Էս տեքստը գրել եմ 2011-ի հունվարին, բայց երկար ժամանակ չէի տեղադրում...
* * *
Չնայած մտել ենք 2011, բայց ես իմ պարտքն եմ համարում ամփոփել անցյալ՝ բավականին անհաջող, ցավոտ ու կորուստներով լի տարին: Պարտքս է, որ ցանկանում եմ տալ էս՝ բավականին անձնական, տեղ-տեղ՝ զգացմունքային, ֆոտոներով հարուստ գրառմամբ:
Միանգամից ասեմ, որ բոլոր դրական երեւույթներով ու իրադարձություններով հանդերձ, 2010-ն իմ հիշողության մեջ նախեւառաջ մնալու է որպես անդառնալի, ցավոտ ու անժամանակ կորուստների տարի...
Սկսեմ տխուրից, կվերջացնեմ ուրախով, լա՞վ: Ուրեմն տարին սկսվեց 10.01.10-ի ընտրություններին պատրաստությունների թոհուբոհում, ու նաեւ այսպես՝
ու այսպես՝
: Կարճ ասած՝ տարին սկսվեց որպես 2008-ի ու 2009-ի լիովին տրամաբանական եւ ներդաշնակ շարունակություն...
Մի շատ լավ հարեւան ունեինք՝ Ամալիկ ծյոծյան... Դեմքին ժպիտ էր նույնիսկ էն ժամանակ, երբ հերթական դիալիզից հետո մեր մուտքի աստիճաններով չէր կարողանում բարձրանալ-հասնել իրենց հարկ, ու ստիպված հենց տեղում, հարթակներից մեկին, նստում էր բերված աթոռի, որ ուժերը հավաքի... Ըդենց հանգիստ էլ մարեց էդ լավ կինը, որ նոր էր թոռնիկի քաղցրությունը ճաշակել...
Մի մորաքրոջ աղջիկ ունեի՝ ռոմանտիկ Մեսո՝ Մերսեդես անունով: Չէ, անունը Դայմլեր-Բենցի հետ կապ չուներ. եթե հիշում եք՝ Դյումայի գրական հերոսներից մեկն էր Մերսեդեսը՝ Դանտեսի հարսնացուն՝ «Կոմս Մոնտե Քրիստո»-ում :) Հիշում եմ՝ փոքր էինք, իրենց տանն էինք ապրում մի որոշ ժամանակ, ու էդ օրերին մի տղա անընդհատ «հերթապահում» էր իրենց բակի գարաժների ետնամասում. մենք վարագույրի հետեւից հետեւում էինք իրան ու զվարճանում... դե փոքր էինք, մեր համար կինոյի պես մի բան էր էդ սիրախաղը... Հետո եղան համատեղ կյանքի՝ հաճախ բուռն, կռիվներով, վեճերով, երկու երեխայով լցված օրեր, ու մի օր էլ իմացանք, որ Մեսոն գլխուղեղի ուռուցք ունի... Երբ վերջին անգամ տեսա իրեն՝ Վանաձորում, անճանաչելիորեն փոխված էր. դեմքը դեֆորմացած ու ծռված էր, աչքերում մանկական անհասկացողության նշան էր՝ ինձ անծանոթ, իսկ խոսքը թոթովանքի էր նման... Երբ բաժանվում էինք, համբուրեցի ճակատը ու չիմացա ինչ ասել. ինձ համար պարզ էր, որ վերջին անգամ էի տեսնում իրեն... 42 տարեկան էր....
Իմ սիրելի ու հարազատ Սոնա մորաքույրի ու նրա հերոս եղբոր՝ Սոսի մասին գրել եմ
այստեղ: Անցյալ տարի մահացավ Կանֆը՝ Սոնա մ.-ի մայրիկը... Կանֆերինային կարճ Կանֆ էին ասում: Տարիքն առած էր, հիվանդ էր, լավ ամուսին էր ունեցել՝ փառավոր մի մարդ... հինգ երեխա ունեցել, մեծացրել, օրինակելի մարդիկ սարքել, Հայաստանին տվել հերոս-որդի, վայելել երջանիկ տատիկություն... ու երբ Մհերի հետ գնացինք Վանաձոր, իրենց տուն, էդ սիրուն-պայծառ ընտանիքում էդ մարդկային, ոչ շինծու գոհությունը մնացել էր, նույնիսկ մորը կորցրած իր զավակների աչքերում ու ժպիտներում կար էդ իմաստուն վստահությունը, ինչ-որ տեղ՝ ուրախությունը էն բանի համար, որ իրենց մայրը ճիշտ ապրեց իր կյանքը, իսկ հիմա էլ վերամիացավ իր սիրելի ամուսնուն ու հաստատ հոգին՝ լուսավոր ու խաղաղ՝ սավառնում է շատ ավելի լուսավոր աշխարհներում...
