Սրտիցս ա գրել: Երեւի 2003-ն էր, մի նման բովանդակությամբ նամակ էի գրել «Ազգ» օրաթերթին, չէին հավատացել, որ անունս իրականում Արամազդ է: Պատասխան էին տպել, թե` մեր ընթերցողը, ով ներկայացել է կեղծանունով... LOL :)
Իմիջիայլոց, շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին` մարտի 1-ի, 7-ի, 9-ի ու հատկապես ապրիլի 7-ի առթիվ :)
* * *
Ինչո՞ւ եմ վախենում մարտի 8-ը նշողներից
Միանգամից պատասխանեմ.
- Վտանգ եմ տեսնում: Ու սա, ինչ-որ անհասկանալի ու նորահայտ «ֆոբիա» չէ, այլ` իրական վտանգ: Ինձ թվում է, ավելի ճիշտ կլինի ասել` ես համոզված եմ, որ նրանք վտանգում են իմ հայրենիքի այդքան թանկ գնով ձեռք բերված մեծագույն արժեքը` անկախությունը: Ես վախենում եմ, որ վաղը նրանք կնշեն նաեւ նոյեմբերի 7-ը, նոյեմբերի 29-ը եւ այլն: Մտահոգ եմ, որ վաղը Լենինի արձանը նորից կանգնեցնելու հարց կբարձրացնեն, Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու ստորագրահավաք կնախաձեռնեն, ԽՍՀՄ-ը կփորձեն վերականգնել ու էլի մի շարք անհավանական բաներ...
Վախենում եմ, բայց եւ զարմանում` թե ինչու՞, ավելի ստույգ` ինչպե՞ս եղավ, որ անկախության հռչակումից քսան տարի անց էլ չենք կարողանում «սովետը» մեր միջից արմատախիլ անել, այդ ինչպե՞ս պատահեց, որ «սովետը» չտեսած, «սովետի» օրոք չապրած երիտասարդը (պատանին, երեխան) կարող է «սովետի» մասին այնքան գուրգուրանքով, կարոտով ու սիրով խոսել, որ, ուրիշ բառակապակցություն չօգտագործեմ` մազերդ բիզ-բիզ կանգնեն:
Մազերս «բիզ-բիզ» կանգնեցին այս տարվա փետրվարի 23-ին:
Տիգրան անունով տղաս, որ ընդամենը տասը տարեկան է, դասից եկավ ու ոչ այս, ոչ այն, թե` հայրիկ, տոնդ շնորհավոր:
Տիգրան անունը կրող, «պապային» հայրիկ դիմող, պատշգամբից եռագույն դրոշը կախող, «Վահագնի ծնունդը» դեռ երեք տարեկանում անգիր ասող ու «Սասնա ծռեր» կարդացող տղաս երեւի շատ զարմացավ հայրիկի վեր ցցվող հոնքերն ու տարակուսած հայացքը տեսնելով: Փորձեց պարզաբանել.
- Էսօր բանակի օրն է,- ասաց, հետո կմկմաց,- բայց չէ, բանակի օրը հունվարի 28-ին էր, ուրեմն տղամարդկանց օրն ա:
Ամենաշշմելուն այն էր, որ նվեր էլ ուներ ինձ համար: Պարզվում է դասարանի աղջիկները իրենց տղաների «տոնի» առթիվ դրամ են հավաքել ու մի-մի օծանելիք (օդեկոլոն) գնել: Տղաս էլ` ինձ է բերել...
Ա~խր, ի՞նչ ասեմ, տղաս: Մեղավորը դու չես, ոչ էլ քո համադասարանցիները: Մեղավորը քո ուսուցիչների, քո ընկեր-ընկերուհիների ծնողների, մեր հարեւան-բարեկամների, մեր իշխանությունների մեջ նստած «սովետն» է, անբուժելի հիվանդություն «սովետիզմը»:
Ասում եմ անբուժելի, հետն էլ` մտածում. չէ՞ որ «սովետիզմից» ազատվելու ձեւը գիտեինք, ու լավ էլ ստացվում էր: Երբ հանում էինք Ղուկաս Ղուկասյանի, Մաշադի Ազիզբեկովի, Լենինի արձանները` ստացվում էր: Պատվանդանի հարցում, թեեւ մեծ էր դիմադրությունը, բայց մեկ է` ստացվում էր: Փողոցներ, թաղամասեր, քաղաքներ էինք անվանափոխում, հայոց լեզվի շահերն էինք պաշտպանում, հայ մանուկներին ռուսական դպրոցներից էինք փրկում, մեր երեխաներին հայոց պատմություն էինք սովորեցնում ու չէինք էլ կասկածում, որ մի օր հետդարձ ենք անելու:
Ամեն ինչ սկսվեց մի տասը-տասներկու տարի առաջ...
