Եղբայր, ոչ ոք չի պատրաստվել եւ չի պատրաստվում բռնությամբ իշխանություն վերցնել: Եւ ոչ միայն այն պատճառով, որ խժդժություններից կարող է օգտվել Ադրբեջանը, ոչ միայն այն պատճառով, որ դրանից կարող է օգտվել այսօրվա զինված ներքին տականքը, այլեւ այն պատճառով, որ բռնությամբ վերցված իշխանությունը ոչնչով լավը չի լինի այսօրվա իշխանությունից, որովհետեւ երկուսի ակունքն էլ նույնը կլինի:
Ես վստահ եմ, որ արդարություն փնտրող մարդիկ այնքան հաստատակամություն եւ նվիրում ունեն, որ այս գործը գլուխ կբերեն հանգիստ ու առանց որեւէ մեկի վրա բռնանալու: Ես, եթե կարելի է ասել, այդ առումով համակրում եմ Գանդիի գաղափարներին, որոնք հիմնված են առանց բռնության դիմադրության եւ սիրո վրա: Միեւնույն ժամանակ, Գանդին զգուշացնում էր, որ իր Սատյագրահա շարժման մեջ (դիմադրություն բռնապետությանը` զանգվածային քաղաքացիական անհնազանդության միջոցով) չընդգրկվեն նրանք, ովքեր վախենում են զենք վերցնել կամ ունակ չեն դիմադրության: Նա գրում էր. «Ես իրապես կարծում եմ, որ եթե չկա այլ ընտրություն, քան վախկոտության ու բռնության միջեւ, ես խորհուրդ կտամ ընտրել բռնությունը»:
ինչպես ենք հաղթելու
Այս հարցը, թերեւս, շարժման համակիրների համար ամենամտահոգիչն է: Այնուամենայնիվ, հարցը տեղին չէ: Ինձ համար ճիշտ մոտեցումը հետեւյալն է (այն կարելի է կոչել նաեւ «Այլընտրանք»-ային մոտեցում). եթե ես համարում եմ, որ այն, ինչ անում եմ` ճիշտ է, ես դա անում եմ նորից ու նորից, առանց հուսահատվելու, այնքան ժամանակ, մինչեւ դրված նպատակն իրականություն դառնա: Եւ այստեղ կարեւորը ոչ թե նպատակի իրականացումն է, այլ այն, որ ես սիրով, առանց ընկրկելու, համբերատար կատարում եմ այն, ինչ համարում եմ ճիշտ: Հավատացեք, սա շատ ավելի մեծ արժեք է ստեղծելու, քան ինքնին իշխանափոխությունը:
ատելության մեղադրանքի մասին
Իշխանություններից դժգոհ մարդկանց, ընդդիմությանը հաճախ մեղադրում են ատելություն սերմանելու համար: Այո, մենք, որ կարծում ենք, որ մեր երկիրը թաղվել է անարդարության, ապօրինության եւ լկտիության մեջ, թերեւս առայժմ այնքան բարձր չենք, որ կատարելապես մաքուր ու լուսավոր կետից նայենք մեր իրականությանը, օրինակ` որպես ճշմարիտ քրիստոնյա: Սակայն մեզ մեղադրել ատելության համար` նույնն է, ինչ մեղադրել երկաթին, որ այն շիկանում է, երբ երկար ժամանակ պահում ես կրակի մեջ:
կուրության եւ խլության մասին
Իմ ընկերներից շատերը, որ այսօր ընդդիմության շարքերում են, հանուն արդարության ու որպեսզի իրենց արժանապատիվ մարդ զգան, փողոց են դուրս եկել սկսած 1996-ից: Կարծում եմ նաեւ, որ այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց փողոց էր դուրս բերել ներքին բողոքը, մեծ առումով, նույն կազմով կանգնել են Վազգեն Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի, Արկադի Վարդանյանի, Ստեփան Դեմիրճյանի կողքին եւ այժմ կանգնած են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:
Եւ խնդիրն այստեղ ոչ թե այն է, որ այդ մարդիկ ուղղակի բանուգործ չունեն եւ մարդ են ման գալիս, որ կողքին կանգնեն, այլ այն, որ նրանց կառուցվածքը` ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, անհամատեղելի է դարձել ստեղծված իրականության հետ: Եւ նրանք փորձում են փոխել իրականությունը, որպեսզի ստիպված չլինեն փոխել սեփական կառուցվածքը: Ի՞նչ կապ ունի ասվածը կուրության կամ խլության հետ. հարցն այն է, որ 1996-ից ի վեր, իշխանության հասածները նախանձելի կուրություն են դրսեւորել եւ դրսեւորում` չնկատելով այդ տասնյակ հազարավոր մարդկանց: Նրանք համառորեն տեսնում են միայն Վազգեն Մանուկյանին, Կարեն Դեմիրճյանին, Արկադի Վարդանյանին, Ստեփան