Ապրիլի սկիզբն էր, մի սովորական երեկո վերածվեց ողբերգականի, երբ մի հարբած ԲՏ Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի ենթարկեց վերջին 2-3 տարիներին Հայաստանի լրագրության ու հրապարակախոսության բնագավառի ամենամեծ բացահայտումներից, ամենամեծ ձեռքբերումներից, ամենամեծ բարեբախտություններից մեկին՝ Գայանե Բաբայանին...
Գայանեն իր անկեղծ ու հաճախ կծու խոսքով, անզիջում, բարոյականության հարցում զիջումներ չընդունող կեցվածքով, զգացմունքայնությամբ ու լոռեցու անմիջականությամբ ուղղակի ներխուժեց լրագրության ու հրապարակախոսության դաշտ: Մի անգամ, հերթական շեդեւր հոդվածը կարդալուց հետո չդիմացա ու իմեյլ գրեցի «Հրապարակ» թերթին, որի աշխատակիցն էր Գայանեն... հիմա կոնկրետ չեմ հիշում, թե ինչ գրեցի, բայց մոտավորապես՝ հալալ ա քո կերած կաթը, օրհնվի քեզ կյանք տված մայրը... հետո իմացա, որ նամակը փոխանցել են Գայանեին, ուրախացա, որ ջերմ խոսքերս տեղ են հասել: Նույն տարի Գայանեն արժանացավ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակին, ու երբ մրցանակը ստանալուց քիչ անց համեստորեն կանգնել էր պատի տակ ու լուռ ծխում էր, մոտեցա ու ներկայացա, ասեցի, որ ես էն Արամազդն եմ, որ հիացական նամակ էր գրել, շնորհավորեցի ու հաջողություն մաղթեցի: Իսկ ապրիլյան էդ երեկո ինչ-որ անկյանք մեխանիզմ կյանքից զրկեց էդ փխրուն, զգայուն, պոետ աղջկան, ով էդպես էլ չտեսավ Հաղթանակի օրը... Երբ Մհերի հետ, գետնին շաղ տված ծաղիկներին հետեւելով, հասանք Հաղպատի գերեզմանատուն, տղամարդիկ Գայանեին արդեն հանձնել էին հողին ու լուռ ծխում էին... հետո իջանք Գայանեի հորական տուն, տեսանք Գայանեի զառամյալ հորը... Հայաստանը զրկվեց Գայանե Բաբայանից: Նրա անունով մի օր կկոչեն դպրոց ու փողոց, մի օր դպրոցական մի քրեստոմատիայի մեջ կմտցնեն նրա գրած մի բանաստեղծություն կամ հոդված, իսկ էսօր ընդամենը էս հուշն եմ գրում իմ կողմից՝ պարտքս, որպես շարքային ընթերցողի, որ չկարողացանք պահել էդ գանձ-աղջկան...
Ամալյա Կոստանյանին առաջին անգամ հանդիպեցի ՄԻԺԻ-ում, կարծեմ 2001-ին: Էությամբ հեղափոխական էր, մտքեր հեղափոխող: Դա էր իր կոչումն էս կյանքում, իր առաքելությունն ու կյանքի գործը: Անձամբ ծանոթացանք ավելի ուշ, հանգամանքների բերումով: Գալիս էր մեր հանրահավաքներին, մի քանի բառ էինք փոխանակում... ես հպարտանում էի, որ ինքը գալիս էր մեր միտինգներին, ուրախանում էի, երբ եվրոյոնջաների հետ կարողանում էր լեզու գտնել էնպես, որ մի համարձակ գործ առաջ գնա, մի համարձակ հրատարակություն պատրաստվի, մի համարձակ հարցում արվի: Գիտեի, որ դա հեշտ բան չէր, մանավանդ Հայաստանի նման մի երկրում: Ենթադրում եմ, որ Ամալյայի մահը ցանկացողներ կլինեին Հայաստանում, բայց ոչինչ պնդել չեմ կարող, բնականաբար... Ցավում եմ, որ նման պոտենցիալով անհատ հեռացավ՝ էդքան վաղ, էդքան կիսատ, էդքան անժամանակ... ցավում եմ ու վախենում, որ մնացողներս վայ թե իր արածի կեսն էլ չանենք... Կան մարդիկ, ում մասին ես ասում եմ, որ իրենք վաղվա պոտենցիալ նախագահներ են: Ուրիշ անուն չեմ տա, որ հանկարծ չանիծեմ, բայց Ամալյան էդ շարքից էր: Թրանսփարենսի-ն մի քանի ամիս անց հայտարարեց, որ Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա գլոբալ մրցանակ է սահմանում ԹԻ-ի լավագույն աշխատողի համար: Ամալյայի օրինակով կարելի էր/է սերունդներ կրթել...
