13 գյուղերը տալով` Լաչինը թշնամու տարածքի միջով անցնող միջանցք է լինելու
25 March 2010
Քրիստինե Խանումյան
«Պետք է հստակ ասել` ոչ», - ասում է գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը
- Պարոն գեներալ, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը առաջարկել է Ադրբեջանին ուժի չկիրառման մասին պայմանագիր կնքել: Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը` հաշվի առնելով, որ մենք արդեն ունենք Բիշքեկյան համաձայնագիրը, որի տակ կա նաեւ պաշտոնական Ստեփանակերտի ստորագրությունը:
- Ես միայն մի բան գիտեմ` բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրվել է մեր քաղաքական գործիչների, դիվանագետների կողմից, սկսած 1994 թվականի Բիշքեկյան փաստաթղթից, վերջացրած Մադրիդյան սկզբունքներով, միայն տարակուսանք են առաջացնում: Նույնիսկ կարելի է ասել, որ դրանք ուղղակի չեն տեղավորվում նորմալ մարդկային տրամաբանության սահմաններում: Վերցնենք թեկուզ 94-ին ստորագրված Բիշքեկյան փաստաթուղթը: Այն ժամանակ Ադրբեջանը ուղղակի խնդրեց մեր բոլոր դաշնակիցներին, որպեսզի Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Ադրբեջանն այն ժամանակ արդեն բանակ չուներ, այն ամբողջությամբ կազմալուծված էր, եւ մեր առաջխաղացումը հետագայում լուրջ վտանգ էր ներկայացնում Ադրբեջանի համար: Սակայն մենք ընդառաջեցինք ԱՊՀ երկրներին եւ խաղաղ պայմանագիր կնքեցինք: Ամենահետաքրքիրը, սակայն,
այդ փաստաթղթում այն է, որ դրա տակ ստորագրել է Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ, եւ հայկական կողմի երկու ներկայացուցիչներ` Կարեն Բաբուրյանն ու Բաբկեն Արարքցյանը: Եվ գլխավորը` այնտեղ գրված է, որ մեր զինուժը պետք է դուրս բերվի այդ տարածքներից: Այսինքն` հենց ամենասկզբից մեր դիվանագիտությունը ուղղված էր նրան, որ այն ամենը, ինչ մենք գրավել ենք, պետք է աստիճանաբար վերադարձնենք: Եվ հետագայում դա այդպես իներցիայով գնացել է եւ տարածքային ամբողջականության գաղափարը սկսել է գերակա համարվել ազգերի ինքնորոշման իրավունքից: Եվ Մադրիդյան-ում արդեն առաջին սկզբունքը սկսել է ավելի կարեւորվել:
- Պարոն գեներալ, բայց Բիշքեկյան պայամանագիրը արդեն կա, որի տակ կա Ղարաբաղի ստորագրությունը, իսկ Սարգսյանը հիմա առաջարկում է նոր փաստաթուղթ ստորագրել: Իսկ ո՞ւր են երաշխիքները, որ այս նոր փաստաթղթի տակ կլինի նաեւ Ղարաբաղի ստորագրությունը:
- Այն ժամանակ այդ ամենը կատարվեց Ռուսաստանի հովանու ներքո, ՌԴ-ն այդ պայմանագրի երաշխավորի դերում էր հանդես գալիս: Իսկ հիմա եթե ստորագրեն այդ փաստաթուղթը, այստեղ արդեն գլխավոր դերակատարությունը կունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը` ավելի ընդարձակ, եւ հեղինակավոր միջազգային կառույց, որին աշխարհը, ՄԱԿ-ը տվել է բանակցությունները վարելու լիազորություններ: Սա ինչպես կլինի` դեռ դժվար է ասել: Համենայնդեպս, այսօր մեր կողմից վարվող քաղաքականությունը ես չեմ հասկանում: Մենք ունե՞նք փախստականներ` ունենք: Բայց նրանց մասին որեւէ մեկը չի խոսում: Ադրբեջանցիները անընդհատ խոսում են Խոջալուում կատարված ցեղասպանության մասին, մինչդեռ իրական ցեղասպանությունը տեղի է ունեցել Սումգայիթում, Շահումյանում, Բերդաձորում: Այն, ինչ արեցին իրենք, մեր վրա բարդեցին, եւ հիմա «Եվրանյուզը» մի ամիս շարունակ ցույց է տալիս այդ «խեղճ» ադրբեջանցի փախստականներին:
