Հայաստանը նման է թալանվող տարածքի
21 May 2010
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ռեժիսոր Արա Շիրինյանը
- Կինոյում ամեն ինչ ռեժիսորի ձեռքում է, ու որպես կանոն, այն գրեթե միշտ դրական է ավարտվում: Իսկ մեր բարոյալքված, քրեական, խեղված իրականությունն ի՞նչ ավարտ է խոստանում:
- Իրականությունը խեղել են մեր քաղաքական ռեժիսորները, ովքեր սցենար գրել չգիտեն, ծանոթ չեն մասնագիտական կանոններին, դերակատարներին ընտրել են արյունակցական կապերով, եւ կարծեմ թե չեն էլ պատրաստվում որեւէ բան ստեղծել... Վերջին 3 տարում իշխանությունը զբաղված է միայն իրեն պահպանելով: Նույնիսկ արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամոն` ընդամենը դրսից լեգիտիմություն կորզելու անպտուղ ջանք է, ուրիշ ոչինչ: Այսպես երկար շարունակվել չի կարող... համենայնդեպս` առանց կորուստների: Հիմա մենք այդ կորուստների շեմին ենք:
- Ի՞նչ կորուստների մասին է խոսքը, կմանրամասնեի՞ք:
- Որպես կանոն, քաղաքական սխալները հանգում են նյութական կորուստների: Դրանք արդեն տեսանելի են: Ամենամեծ կորուստը Հայաստանի ինքնիշխանության (սուվերենության) կտրուկ նվազումն է: Մեր փոխարեն արդեն որոշում են գազի գինը, առաջարկում են փոխել մայրենի լեզվի ստատուսը, որն, ի դեպ, ինքնիշխանության հիմնական ատրիբուտներից մեկն է: Այսօր Մոսկվան Հայաստանի վրա ազդելու ավելի շատ լծակներ ունի, քան, ասենք, Կամչատկայի վրա: Չեմ զարմանա, եթե մի օր հայտնվենք ռուսական ռուբլու գոտում: Արտաքին պարտքն աճում է, բնական պաշարները` անխնա սպառվում: Հայաստանը նման է թալանվող տարածքի, հատկապես Երեւանը... ով հասնում` մի կտոր յուրացնում է: Ակնհայտ է, որ այս իշխանությունները չեն կառավարում երկիրը, այլ վատնում են նրա բնական եւ մարդկային ռեսուրսները: Նրանց հոգեբանությունն է այդպիսին` երկրի հարստությունը հանձնել յուրայիններին, որ հավատարիմ ծառայեն:
Հաջորդ նկատելի կորուստը մարդկային կապիտալի սպառումն է: Խոսքը բնավ արտագաղթի մասին չէ, թեեւ դա էլ է խնդիր: Ես նկատի ունեմ մարդկային որակների դեգրադացիան: Այս ռեժիմի պահպանումը փչացնում է հայի տեսակը` բուծելով գող չինովնիկներ, քծնող մտավորականներ, վատնող գործարարներ, անորակ մասնագետներ եւ այլն: Նախարարը կարող է ասուլիսում հպարտանալ, որ ծառայում է անձամբ պրեզիդենտին:
Այսօր մարդու արժանիքները, մասնագիտական հմտությունը, գիտելիքները այլեւս դեր չեն խաղում նրա կենսամակարդակի բարելավման վրա: Եվ հակառակը, կլանային տնտեսությունը թույլ է տալիս գերշահույթ ստանալ առանց հանրօգուտ եւ արդյունավետ աշխատանքի: Պատահական չէ, որ մեր ազգային բուրժուազիան գրեթե ոչինչ չի ստեղծում, միայն սպառում է: Օլիգարխները հարստանում են` յուրացնելով հանրային սեփականությունը, շահագործելով ունեզուրկ բնակչության աշխատանքը: Պետությունը չի վերահսկում այս գործընթացը, որովհետեւ ինքն է մասնակցում ժողովրդի կեղեքմանը: Ստեղծված է զուգահեռ պետություն, որի ներսում սահմանված գողական օրենքները ամբողջությամբ փոխարինել են Սահմանադրությունը: Իսկական պետությունը ողորմելի վիճակում է:
Վերջերս իմացա, թե որքան է ստանում պետությունից Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցիչը ամսական մեկ աշակերտի հետ պարապելու համար... մի թեյավճարի չափ: Եթե մեր բիզնես էլիտան այդքան լավն է, որքան փորձում է ներկայանալ, ինչո՞ւ չի պահանջում, որ իրենց վճարած հարկերից պետությունը մարդավայել աշխատավարձ վճարի ուսուցիչներին... Որովհետեւ նրանք ընդունել են իշխանության առաջարկը` թալանել հանրային ռեսուրսները եւ պահպանել այս խայտառակ համակարգը:
