«ՄԵԾԱՄՈՐ, Ք.Հ. 1969». Դավիթ Մաթեւոսյանի բեմադրմամբ

May 13, 2008 01:38

Մայիսի 9-ին ներկա գտնվեցի «Մեծամոր, Ք.հ. 1969» ներկայացմանը, որը բեմադրել է իմ շատ լավ բարեկամ, մեծ Հրանտի որդի Դավիթը: Խաղում էր Աշոտ Ադամյանը /Թորիկը/, իսկ երաժշտությունը գրել էր Oaksenham խմբից Jeff-ը` Վահագն Պապայանը:

Միանգամից ասեմ, որ կարծիքս խիստ է լինելու, ու դրա համար կա մի քանի պատճառ:

Առաջին պատճառն ամենակարեւորն է. ես սիրում ու երկրպագում եմ Հրանտին ու իրա Խոսքը, ու իրա Խոսքի հետ գործ ունեցողներից պահանջատեր եմ այնքան ու այնպես, որքան եւ ինչպես ինքս եմ ինձնից պահանջում: Այսինքն` խիստ:

Մի շատ կարեւոր նյուանս էլ կա. խոսքը գնում ա ոչ թե Հրանտի «Ծառերի» կամ «Գոմեշի» կամ «Աշնան արեւի» կամ «Մենք ենք մեր սարերի» կամ մեկ այլ գործի մասին, այլ… «ՄԵԾԱՄՈՐ»-ի:

Սրանով գուցե ամեն ինչ ասված է, բայց պատմեմ իմ կյանքից մի դեպք… Հրանտն եկել էր Վանաձոր: Առիթը չեմ հիշում, բայց կարծեմ իր հոբելյանն էր… Հանդիպում էր ժողովրդի հետ, քաղաքային թատրոնի շենքում: Դահլիճը լիքն էր, իհարկե: Ինքը բեմում էր` համեստ ու հզոր: Թղթիկների վրա գրած հարցեր էր ընդունում, խոսում, պատասխանում: Ես ուսանող էի էդ ժամանակ, կարծեմ: Մի հարց էլ ես գրեցի` «Ինչպե՞ս գրեցիք «Մեծամորը»»: Բացատրեմ, «Մեծամոր»-ից էն կողմ իմ համար ոչ միայն Հրանտ չկա, այլեւ ընդհանրապես հայ արձակ: Իմ համար էդ գործը հայ արձակի գլուխգործոցն ա:

Ու «Մեծամորի» բեմադրությունից իմ սպասելիքները, հասկանալի պատճառներով, հսկայական էին:

Խիստ գնահատական տալու մեկ այլ պատճառ էլ կա. Դավիթն իմ կողմից շատ սիրված ու հարգված մարդ ա, իմ ընկերն ու մեկ ընդհանուր թիմի անդամ, զինակից, իմ համակիրն ու համերկրացին: Դրա համար մի քիչ արխային եմ գրում` վստահ լինելով, որ անկեղծ խոսքն ավելի մեծ օգուտ կբերի, քան կեղծ գովասանքը:

Հիմա հենց ներկայացման մասին:

Ասեմ միանգամից` Դավիթն ընկել էր սեփական հոր` Մեծ Վարպետի Խոսքի ծուղակը, ու ներկայացումը ստացվել էր ավելի շատ ուրիշի խոսքի մեջբերում, այլ ոչ թե վերծանում ու ինքնին նոր խոսք:

