Ոնց խոստացել էի:
* * *
Երբ մենք ճանաչենք Ցեղասպանությունը, կարիք չենք ունենա նայելու ուրիշ երկրների նախագահների շուրթերին ու սպասելու՝ կարտասանեն «ցեղասպանությո՞ւն» տերմինը, թե՞ դրան շատ մոտ մի բառ: Մեղմ ասած՝ ուշադրություն չենք դարձնի նրանց վրա: Կոպիտ ասած՝ թքած կունենանք:
Իսկ ի՞նչ է պետք Ցեղասպանությունը ճանաչելու համար կամ ի՞նչն է խանգարում մեզ:
Գուցե տարօրինակ թվա, բայց այս հարցերի պատասխանները ստացել եմ հինգ տարի առաջ, երբ Իսրայելում առիթ ունեցա լինելու Հոլոքոսթի թանգարանում: Ցուցադրությանը ծանոթանալով՝ հասկացա, որ ցեղասպանությունն ահավոր է ոչ թե ոճիրի մասշտաբներով, այլ հակառակը՝ մեկ, առանձին մարդու հետ պատահելու հավանականությամբ:
Այս բանը հասկանալու համար պետք է գիտակցել մարդու արժեքը: Եւ երբ այդ արժեքը գիտակցվում է, ժամանակը, տարածությունն ու քանակը դադարում են լինել սոսկ հանգամանքներ եւ անթույլատրելի են դառնում ոչ միայն սակարկությունները քաղաքական բորսաներում, այլեւ՝ պատմական քննարկումները:
Մեզ մոտ, սակայն, վիճակը բոլորովին այլ է: Առանձին մարդուն մենք չենք նկատում: Չենք նկատում, որովհետեւ չունենք առանձին մարդու պաշտպանվածության անհրաժեշտության գիտակցություն: Որովհետեւ առանձին մարդու պաշտպանվածության մեր պատկերացումն ավելին չէ, քան «գլխին գալիքի» սնոտիապաշտության հաղթահարման անկարելիությունը:
Մեզ հետաքրքրողը քանակն է՝ մեկուկես միլիոն: Ով հանդգնի այս թիվը մեկ մարդով պակասեցնել, կոկորդը կկրծենք: Մեկ մարդը կարեւոր է, երբ ամբողջի աղճատման հարց կա, այլ դեպքերում «մի մարդ ավել-մի մարդ պակաս»-ը ոչ մի հարց չի լուծում:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից ու անհատներից շատերի կոկետությունը հենց այստեղ էլ բռնում է: «Լավ, միջազգային կոնֆերանսներում ու սեմինարներում մենք ո՞նց խոսենք մեր տասը զոհերի կամ տասնչորս քաղբանտարկյալների մասին, երբ ուրիշ երկրներում նրանք հազարավոր են». ասում են՝ մոռանալով, որ իրենք մարդու (եզակի) իրավունքների պաշտպան են, ոչ թե չափ ու քանակի վկաներ:
Ստացվում է, որ մենք պետք է լռենք այնքան, մինչեւ այլ երկրներում պակասե՞ն քաղաքական զոհերն ու բանտարկյալները, թե՞ պետք է սպասենք այնքան, մինչեւ մեր զոհերի ու բանտարկյալների թիվն աճի:
Չարենցավանի ոստիկանությունում խաղաղ օրվա ցերեկով երիտասարդ տղայի սպանության դեպքը, որ ոչ միայն բողոքի ալիք չբարձրացրեց, այլեւ չխախտեց հասարակական անտարբերությունը, լիուլի բավական է, որպեսզի որեւէ երկիր կամ Թուրքիան՝ ինքը, չճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Գուցե տրամաբանությունս շատ է կոշտ, բայց եթե հայ ոստիկանը կարող է մարդ սպանել ու չդատապարտվել (խոսքս հասարակական դատապարտման մասին է, ոչ թե այն երկու լեյտենանտի, որոնց կզոհեն), ինչո՞ւ պետք է մեղա գան ժառանգներն այն մարդկանց, որոնք համաշխարհային պատերազմի թոհուբոհի մեջ էթնիկ զտումներ են կատարել:
Գոնե մեկը հեռացվեր աշխատանքից, գոնե մի պաշտոնյա հրաժարական տար, գոնե հետաձգեին կամ դադարեցնեին ոստիկանության օրվա տոնակատարությունները, որ կողքից նայողն էլ հասկանար մարդկության դեմ կատարված ոճրագործությունը դատապարտելու մեր պահանջը:
Մարտի մեկի սպանդի զոհերի ծնողներն այսօր Հայաստանի Հանրապետության դատարաններում ծաղրուծանակի են ենթարկվում, իսկ սառնասիրտ մի պաշտոնյա նրանց երեսով է տալիս աշխարհում չբացահայտված սպանությունների ստատիստիկան:
Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում ապրում են ծայրահեղ չքավորության պայմաններում, իսկ մի խումբ մարդիկ իրենց զավակների հարսանիքների համար օդանավերով ծաղիկներ են ներկրում:
Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում զրկվում են կացարաններից, որպեսզի դրանց տեղում կանգնեցվեն թանկարժեք ու դատարկ շենքեր:
Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում իրենց տղաներին ազգային բանակ են ուղարկում, որ երկու տարի սարսափով սպասեն, թե ինչ կկատարվի նրանց հետ:
Բազմաթիվ հայ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունից ոչ ոտաբոբիկ ու ոչ քաղցած օտարության ճամփան են բռնում, որ հայրենական անորոշությունը փոխեն օտար որոշության հետ:
Իսկ մենք փորձում ենք կռահել, թե Միացյալ Նահանգների նախագահն այս անգամ կարտաբերի՞ համազգային օփիումի նշանակություն ունեցող այդ բառը, թե՞ նորից կպլստա, ինչպես պլստացել են իր նախորդները:
Տիգրան Պասկեւիչյան - Ապրիլ 23, 2010
«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԱհուրա Մազդա