Դեմիրճյանին եւ այժմ` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրանց ցասումն անսահման է ու ատելությունը` լի, քանի որ իրենց համար հարցն այլ կերպ է դրված. ես ավելի լավն եմ, քան Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Արկադի Վարդանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, դրանք էդ ո՞վ դառան, որ գան տեղս նստեն: Նրանց կարծիքով` սա մրցույթ է, որտեղ ով ավելի ուժեղ, ճարպիկ ու խորամանկ գտնվեց, նա էլ ստանում է մրցանակը` իշխանությունը: Ընդ որում, եթե սկզբում իշխող վերնախավում բարոյականության եւ մտավորականության պաշարը որոշակի դիմադրություն էր ցույց տալիս (Տեր-Պետրոսյանի թիմի հրաժարականը (sic!)), հետագա տարիներին այն հասցվեց գործնականում զրոյի: Ու գնաց. ջարդենք դրանց` Վազգեն Մանուկյանին, Կարեն Դեմիրճյանին, Արկադի Վարդանյանին, Ստեփան Դեմիրճյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանք աչքները մեր ունեցածին են տնկել... Ու ջարդում են մարդկանց, որոնք վանկարկում են` Վազգեն, Դեմիրճյան, Լեւոն: Մինչդեռ նրանք, ովքեր խուլ չէին, կարող էին լսել, որ մարդիկ աղաղակում են` արդարություն, արդարություն, արդարություն: Ես չեմ բացառում, որ ընդդիմության ճամբարում էլ կան մարդիկ, որոնք նույնպես կույր ու խուլ են: Ամենեւին: Ուղղակի` դրանք լավ երեւակվում են, երբ հայտնվում են իշխանության դիրքերում:
այսպես կոչված չեզոքների մասին
Թյուրիմացությունից խուսափելու համար ասեմ, որ ամեն մարդ պայքարի իր ձեւն ունի. պայքարում է ուսուցիչը, որ իր աշակերտից փորձում է մարդ ձեւավորել, պայքարում է հայրը, որ իր երեխային սովորեցնում է ճշմարտախոս ու անվախ լինել, պայքարում է պապը, որ թոռանը սովորեցնում է աշխատել ու աշխատանքով վաստակել, պայքարում է մայրը, երբ աղջկան սովորեցնում է ընտրել սիրտը, այլ ոչ թե գրպանը: Սակայն երբ մարդ այնքան քաքլան է, որ սեփական վախկոտությունը փորձում է քողարկել, իբր թե, իր գործն անելով, ու իբր թե` «սրանք էլ մի բան չեն, նրանք էլ մի բան չեն» դուրս տալով, անմիջապես մտքիս են գալիս Աստվածաշնչյան հայտնի տողերը գաղջերի եւ նրանց դուրս փսխելու մասին: Աստված չանի, երբ որ ձե՛ր գլուխը կտան կջարդեն կամ ձեր հարազատին կգնդակահարեն, էն ժամանակ ողբ ու աղաղակ կբարձրացնեք, արդարություն կգոռաք: Էդ ժամանակ կգտնվեն մարդիկ, որ ձեզ կասեն` ոչ նրանք են մի բան, ոչ էլ դուք:
Արամ Աբրահամյանը` ձեզ օրինակ:
բարեփոխումների տրամաբանական մի հիմնավորում
Դիտարկենք երեք տարբեր իրավիճակ. առաջին` տնտեսությունը իշխում է պետության մյուս բաղադրիչներին` իրավական-պետական եւ անհատական (կրթություն, արվեստ, գիտություն): Սա շուկայական տնտեսության ձգտող երկրների նկարագիրն է: Երկրորդ դեպքում իրավական-պետական բաղադրիչն է իշխում. սրա օրինակներից է Հյուսիսային Կորեան: Երրորդ իրավիճակում մի քանի մարդու անհատական կամքը իշխում է պետության բաղադրիչներին: Սա, ի թիվս այլոց, նաեւ Հայաստանի դեպքն է:
Հետեւաբար, Հայաստանի համար բարեփոխում, առաջին հերթին, պետք է նշանակի անհատական կամքի բացառում տնտեսության եւ իրավական-պետական ոլորտներում, որպեսզի այդ ոլորտները կարողանան սեփական կանոններով ապրել: Իսկ անհատական կամքը հարկ է վերաբնակեցնել այնտեղ, որտեղ անհատականությունը գոյության պայման է` կրթության, արվեստի, գիտության ոլորտներ:
մեծ համաներման մասին
