Մի քիչ պոեզիա. Համո Սահյան. «Թելիկ-մելիկ առու», «Ոչինչ չի փոխվի», «Խոսքերիդ համը»

Feb 14, 2010 15:27

«Թելիկ-մելիկ առու»


Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Այցելության գալու
Անրջանքներ լազուր:

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Տանջող տենչանք լալու,
Եվ սիրելու սարսուռ:

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Մամուռի տակ՝ մի բուռ
Պատմության մասունք:

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Լսեք հեռվից-հեռու
Տեսեք ի՞նչ եմ ասում: -

Չգա՞մ ձեզ պահ տալու
Ինչ որ ունեմ մաքուր,
Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
* * *


«Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
* * *

«Խոսքերիդ համը»

Աշխարհն այնպես պարզ, այնպես դյուրին էր:
Ձեր տան ստվերը մեր կտուրին էր:

Ձեր ածվի փեշը մեր պատի տակ էր,
Մեր առվի մեղքը ձեր դատի տակ էր:

Ձեր ամեն ինչը մերից շքեղ էր,
Մեր կտուրը` հող, ձերը` թիթեղ էր:

Ձեր դեզը` գմբեթ, մերը` տձեւ էր,
Ձերը` ծանր սար, մերը` թեթեւ էր:

Ձեր կուժն` արծաթյա, մերը` կավից էր,
Ձեր բախտը` ոսկուց, մերը` ցավից էր:

Ձեր ծուխը հավատ ու համբերանք էր,
Մեր տանը պաս ու նորաբերանք էր:

Ձեր ուզածը - ձեր աչքի առջեւ էր,
Մերը քառասուն սարի ետեւ էր, -

Ձեր բարդու սոսափն իմ ականջում էր...
Եվ թաքուն մի ցավ սիրտս տանջում էր:

Իմ աչքը ձեր տան պատուհանին էր,
Բայց քեզ տեսնելը անհնարին էր...

Արթնացա մի օր... մեր տունը հինն էր,
Ես աշխարհով մեկ, աշխարհը իմն էր...

Երազում բռնել էի քո ծամը
Եվ առել էի խոսքերիդ համը:

Համո Սահյան, Հայաստան, arts, պոեզիա

Previous post Next post
Up