Հուսալ, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս ամենը կշտկի վերեւից` միամտություն է: Հատկապես, որ այստեղ շտկումները որեւէ բան չեն փրկի, անհրաժեշտ է ավելի լուրջ միջամտություն: Եթե համեմատելու լինենք մեր պետությունը համակարգչի հետ, ապա պետք է ֆորմատ անել մայր դիսկը, եւ տեղադրել նոր, արդիական, լիցենզավորված օպերացիոն համակարգ: Եվ առաջինը, ինչ պետք է տեղադրվի այդ համակարգչի մեջ, կեղծված ընտրությունները կանխող հակավիրուսային ծրագիրն է:
- Եթե չեմ սխալվում հենց ինտերնետային ցանցում` facebook-ում, ծնվեցին մի շարք նախաձեռնություններ` ստեղծված իրավիճակները փոխելու, խնդիրներ բարձրաձայնելու համար: Մասնավորապես` շարժումը, որը պայքարում է կրթության եւ գիտության նախարարության օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնության դեմ, ինչ եք կարծում` կարո՞ղ է հենց Ձեր ասած հակավիրուսային ծրագիրը լինի:
- Այո՛, խումբը ձեւավորվեց facebook-ում եւ այնտեղից էլ համակարգում է պայքարը: Բայց կան ուրիշ խմբեր, բազմաթիվ մարդիկ, անհատներ, ովքեր իրենց միջավայրում հնարավոր միջոցներով նույնն են անում: Եվ ես շատ կզարմանամ, եթե այս պայքարը հաջողությամբ չպսակվի:
- Իսկ ինչո՞ւ հանկարծ մեր իշխանությունները որոշեցին վերաբացել օտարալեզու դպրոցները Հայաստանում:
- Մեր իշխանությունների մոտ սա արդեն համակարգային դեֆեկտ է, ինչին դիպչում են` մի այլանդակություն է ստացվում: Հիմա էլ` կրթության որակը իբրեւ թե բարձրացնելու այս նախաձեռնությունը: Բավական է լսել ԿԳ նախարարի հիմնավորումները, որպեսզի հասկանալի դառնա այս պրոյեկտի ամբողջ անհեթեթությունը: Օրինակ` աշխարհի հետ խոսենք աշխարհի լեզվով` դատարկ հայտարարությունը, որը ոչ մի կապ չունի հանրակրթության հետ: Կամ, ասենք, օտարալեզու դպրոցները իրենց հետ կբերեն ինվեստիցիաներ: Իհարկե, կբերեն: Բայց սա նշանակում է, որ իշխանությունները վաճառքի են հանել Հայաստանի սուվերենությունը` իրենց չունեցած լեգիտիմությունը ձեռք բերելու համար: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը որոշել է նախկին ԽՍՀՄ տարածքներում վերականգնել ռուսերեն լեզվի ստատուսը եւ մշակութային գրավչություն ապահովել իր քաղաքական ազդեցությունն ընդլայնելու համար: Վերջին մեկ տարում այդ նպատակով հիմնադրվել են ռուսաստանյան գիտության եւ մշակույթի կենտրոններ ԱՊՀ բոլոր երկրներում, նաեւ Երեւանում:
Օտարալեզու դպրոցները Հայաստանում ոչ թե բարձրացնելու են կրթության որակը, այլ ընդհակառակը` դարձնելու են այն մակերեսային: Համաշխարհային գիտելիքը մեզ հասու կլինի հիմնականում կոնսպեկտի մակարդակով: Եթե համաշխարհային միտքը մենք չյուրացնենք հայերենով, ապա կդառնանք գիտելիք սպառող ազգ եւ կկորցնենք սեփական գիտելիք ստեղծելու ընդունակությունը, որը ձեռք ենք բերել դեռեւս 5-րդ դարում:
- ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնավորելով օտարալեզու դպրոցներ ունենալու անհրաժեշտությունը, իր հարցազրույցներից մեկում նշում էր մի շարք երկրներ, որոնց փորձը հաշվի է առնվել այս որոշումը կայացնելիս:
