«Պայծառ ժողովուրդ ունենք»

Oct 31, 2010 21:35

«Ազատությունը շատ կարեւոր է մարդու համար, հատկապես այն մարդու, ով գիտի դրա գինը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղբանտարկյալ, նկարիչ, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը, որը կեսօրին ազատազրկման ժամկետի կեսի լրանալուց հետո Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել: Վերջինս ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման` իբր ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու համար (ՀՀ Քրօր 316 հոդվածի 2-րդ մաս): Մանուկյանը 2 տարի 8 ամիս անցկացրեց անազատության մեջ, չնայած այդ ընթացքում այդպես էլ չհայտնաբերվեց ենթադրյալ տուժող ոստիկանը: Երեկ «Վանաձոր» ՔԿՀ-ի մոտ նրան դիմավորել են հարազատները, կուսակիցները` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

ՔԿՀ-ից նրանք անմիջապես ուղեւորվել են ՀՀՇ Վանաձորի գրասենյակ` տոնելու քաղբանտարկյալի ազատությունը: Ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո քաղբանտարկյալին հեռախոսով շնորհավորել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Շատ լավ եմ, ինչպե՞ս պետք է լինեմ, երբ շրջապատված եմ հարազատ մարդկանցով»,- քաղբանտարկյալն այսպես է պատասխանել իր որպիսության վերաբերյալ մեր թղթակցի հարցին: Խոսելով իր եւ իր ընկերների ազատազրկման մասին, Աշոտ Մանուկյանն ասել է. «Սա քաղաքական պատվեր էր, փորձեցին կոտրել պայքարի ոգին, ազատական շարժման ոգին, բայց իրենց ոչինչ չհաջողվեց, իրենց ամենամեծ սխալը հենց դա էր, որ սխալ էին հաշվարկել, էդ ոգին իրենք ավելի բարձրացրին, ավելի հզորացրին: Մենք անցանք փորձություններով եւ ավելի լավ գիտակցեցինք մեր պայքարի անհրաժեշտությունը»: Եւ ինչպես ազատազրկելն էր քաղաքական պատվեր, այնպես էլ, ըստ Մանուկյանի, քաղաքական էր իրեն ազատ արձակելու մասին որոշումը. «Դուք եւ որեւէ մեկը իրավական լուծումներ մի փնտրեք ոչ ազատազրկման, ոչ ազատման մեջ: Սա քաղաքական լուծում էր, կայացված մեր պայքարի արդյունքում»,- ասել է Մանուկյանը: Մեր թղթակցի հարցին, թե արդյոք հավատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե շուտով բոլոր քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, Մանուկյանն ասել է. «Համոզված եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ վերացական ոչինչ չի ասել` ի տարբերություն շատ-շատերի: Նրա բոլոր ասածները հիմնավոր են... Ես իմ ազատազրկված ընկերներին մաղթում եմ համբերություն, կորով, ամրություն... չէ, չեմ ուզում առանձնապես էդպիսի բառեր ասել, որովհետեւ իրենք արդեն այս ընթացքում ապացուցեցին իրենց ամրությունը, իրենց նվիրվածությունը, իրենց կորովը: Միայն ազատություն եմ մաղթում»: Մանուկյանը նշել է, թե ակնհայտ է, որ իշխանությունները չպատժվելու համար շուտով փախչելու են: «Ես էդ Սերժին, Ռոբին, մյուսներին առանձնապես չեմ մեղադրում, նրանք հետեւանք են, ես ավելի շատ մեղադրում եմ էն միջավայրը, որը ծնում է Սերժ ու Ռոբերտ: Եթե ճահիճը չլինի, շերեփուկներ չեն աճի: Մեր ժողովուրդը պայծառ ժողովուրդ է»,- ասել է նա: Մեր թղթակցի հարցին` ի՞նչ եք անելու այսուհետ, Մանուկյանը պատասխանել է. «Ես չեմ հանգստանալու, 2 տարի 8 ամիս հանգստացել եմ եւ հենց էս պահից լծվում եմ հզոր պայքարի, առաջին հերթին` անազատության մեջ գտնվող իմ ընկերների եւ հետո` իմ ժողովրդի, իմ պետության ազատության համար պայքարին»:

http://www.armtimes.com/18882



Անկախ լրագրողների ցանց«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԻմ բլոգը

politics, Աշոտ Մանուկյան, հոգեւոր, anc, ՀԱԿ, անձնական, քաղբանտարկյալներ

Previous post Next post
Up