Արշալույս Հակոբյանին, առանց իրեն ճանաչելու, փնտրել եմ մոտ կես տարի: Մի հետաքրքիր բան եղավ հերթական միտինգներից մեկի ժամանակ. լրագրողներից մեկն ինձ փոխանցեց 4 GB տարողությամբ մի SD քարտ ու ասաց, որ գտել է միտինգի հարթակից, այսինքն՝ Մատենադարանի դիմացի տարածքից: Հանձնողին չեմ հիշում, բայց ինքը վստահ ասեց, որ ես հաստատ կգտնեմ տիրոջը... ա՛յ մարդ, էդ քարտը դառավ իմ մղձավանջը... մեջը Jethro Tull խմբի երեւանյան համերգի ֆոտոներ էին ու ՀԱԿ երթի ֆոտոներ: Ծանոթ դեմքեր չկային: Հետագա ամիսներին զանգել եմ իմ ճանաչած ֆոտոլրագրողներին, խոսել լրագրող ընկներներիս հետ, հարցուփորձ արել... ոչ մի կերպ չէի գտնում քարտի տիրոջը: Նույնիսկ հայտնի լուսանկարիչներից մեկը վերցրեց՝ մտածելով, որ իր կոլեգայինն է, հետո զանգեց ու վերադարձրեց... ոնց եղավ, մի օր պայծառացում եղավ մոտս, ու ես ֆոտոներից մեկում երեւացող իմ լրագրող ծանոթներից մեկի միջոցով գտա քարտի հեղինակին. Արշալույս Հակոբյանն էր, Հելսինկյանի ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ, ում նստացրին նրա համար, որ իր տուն ներխուժած ոստիկաններին կարգի էր հրավիրել...
Աշոտի մահը առեղծվածային, անակնկալ ու անհասկանալի էր: Գիտեմ, որ սիրված ու հարգված մարդ էր, ու շատ-շատերը մեծ ցավ ապրեցին... Իր երեխաները կարող են գլուխները բարձր ապրել. ունեցել են սկզբունքային, կիրթ, բարի հայր, ում հետեւից անեծքներ չեն հնչել, այլ հոգու հանգստության մաղթանքներ...
Անդրանիկ Հովհաննիսյանի մասին գրել եմ իմ բլոգում. մեջբերեմ:
«Ոմանք երեւի կհասկանան, թե իմ համար ինչքան ծանր ու դժվար ա գրելը Անդրանիկի (
andrewhov ) մահվան, էս լրիվ անժամանակ վրա հասած ողբեգության մասին...
Մենք հանդիպել էինք ընդամենը մի-երկու անգամ... ես գիտեի, որ ինքը կա, ու զուտ իր գոյությունն արդեն հսկայական, ահռելի բարեբախտություն էր, շնորհ... (նաեւ ի՛նձ համար): Էդ մարդը լույս տվող մարդ էր, լույս ու ջերմություն, ու նույնիսկ ես էի դա զգում... Իմ մոտ ընենց զգացում ա, որ ինքը ուժեղ լինելու դաս տվեց բոլորիս ու համեստորեն հեռացավ...
Համբերություն Անահիտին ու բալիկներին, խաղաղություն՝ իր հոգուն:»
Մեր մեծ Մաեստրո ու Քաղաքացի Օհան Դուրյանն ու պարկեշտության ու նվիրվածության մարմնացում Անահիտ Բայանդուրը հեռացան արդեն 2011-ին, առաջին օրերին, ու նրանց կորստով շարունակվեց նախորդ տարվա տխուր ընթացքը...
Բայց կյանքը կյանք չէր լինի, եթե կորուստների կողքին չլինեին ծնունդներ ու չստեղծվեին նոր ընտանիքներ, չնայած էդ մանուկները դեռ պետք է շատ ջանան՝ լրացնելու գնացածներից հետո մնացած վիհը...
Անցյալ տարվա պստոներից հիշում եմ՝
Մհերի ու Լուսինեի Ծովինարին
Դավիթի ու Արմինեի Եվային եւ Վահեի ու Արփինեի Վահագնին
Սուրենի ու Սիրանի Ռուբենին
Վարդանի ու Լիանայի Միսակին
Բոլոր նորածիններին, որոնցից շատերն արդեն մեկ տարեկան են :), առողջություն ու խաղաղ մանկություն եմ մաղթում:
Դե իսկ նորապսակներից չեմ կարող չհիշել ու ներդաշնակ համատեղ կյանք ու առողջ բալիկներ չմաղթել՝
Դավիթին ու Մարինին
Գուգոյին ու Արեգին
Հրաչին ու Մաշային
Վարդանին ու Աննային
Էս սիրուն զույգերին-նորակազմ ընտանիքներին սեր, ներդաշնակություն, առողջ բալիկներ ու միմյանց ներելու կարողություն եմ մաղթում:
Վերջաբան
Ինչպես նշեցի վերը, էս տեքստը գրել եմ 2011-ի հունվարին: Ըդենց ստացվեց, որ բլոգումս տեղադրեցի 2011-ի սեպտեմբերին: Կպատահի: Աստված է՛լ բեթարից ազատի :)