Բանտային օրագիր. Սերժանտական հարձակումներ

Nov 06, 2010 09:42

Հանրությունն, ահա, հերթական տեղեկատվությունն ստացավ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իմ դեմ կազմակերպված միջադեպի մասին: Միանգամից ասեմ` լուրը համապատասխանում է իրականությանը, եւ տեղի ունեցածը հարմար առիթ է մինչ օրս «Կոշում» իմ անձի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին ավելի ամբողջական խոսակցություն ծավալելու համար:

Ահա, ընկե՛ր` քեզ մի դրոշ

Հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ի երեկոյան: Դատապարտյալների շրջանում «սալդաթի» համարում ունեցող անձինք էին ներգրավված օպերացիայում: «Սալդաթները», ինչպես արդեն նշել եմ` տարբեր հանձնարարություններ կատարող դատապարտյալներ են: Նրանք ստանում են ուժային բնույթի տարբեր հանձնարարականներ եւ իրագործում դրանք: Այլ դատապարտյալների նկատմամբ բռնությունների, ահաբեկումների գործողությունները հենց սրանց միջոցով են կատարվում:

Օպերացիան սկսվեց մոտավորապես հետեւյալ կերպ. նախ` իմ քնելատեղի մոտից, մոտակայքից տարբեր պատրվակներով հեռացվեցին հնարավոր վկաները, փակվեցին մուտքերն ու ելքերը, եւ որպես հանցագործ աշխարհի ներկայացուցիչ հանդես եկող մեկը սկսեց ագրեսիվ տոնով բացատրություններ պահանջել, թե ինչու ինձ սովորական կալանավորի նման չեմ պահում: Զսպված կոշտությամբ հակընդդեմ պահանջով հանդես եկա` բացատրել, թե կոնկրետ ի՞նչ պրետենզիաներ են ինձ ներկայացվում: Այսինքն` ո՞րն է ինձ ներկայացվող մեղադրանքը, եթե այդպիսին կա, ո՞րն է ինձ ներկայացվող պահանջը, եթե այդպիսին կա: Ինչպես եւ սպասում էի` ասելիքը անհստակ էր եւ ընդհանուր: Թերթում տպագրվող հոդվածները, իմ քաղաքական գործունեությունը եւ իմ պահվածքն ընդհանրապես դուրեկան չի բազմաթիվ «արժանի» մարդկանց: Բնականաբար` ասացի, որ իմ հոդվածները, լրագրողական եւ քաղաքական գործունեությունը չեմ պատրաստվում քննարկել որեւէ մեկի հետ` անկախ նրանից` «արժանի՞» է այդ մեկը, թե անարժան: Հասկանալով, որ այս թեման իսկապես շարունակություն ունենալ չի կարող` նշված օպերացիայի գլխավոր «սալդաթը» փոխեց տակտիկան եւ արտասանեց կարեւորագույն մի նախադասություն. «Քեզ չի ասվե՞լ, որ էդ դրոշը էդտեղից հանես»: Սիրելի ընթերցող, խնդրում եմ շատ ուշադիր լինել իրավիճակը ամբողջությամբ պատկերացնելու համար: Գլխավոր «սալդաթի»` չակերտներում մեջբերված խոսքը Հայաստանի պետական դրոշի մասին է` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Բայց ոչ թե մեծ դրոշի, այլ փոքրիկ` հուշանվերային: Դրա չափերն են` 6 սանտիմետրը 12 սանտիմետրի վրա:

Նման դրոշակ իմ քնելատեղի վրա, իմ գլխավերեւում կախված է եկել կալանքիս ողջ ընթացքում` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հիմա էլ` «Կոշ» ՔԿՀ-ում: «Սալդաթը» ճիշտ էր` նախկին միջադեպերից մեկի ժամանակ հարձակվող բրիգադը ինձնից պահանջել էր վերացնել այդ դրոշը եւ չփակցնել որեւէ տեսանելի տեղում: Այդ պահանջի հիմնավորումներ չեն բերվում. պիտի հանես եւ վերջ. եթե չհանես` վատ կլինի: Նման վերջին խոսակցությունը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ, եւ իմ դրոշը վայրկյան անգամ չի հեռացել իր տեղից: Եւ ահա, նոյեմբերի 3-ի միջադեպի կազմակերպիչները ինձ հետ կապված որեւէ կոնկրետ ասելիք չունենալով` իրենց գործողությունների սլաքը թեքեցին դեպի դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, պահանջելով անհապաղ հանել այն, հանել անվերադարձ: Բնականաբար, պատասխանս միանշանակ էր եւ աներկբա` իմ դրոշը պետք է լինի իմ գլխավերեւում: Այս հարցի շուրջ էր, ահա, որ խոսակցությունը սրվեց, եւ գլխավոր «սալդաթը» հարձակվեց ինձ վրա: Ինչպես լինում է նման դեպքերում` առաջացավ մարդկային կուտակում` հենց իմ քնելատեղի մոտ, եւ դժվար էր տարբերակել` ով ում բարեկամն է: Ու չնայած ՔԿՀ հսկիչները ամեն դատապարտյալի ամեն փռշտոցի վրա հավաքվում են ճանճերի նման, շուրջ 15 րոպե տեւած, գոռգոռոցներով ու բարձր տոնով խոսակցության ընթացքում որեւէ հսկիչ այդպես էլ չերեւաց: Այս պատմությունն ավարտվեց «զգուշավոր քաշքշուկով», եւ կողմերը մնացին իրենց դիրքորոշումների վրա: Հակառակ կողմը պնդում էր, որ ես այլեւս հոդված չպիտի գրեմ թերթում եւ իմ գլխավերեւից պիտի հանեմ Հայաստանի պետական դրոշը: Հիմա դուք կարդացիք հոդված, որ գրված է վերը նշված միջադեպից հետո, իսկ ՀՀ պետական դրոշն էլ շարունակում է զարդարել իմ գլխավերեւը: Եւ այդպես լինելու է միշտ:

Հ.Գ. Առաջիկա գլուխներում կանդրադառնամ «Կոշ»-ում ինձ հետ տեղի ունեցող այլ միջադեպերի եւ որոշ խոսակցությունների, որ դրսում շրջանառվում են այս ամենի կապակցությամբ: http://www.armtimes.com/19037
Անկախ լրագրողների ցանց«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԻմ բլոգը

բեսպրեդել, politics, nikol, Նիկոլ Փաշինյան

Previous post Next post
Up