Ու սկսվեց Մարտի 8-ով` տոն, որ ժամանակին նույնքան հանգիստ գրողի ծոցն էինք ուղարկել` համոզված, որ անկախություն կերտող ու անկախության սերունդ դաստիարակող հային կլարացետկինյան պատմությունը հոգեհարազատ չէ: Դիմադրությունը մեծ էր, հակառակվողներ կային, բայց հիշեք` ստացվում էր, հիշեք, որ տարեցտարի վաճառվող ծաղիկների քանակությունը նվազում էր, միջոցառումները պակասում էին, մեր մայրերն ու քույրերն էլ, եթե իհարկե ընդունել էին անկախ ապրելու գաղափարն ու պատրաստ էին նույն ծաղիկն ու նվերը Ապրիլի 7-ին ստանալ, չէին նեղանում: Մի խոսքով` ճիշտ ուղով էինք ընթանում:
Այն ժամանակ շատերը գիտեին, որ փետրվարի 23-ը ընդամենը Կարմիր բանակի կազմավորման օրն էր, այն նույն Կարմիր բանակի, որի ստեղծումից երկու տարի անց, երբ հայտնվեց Այսրկովկասում, առաջին գործով պահանջեց հայկական զորքի դուրսբերումը Արցախից, հետո մինչեւ ատամները զինված, ադրբեջանցի` նույնպես կարմիրբանակայինների ձեռքը բռնած հարձակվեց Զանգեզուրի վրա, հետո, թուրքի հետ համաձայնության գալով, մտավ Երեւան, «սապոգի» տակ առավ իմ երկրի անկախությունը, հետո Երեւանի բանտում կացնահարեց իմ ժողովրդի զավակներին ու էլի շա~տ օրինակներ: Մեկ-մեկ ասում են. «Չէ՞ որ դու էլ ես ծառայել խորհրդային բանակում»: Հետո՞ ինչ: Ես որ ծառայել եմ, ես ու իմ սերնդակիցները, մեր ծնողները, որ անազատ են եղել, ուրեմն ի՞նչ է, պիտի մեր զավակներն է՞լ նույնը անեն: Չէ, ինձ համար, հաստատ, ավելի սրտամոտ ու հարազատ է Հունվարի 28-ը` իմ ազատ Հայաստանի հաղթանակած Բանակի օրը: Կասեք` բառեր են, էլի: Բառեր են, բայց երբ բառի մեջ ոգի է լինում, այն դադարում է սոսկ բառ լինելուց` վերածվելով էության, ու այդ Էությունը մենք ունեինք:
Նույնը Ապրիլի 7-ի ու Մարտի 8-ի մասին: Երբեմն հակաճառում են, թե հենց այնպես, ոչնչից հորինված կամ ընդամենը եկեղեցական տոն է Ապրիլի 7-ը, իսկ Մարտի 8-ը մեր մայրերն ու տատերը դարերով են նշել: Նախ դարերով չէ, ընդամենը հարյուր տարվա պատմություն ունի, եւ եթե ցանկանում եք իմանալ` միայն նախորդ դարի հիսնական թվականներից է համընդհանուր տոնակատարության վերածվել, այն էլ ԽՍՀՄ-ի ու սոցիալիստական ճամբարի երկրների համար: Այլ պետություններում եթե նշվել է (նշվում է), ապա` միայն կանանց իրավունքների պաշտպանության երթերով, ցույցերով եւ այլն:
Ինչ վերաբերում է Ապրիլի 7-ին, նշենք, որ դա միայն Սուրբ կույսի ավետման օրը չէ եւ նոր չէ, որ հայերս կարեւորել ենք այն:
1879 թ. ապրիլի 7-ին Պոլսում հիմնադրվել է «Ազգանվեր հայուհյաց միությունը»:
1880 թ. ապրիլի 7-ին Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում տեղի ունեցած «Թիֆլիսի հայուհյաց բարեգործական ընկերության» հիմնադիր ժողովը հաստատել է նորաստեղծ կազմակերպության կանոնադրությունը:
1908 թ. ապրիլի 7-ին Թիֆլիսում հանդիսավորությամբ տեղի է ունեցել ազգային բարերար Ավետիս Ղուկասյանի նախաձեռնած գրական մրցանակաբաշխությունը, որը դարձել է ավանդական, եւ մի քանի տարի ապրիլի 7-ին հաղթող ճանաչված գրվածքները վերածվել են արժեքավոր գրքերի:
1917 թ. ապրիլի 7-ին Գեւորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը` հաշվի առնելով հայ տիկնանց որբախնամ գործունեությունը հատուկ կոնդակով վերականգնել է կանանց իրավունքները համայնական գործերում:
Հարկ եղած դեպքում` կարելի է էլի օրինակներ բերել:
Կինս կատակով ասում է. «Ամեն ինչ անում ես, որ մարտի 8-ին նվեր չգնես: Տոն է, էլի, ի՞նչ տարբերություն»:
Եթե տարբերությունը չտեսաք, ուրեմն` դուք էլ եք «սովետիզմով» հիվանդ:
Հ.Գ. Մարկ Արենը «Ռեքվիեմ ըստ Հուդայի» աշխատությունում եգիպտական գերությունից ազատված հրեաների մասին այսպիսի տողեր ունի. «Կարեւոր չէ, որ մենք դուրս եկանք Եգիպտոսից, կարեւորը` Եգիպտոսը դուրս գա մեր միջից»:
http://www.armtimes.com/3195