Մի էսպիսի բան է ստացվում. եթե ելնում ենք նրանից, որ առնվազն 1998-ից մենք լեգիտիմ նախագահ չենք ունեցել, նշանակում է` այդ ժամանակից ի վեր ընդունված եւ նախագահի կողմից վավերացված ոչ մի օրենք իրավական ուժ չունի, վերջինիս կողմից կատարված բոլոր նշանակումները ապօրինի են` լինեն դրանք մարզպետներ, դատավորներ, նախարարներ, համաձայնությամբ` վարչապետներ, եւ այլն եւ այլն: Իսկ դա նշանակում է, որ նշվածների որեւէ հրամանագիր, որոշում, կարգադրություն իրավական ուժ չունի, ի տակ դալեե, ի տոմու պադոբնոյե: Մի խոսքով` մի ողջ երկիր, մենք էլ` մեջը, էս էլ արդեն քանի տարի է` ապօրինության մեջ թաղված ենք ապրում: Էդ` չհաշված այդ, փաստորեն, ապօրինի օրենքների ու չգիտեմ ինչերի խախտումները: Մի խոսքով, օրինական իշխանության ձեւավորումից հետո, աչքիս, պետք է այդ մասով մի հատ լավ համաներվենք:
Անհանգստացնող միտք. ոնց մտածում եմ` իշխանափոխությունից հետո, ի շարս այլոց, դատվելու են նաեւ Հայաստանի գրեթե բոլոր դատավորները. մի բան չեմ հասկանում միայն` էդ դատավորներին ո՞վ է դատելու: Պետք է, ուրեմն, կադրեր պատրաստել:
Իսկ ավելի լուրջ` կարծում եմ, որ Շարժման իրական հաղթանակը կլինի այն, որ իշխանափոխությունից հետո իրապես անկախ դատարանի առջեւ կանգնեն ընդդիմության կողմում կանգնած բոլոր այն մարդիկ, ում նկատմամբ հասարակությունը որեւէ կասկած ունի` հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ. լինի դա Գագիկ Ջհանգիրյանը, Սուրեն Սիրունյանը, թե` Վանո Սիրադեղյանը: Եւ ով մեղավոր է` կրի իր պատիժը: Իսկ եթե այդպես չլինի` ինչ արած, մենք ենք, մեր ընդդիմադիր ջանը, նորից կանցնենք գործի:
մարտի 1-ի պատճառներից մեկի մասին
Երբ եվրոպացի մեծագույն մտածողներից մեկին հարցնում են, թե որն էր առաջին համաշխարհային պատերազմի պատճառը, հետեւում է պատասխանը` պատճառն այն էր, որ կառավարությունում կային մեծ թվով իդիոտներ: Ընդ որում, պատասխանը ո՛չ էմոցիոնալ արձագանք է, ո՛չ պարզապես շպրտված արտահայտություն եւ ոչ էլ, առավել եւս, անհաջող կատակ, այլ միկրովիրաբուժական ճշգրտությամբ դրված ախտորոշում:
Մարտի 1-ի պատճառներից մեկը եւ` ոչ ամենանվազը, այն է, որ ավելի ու ավելի քիչ թվով մարդիկ են կարողանում հստակ մտածել եւ իրենց մտածածն արտահայտել կապակցված, տրամաբանական նախադասություններով: Ավելին, ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որոնք այդ անելու ունակություն դեռեւս չունեն, հայտնվում են Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոններում եւ կայացնում կարեւոր որոշումներ: Օրինակ` քիչ թե շատ առողջ տրամաբանություն ունեցող մարդը կարող է կառուցել տրամաբանական հետեւյալ շղթան. ինչ-որ բան գրելու համար անհրաժեշտ է նախ գրել իմանալ. ինչ-որ բան կարդալու համար անհրաժեշտ է նախ կարդալ իմանալ. հետեւաբար` օրենք գրելու համար նույնպես պետք է նախ գրել իմանալ, իսկ գրածը կարդալու համար` կարդալ իմանալ: Սրանից բխում է, որ եթե ես գրել-կարդալ չգիտեմ, ես չեմ կարող օրենսդիր լինել` հասկանալի պատճառներով: Սա` առողջ տրամաբանության դեպքում: Մեր իրականության մեջ բազմացող մտավոր եւ լեզվական ճիվաղների մասին լավ գրում է իմ ընկեր Հրանտ Տեր-Աբրահամեանը. դրանց առայժմ չեմ անդրադառնում:
Հ.Գ. Օրերս ռադիոյով լսեցի` ինչպես գովազդի մի աղջկա ձայն հպարտ-հպարտ հայտարարում էր, թե Սուրբ Սարգսի տոնն անցնելու է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Տեղ հասանք: Այսուհետ ոչ թե սրբերն են մարդկանց հովանավորում, այլ մարդիկ` սրբերին: Հաջորդը Սուրբ Ծնունդն է:
Հ.Գ.-2. «Երբ ես հուսահատվում եմ, հիշում եմ, որ ողջ պատմության ընթացքում ճշմարտության եւ սիրո ուղին միշտ հաղթող է դուրս եկել: Եղել են բռնապետներ եւ մարդասպաններ, եւ որոշ ժամանակ նրանք անխոցելի են թվացել, սակայն վերջում նրանք անպայման տապալվել են. մտածեք այդ մասին, միշտ...»
Մահաթմա Գանդի:
ՄՀԵՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
http://www.hzh.am/Arkhiv/2009/Fabruary/0902/07-02.html