- Պարոն գեներալ, իսկ ո՞վ է մեղավոր, եթե հայկական կողմը դրան համարժեք արձագանք չի տալիս:
- Նայեք, թե ով է ղեկավարում մեր ԱԳՆ-ն: Վերջերս հեռուստատեսությամբ խոսում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եւ խոսում է այն մասին, թե ԱՄՆ-ի համար ինչ նշանակություն ունեն նավթամուղները, իրենց դաշնակիցները եւ այդ պատճառով, իրենց շահերից ելնելով, պետք է սատարեն իրենց դաշնակիցներին: Նայեք, նրանք կշեռքի նժարին են դնում հանցագործությունն ու շահերը:
- Պարոն գեներալ, բայց մի՞թե նորմալ չէ, որ որեւէ երկրի ղեկավարություն առաջին հերթին մտահոգվում է սեփական երկրի շահերով:
- Նորմալ է, նրանք ճիշտ էլ անում են: Նանք իրենց հետաքրքրություններն են ներկայացնում: Իսկ մե՞նք: Մերոնք պետք է աշխարհին հասկացնել տան այնպես, ինչպես դա անում է Իսրայելը: Պետք է նրանց նման ասեն` ովքե՞ր են ամերիկացները, որ մեր հարցերը լուծեն, մենք ենք մեր հարցերը լուծելու: Ահա, նրանք իրենք են լուծում իրենց ազգային հարցերը` ի շահ իրենց ազգի: Իսկ մեզ մոտ ես չգիտեմ: Մեղավորը մեր ղեկավարությունն է, որը չի ուզում հասկանալ իրողությունը: Իհարկե, Սերժ Սարգսյանի «Եվրանյուզի» վերջին հարցազրույցը բավականին դրական արձագանքներ է տվել, եւ բոլորի անհանգստությունը փարատել է, բայց դա ինձ չի բավարարել, որովհետեւ ես գոհ չեմ մեր ԱԳՆ-ի հետագա աշխատանքից, նրանք կարծես չորեքթաթ վիճակում լինեն: Ուրիշ երկրներն էլ ԱԳ նախարարներ ունեն, ովքեր ուղիղ հայտարարում են, թե ամեն ինչ պետք է արվի ի շահ Թուրքիայի: Ինչո՞ւ մերոնք չեն պատասխանում իրենց կոլեգաներին: Իրենց կոլեգաներն են, ես պատասխանել չեմ կարող, դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, դա նախարարի պարտականությունն է: Պատասխանեք: Տեղակալներ ունեք, թող պատասխանեն: Կամ դուք, պարոն Նալբանդյան, պատասխանեք, դիվանագիտորեն պատասխանեք, որպեսզի մենք տեսնենք, որ հավասար խաղ է գնում:
- Պարոն գեներալ, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ պայմանավորվածություն կա այն մասին, որ բացի 5 շրջաններից, Հայաստանը առաջնահերթ կերպով պետք է վերադարձնի Լաչինի շրջանի եւս 13 գյուղեր: Դուք, որպես այդ տեղանքին լավագույնս ծանոթ անձնավորություն, կարո՞ղ եք ասել, թե այդ ի՞նչ գյուղերի մասին է խոսքը:
- Խոսք է գնում Լաչինի շրջանի մասին: Լաչինի շրջանը հայտնի է` այն ճանապարհն է, որը Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ: Եթե մենք նայենք Շուշիի կողմից եւ իջնենք ներքեւ, ապա կտեսնենք այդ տարածքը. 10 գյուղ ճանապարհի ձախ կողում է (Քելբաջարի ուղղությամբ) եւ եւս 3 գյուղ ձախ կողմում` դեպի Իրան: Դրանք նախկինում ադրբեջանական գյուղեր են եղել: Այդ գյուղերը ժամանակին ձեւավորվել են այն բանի հաշվին, որ այնտեղ լավ արտովայրեր են եղել, եւ քանի որ ադրբեջանցիները քոչվորներ էին, այնտեղ սկզբից ապրել են վրաններում, հետո սկսել են տներ կառուցել: Դրանք մեծաքանակ բնակչություն ունեցող գյուղեր չեն եղել. ընդամենը 10-15 ծուխ է ունեցել ամեն մեկը, որոնք հետագայում որպես գյուղ նաեւ գրանցվել են քարտեզների վրա: Խոսքը հիմնականում` Քելբաջարի եւ Լաչինի շրջանների միջեւ ընկած գյուղերի մասին է:
- Պարոն գեներալ, այդ գյուղերի կարեւորությունը ո՞րն է, ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում այդ գյուղերը:
- Դա շատ կարեւոր հարց է, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ են ուզում նրանք: Ինչպես արդեն նշեցի, Ղարաբաղը Հայաստանի հետ կապում է Լաչինի ճանապարհը: Նրանք գիտեն, որ ամեն դեպքում ստիպված են լինելու Լաչինի ճանապարհը թողնել մեզ, եւ խնդիր ունեն, որպեսզի Լաչինի այդ ճանապարհը նեղացնեն: Նրանց խնդիրը նեղացնելն է` վերցնել ե՛ւ աջից, ե՛ւ ձախից, եւ թողնել ընդամենը ճանապարհ, հետո ե՛ւ աջից գնդացիրներ կդնեն, ե՛ւ ձախից, ու կասեն` խնդրեմ հայեր, գնացեք-եկեք, երթեւեկեք:
- Այսինքն` եթե անգամ հայկական կողմին հաջողվի Լաչինի միջանցքը պահել` այն նույն կարգավիճակով, ինչ Ղարաբաղը, Լաչինը բառիս բուն իմաստով «միջանցք» է լինելո՞ւ:
- Այո, դա, բառիս բուն իմաստով, թշնամու տարածքի միջով անցնող միջանցք է լինելու: Եվ հենց այդ պատճառով, ըստ իս, Սերժ Սարգսյանը գնաց նրան, որ հայտարարեց, թե ինքը համաձայն է այդ հինգ շրջանների վերադարձին, բայց այստեղ ամենակարեւորը` անվտանգության երաշխիքներն են:
- Ստացվում է, որ Ադրբեջանը այդ գյուղերը պահանջելով` փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել հենց բուն ճանապարհի՞ն, մայրուղո՞ւն:
- Իհարկե, նա հասկանում է, որ Ղարաբաղի կարգավիճակը այսկերպ, թե այնկերպ պետք է որոշվի, որովհետեւ մնացած տարբերակները բացառվում են: Բայց առանց Հայաստանի հետ կապի` Ղարաբաղը չի կարողանա: Այդ իսկ պատճառով, երբ որ կգա փաստաթղթեր ստորագրելու ժամանակը, այդ ճանապարհը թողնելու են` չեզոք կարգավիճակո՞վ, թե՞ այլ, էական չէ: Իսկ ադրբեջանցիները ուզում են, որ դա էլ իրենցը դարձնեն, իսկ դրա համար նախ սկզբից պահանջում են այդ գյուղերը, որպեսզի աջից եւ ձախից ազատեն տարածքը, եւ օգտագործեն այդ մոտիկությունը:
- Իսկ որքա՞ն տարածքի մասին է խոսքը, քանի՞ կիլոմետրի:
- Բավականին մեծ տարածք է. ճանապարհի երկայնքով` մոտ 40 կմ` Շուշիից մինչեւ Տեղ: Եվ մոտ 10 կմ էլ դեպի խորքը:
- Պարոն գեներալ, ըստ ձեզ, հայկական կողմի պատասխանը ո՞րը պետք է լինի:
- Հայկական կողմը ոչ մի դեպքում չպիտի համաձայնի վերադարձնել այդ գյուղերը, հասկանո՞ւմ եք, այստեղ անվտանգության խնդիրներ կան: Ճանապարհը, որը կմնա մեզ` Ղարաբաղը Հայաստանին կապելու համար, այն կունենա այդ դեպքում մեկուսացված կարգավիճակ: Ոչ մեկը այդ ճանապարով չի ցանկանա երթեւեկել: Իսկ մենք արդեն նման փորձ ունեցել ենք սովետական տարիներին, 90-ականների սկզբին: Այստեղ կոնկրետ եւ հստակ պատասխան է պետք` Հայաստանը պետք է ասի, որ միջազգային հանրությունը պետք է մեզ անվտանգության երաշխիքներ տա: Իսկ անվտանգության երախիքն այն է, որը իրականում գոյություն ունի, իսկ իրականությունն էլ այն է, որ չի կարող լինել նեղ ճանապարհ եւ այդ գյուղերի վերադարձ: Այսինքն` կարեւոր է ոչ միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ նաեւ` Լաչինի կարգավիճակի հարցը: Հակառակը` ուղղակի նվերի նման մի բան կլինի Ադրբեջանի համար: Պետք է հստակ ասել` «ոչ»:
http://www.zhamanak.com/article/14426/ «Հայկական ժամանակ»Ask Nikol a question