Ես հստակ գիտակցում եմ, թե ինչքան գրավիչ ու գայթակղիչ ա Հրանտի Խոսքը, ինչքան կանչող ու կապկպող, ինչքան դյութող… բայց… ԲԱՅՑ: Պե´տք էր իմունիտետ զարգացնել էդ խոսքի դեմ` խուսափելու համար ծուղակից: Դավիթի մոտ չէր ստացվել իմունիտետ ձեռքբերելը, ու իրան «տարել էր»… :) Ասեմ. Եթե մտնում ես Հրանտի Խոսքի խորխորատները, դրանից դուրս գալը գրեթե անհնար ա, իսկ ասելիքը, խոշոր ասելիքն էդ բառերի ու նախադասությունների արանքում սպրդում-փախչում ա: Մանավանդ` անպատրաստ ունկնդրի ու հանդիսատեսի դեպքում: Իսկ ակնհայտ էր, որ ներկայացումը նայելու էին նաեւ մարդիկ, ովքեր չէին կարդացել «Մեծամորը»:

Իմ համար «Մեծամորի» ասելիքը մի քանի ԱՌԱՆՑՔ ունի, մի քանի հզոր առանցք, որոնց շուրջն էլ պետք էր կառուցել ներկայացումը: Փոխարենը, ընտրվել էր դանդաղ տեմպ, ասելիքի избыток, եւ մի դերասան, ում բոլորս սիրում ենք որպես Թորիկ, բայց ով չէր «ձգում» Հրանտի խոսքի խորությունը…




Մանավանդ ֆոնային խոսքը հնչում էր կիսահեգնական տոնով, ինչն ուղղակի անընդունելի էր իմ ականջին: Ողբերգական մասեր կային, որ կարդացվում էին մի տեսակ «ձեռ առնելով», եւ հզոր մասեր կային, որոնք պարտադիր պետք է շեշտադրվեին, սակայն կարդացվում էին այլ խոսքերի շարքում, կիսամոնոտոն, հպանցիկ:

Գիտեմ, որ Դավիթն էլ ա պաշտում Հրանտի Խոսքը, ու հասկանում եմ, որ շատ դժվար բան եմ պահանջում իրենից, բայց մեկ ա պահանջում եմ: :) Որպես Հրանտի ժառանգ` Հրանտի ժառանգից:

Ավելին, առաջարկներ ունեմ ներկայացման բարելավման ուղղությամբ.

Ա. Ներկայացմանն ավելացնել Հրանտ Մաթեւոսյանի կյանքից դրվագներ` կապված մասնավորապես 1988-ից հետոյի տարիների հետ, ու կապել «Մեծամոր»-ի առանցքային ասելիքին:

Բ. «Մեծամորի» ասելիքը անմիջականորեն կապել այսօրվա Հայաստանի հետ, այսօրվա խնդիրների ու Պայքարի հետ:

Գ. Գլխավոր դերում փորձել Միքայել Պողոսյանին. անկեղծ ասած, իրենից բացի ուրիշից հույս չունեմ, թե կկարողանա «Մեծամորի» տակից դուրս գալ: Ինքը բավարար խորություն ունի, ու լավ դեր կարող ա ստացվի:

Միով բանիվ, արժե՞ արդյոք գնալ էս ներկայացմանը: Ե´վ այո, ե´ւ ոչ:

Այո, եթե Դուք արդեն կարդացել եք «Մեծամորը»:

Ոչ, եթե դեռ չեք կարդացել: Երկրորդ դեպքում ամեն ինչ կխառնվի, ու չեք հասկանա, թե գործն ինչ էր ուզում ասել:

ՀԳ. Վանաձորում տված իմ հարցին Վարպետը պատասխանեց, որ «Մեծամորը» գրվել է մի ներշնչումով, շատ արագ, երկու-երեք օրվա ընթացքում: Ասեց` «Նստեցի, գրեցի ու վեր կացա»: Ու ասեց, որ նման կերպ իրորեւէ այլ գործ չի գրվել: :)

ՀՀԳ. Ներկայացման մի կարեւոր կողմի մասին ուզում եմ առանձնահատուկ նշել. երաժշտական ձեւավորումն ուղղակի ԱՆԹԵՐԻ էր. խորին հարգանքս Վահագ-Jeff-ին (Oaksenham): Կեցցե´ս:

Հայաստան, imho, Հրանտ Մաթեւոսյան, arts, рецензии

Previous post Next post
Up