- Ուրեմն, «Հայլուրով» նախարարները կարող են հիմնավորել ցանկացած բան, այնտեղ իրենց չեն հակաճառում: Նախարարի բերած Սաուդյան Արաբիայի օրինակը անլուրջ է: Այդ երկիրը միլիարդներ է ծախսում կրթության վրա (բյուջեի 25%-ը, աշխարհում ամենաշատը) եւ միաժամանակ չի խրախուսում ինտերնետը` որպես իսլամական ավանդույթներին խորթ երեւույթ: Ինչի՞ պիտի Սաուդյան Արաբիան մեզ համար օրինակ ծառայի: Նրանց առայժմ հաջողվել է միայն հաղթահարել դարավոր անգրագիտությունը: Մեր խնդիրները համեմատելի չեն: Դուբայը համաշխարհային խառնարան է, 15 միլիոնանոց այդ երկրում ապրում է եւս 6 միլիոն օտարազգի, այնտեղ գուցե եւ կարիք կա օտարալեզու դպրոցների:
ԿԳ նախարարը հղում էր անում նաեւ Հարավային Կորեայի կրթական համակարգին, ինչը շատ զարմանալի է, քանի որ այս երկրի օրինակը հուշում է բոլորովին հակառակը: 90-ականների սկզբին Հարավային Կորեան առաջինն էր աշխարհում գրագիտության մակարդակով` 98 տոկոս: Բնական պաշարներից զուրկ այս երկիրը ազատվել է գաղութատիրությունից 1952-ին: 40 տարի անց երկիրը իրականացրեց աշխարհի ամենատպավորիչ տնտեսական հրաշքը: Հիմա, երբ նոր չափանիշներով է որոշվում ազգի կրթվածության մակարդակը, կորեացիները կրկին առաջինն են` բարձր տեխնոլոգիաներ, ինտերնետ եւ բջջային կապ օգտագործողների քանակով: Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում երկիրը առաջիններից մեկն է աշխարհում: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Հարավային Կորեայի բնակչությունը հասել է այս տպավորիչ արդյունքներին` տիրապետելով ընդամենը մեկ լեզվի` իր մայրենիին: Ընդ որում` կորեական այբուբենը ստեղծվել է միայն 15-րդ դարում: Ես եղել եմ այնտեղ 94-ին եւ 2004-ին: Մայրաքաղաք Սեուլի բնակիչները խոսում եւ հասկանում են անգլերեն ավելի վատ, քան Հայաստանի գյուղաբնակները` ռուսերեն: Անգլերենի իմացությամբ հայ երիտասարդները բնավ չեն զիջում կորեացիներին, թեեւ մեզ համար անգլերենը երկրորդ օտար լեզուն է: Կասկածից վեր է, որ օտար լեզուներին տիրապետողների տոկոսային հարաբերությամբ Հայաստանը գերազանցում է տնտեսապես ավելի զարգացած շատ երկրների: Ուրեմն խնդիրն այստեղ լեզուների իմացությունը չէ, այլ մայրենիով որակյալ գիտելիք ձեռք բերելու հնարավորությունն է: Հենց դա են ապահովել Հարավային Կորեայում, եւ կարիք չկար հեռուստադիտողներին մոլորության մեջ գցել:
- Մարդու իրավունքների պաշտպանը այս նախաձեռնությունը գավառամտությունից դուրս գալու տարբերակ է համարում: Մեզ հետ զրույցում արվեստագետներից ոմանք էլ համամիտ են օրենքը կյանքի կոչելուն` պատճառաբանելով, որ ցանկացած մասնագիտությունից հայերեն գրականություն չկա, այնինչ ռուսերեն` ինչքան ասես, եւ որ որոշումը հավանաբար քաղաքական կոնտեքստ չունի:
- Երբ 60-ականներին ամերիկացիները հասկացան, որ իրենց հանրակրթական դպրոցի մակարդակը պարզունակ է եւ զիջում է սովետական դպրոցներին, չբացեցին ռուսական, ֆրանսիական, ճապոնական դպրոցներ, այլ սկսեցին ռեֆորմները, կոչ անելով` փրկել ազգը: Իսկ մեր ԱԺ պատգամավորները ասում են, դե օտար լեզու է, թող սովորեն, ինչ կա որ: Ցավոք, մեր հասարակության զգալի մասը այդպես էլ չընկալեց օտարալեզու դպրոցների վերաբացման ամբողջ վտանգը: Լեզուն միջոց չէ, լեզուն բովանդակություն է: Այն, ինչ սովորում ես հայերենով, ոչ մի օտար լեզու չի կարող փոխանցել: Մի՞թե այս ճշմարտությունը, անկախ պետականության պայմաններում, մենք դեռ կարիք ունենք ապացուցելու մեր հասարակությանը:
Սիրանույշ Պապյան
http://www.zhamanak.com/article/15101/
«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԱհուրա Մազդա