը իր մեթոդները չի թարմացնում, ճիշտ է, երբեմն-երբեմն նոր
բաներ հորինում են, բայց հիմնականում նույն ու հին մեթոդներն են ու երգերը
հին. իշխանությունը ժողովրդից ավելի լավ գիտե ժողովրդի լավը, ով համաձայն չէ
ռեժիմին` փիլոյան-մացոններով է գնալու, ասացինք` ժողովրդավարություն, հո
չզոռեցինք, բոլոր երկրներում էլ կոռուպցիա կա, ժողովրդավարությունը չափավոր
պիտի լինի, այլապես կվնասի ազգային անվտանգությանը, այն էլ մեզ նման`
թշնամիներով շրջապատված երկրի դեպքում, ազատությունները չեն կարող բացարձակ
լինել… ահա այս երգերն են, որ նախկինում քողարկված, իսկ այժմ` կամաց-կամաց
բարձրաձայն երգվում են զավթիչների ծարբազանների ձայնալարերով, շուտով` իրենք
զավթիչներն էլ կերգեն, որովհետեւ մտահոգություններն են աճելու:

Հիմա շատերս Նիկոլ ենք` տարբեր բանտերում: Մի ամբողջ խումբ էլ`
մացո-մուցո-փիլոյան: Մենք չենք թերագնահատում ոչ զավթիչներին, ոչ նրանց
ծարբազաններին, ոչ էլ մացո-մուցո-փիլոյաններին: Բայց մենք ավելի Նիկոլ ենք,
քան նրանք` զավթիչ: Զավթիչները ինքնակազմակերպվում են, խորամանկ են, լկտի,
երկերեսանի, ռեժիմի ամրապնդման համար համապատասխան օրենքներ են սարքում ու
կառույցներ ձեւավորում, եղած օրենքները մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց
է հարմար, մեր փողերով պահում են իրենց զավթիչ համակարգը, հալածում, սպանում
ու բանտարկում նրանց հետ անհամաձայն մարդկանց: Ճիշտ այնպես, ինչպես բոլոր
հակաժողովրդական ռեժիմներում:

Հիմա արդեն ավելի քան հստակ է. մենք ենք ու իրենք: Կողմնորոշվեք. հաջորդ
կանգառը անհայտ է: Այս վճիռը բազմահազար անտարբերների գլխին քացով է իջնելու
եւ խելքի է բերելու. եւ եթե առաջ «նախկինների չարագործությունները»
ինքնալլկում ու կամքի խցանում արած, աջ քաշած գոյություն էին քարշ տալիս,
հիմա հասկանալու են, որ այլեւս իրենց ընտրությունը սմքել-սպառվել է «արտագաղթ
կամ կզարան» խաչմերուկում: Քաղաքական հայացքների եւ գործունեության համար
բանտերում գտվելու յուրաքանչյուր օր գնում է Հայաստանի կյանքից, հալում է
Հայաստանի կենսունակությունը, այսպես զավթիչները հալածում ու մաշում են
երկիրն ու պետություն կոչված համակարգը, որ մարդկանց բարեկեցություն եւ
երջանկություն ապահովելու համար պիտի լիներ ու ոչ այլինչի համար:

Կամավոր եկած ու ռեժիմին հանձնված, թեկուզ տեսականորեն արդարադատություն
ակնկալած մարդուն առանց հանցանքի ապացուցման ազատությունից զրկելը, անկախ դրա
ցինիկ պատճառաբանություններից, վերջին, անհրաժեշտ եւ բավարար ապացույցն է այն
բանի, որ Հայաստանում իշխում է օկուպացիոն ռեժիմը: Սա ոչ թե կարգավորված
ժողովրդավարություն է, սա ոչ թե ինքնիշխան ժողովրդավարություն կամ անցման
ժամանակաշրջան է, այլ լիակատար զավթված պետություն: Մեր ու մերոնց կյանքը,
ապագան, առողջությունը, հույսերը, երազանքներն ու կայքը ուղղակիորեն կախված է
ռեժիմից ազատվելու ժամկետների հետ, ինչքան ուշ, այնքան` անհնարին, ինչքան
ավելի ուշ, այնքան` ավելի անհնարին: Ռեժիմը տիրապետում է ահռելի միջոցների,
ֆինանսական, տնտեսական, վարչական, ուժային, քրեական, լրատվական եւ այլն:
Ռեժիմի դեմ ընդվզողների եւ պայքարողների ռեսուրսները անհամեմատ նվազ են:
Ընդամենը մեկ բան ունենք, որ չունի ռեժիմը եւ չի էլ կարող ունենալ.
ազատության պաշտամունք: Այս իմաստնությունն է, որ կարող է քանդել ու լույս
բացել մեր խավարում: Նիկոլը մեկն է նրանցից, ով վստահաբար գիտե, որ
իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ, եթե դա այդպես չէ, ուրեմն հարկավոր
է այն վերադարձնել ժողովրդին: Բարեկեցության, ազգային անվտանգության,
արժանապատվության եւ հզորության այլ ակունք չկա, քան հանրության կամքը եւ այդ
կամքով ձեւավորված իշխանությունը:

Կատաղի, ընդդիմադիր, փիլիսոփայական, հեզաճկուն, ժամանակավրեպ, զառամյալ,
ծովից-ծով եւ անգամ կամակատար քաղաքական ուժերը պարտավոր են վերջիվերջո ետ
նայել, կողքուբոլորը, ոտների տակ, սթափվել, գլուխները պատերով տալ, պատերը`
գլուխներով, կռահել, որ ամնեզիան շատ երկար տեւել չի կարող, հասկանալ, թե ուր
է գլորվել մեր երկիրը, շուտափույթ ելքեր որոնել, ստանալ ժողովրդի
համաձայնությունը եւ սկսել քաշել-հանել երկիրն այն կոյուղու միջից, ուր
թաղվել ենք մինչեւ կոկորդներս, մինչեւ ականջներս, մինչեւ վարդապետի խազը:
Նիկոլի եւ մյուս 15 քաղբանտարկյալների բանտի յուրաքանչյուր օր առավել ամոթալի
է դարձնում մեր համաշխարհային խայտառակությունն ու մեր նկարագիրը հաջորդների
առաջ. հինգհազարամյա~, քրիստոնյա~ ու զահրումա~ր… երբ բոմժերը միլիարդատեր են
արթնանում, իսկ նրանց գոյությունն ապահոված մարդիկ քնում են բանտերում, երբ
աստծո ծառաները խայտանքով թռչկոտում են զավթիչների շուրջը, իսկ ավազակները
տաճարներ են կառուցում Տիրոջ համար: Կարծում են, թե ինդուլգենցիան դեռեւս
մուտքի տոմս է...

Լեւոն Բարսեղյան

Հրապարակ, Հայաստան, Լեւոն Բարսեղյան, քաղբանտարկյալներ, Նիկոլ Փաշինյան

Previous post Next post
Up