«Հիշողությունները չեն համարակալվում ոչ ըստ այբուբենի, ոչ՝ ըստ կարևորության,
նրանք զարթնում են անքնությամբ տառապող հիվանդների նման՝ բոլո՛ր ժամերին...»
Եթե մեր կյանքը ֆեյսբուքի պես հիշողությունները մեջտեղ բերելու հատուկ բաժին ունենար, թերևս ես էսօրը կթերթեի ու...
Արմենը 6 ամսական է:
Է, զի կանք ես ու հայրը: Ու չէ` էն դասական, մի քիչ պրիմիտիվ իմաստով չէ:
Հերթական այցն էր բժշկին: Իմ հղիությունը հսկող բժիշկը բառացիորեն նախորդ օրվանից ֆիզարձակուրդ էր գնացել, առաջին անգամ մտա փոխարինողի մոտ, որին շատ էին գովում՝ ուր նայում էիր, իր դեմքն էր:
Ու էդ դեմքն իրեն թույլ տվեց իմ ներկայությամբ կոպտել բժշկուհուս բուժքրոջը, հետո փնփնթալ, ինձ բողոքել, որ թերի են աշխատում....
էդ հեչ... Չ՛հեչ: իրականում հե՜չ չ՛հեչ...
Զուգահեռ նայեց ՈւՁՀ պատասխանները, արյան անալիզի արդյունքները, հեռախոսով Աստված գիտի ինչ հաշվեց ու թե...
-Աստվաաաաաաած իմ, Գայանե շտապ կանչեք ձեր ամուսնուն:
Ու մինչև դողալով կկանչեի, հարցրեց, թե մասնագիտությամբ ով եմ:
-Լավ է, որ հոգեբան եք: Նման բան ես առաջին անգամ եմ տեսնում: Հավանականությունը, որ երեխան ունի Դաունի ու Էդվարդսի համախտանիշներ, 1:2 է:
Սա մեծ հավանականություն չի, սա շաաաաաաաաաատ մեծ հավանականություն է, հասկանո՞ւմ եք: Երբևէ տեսածս ամենամեծը 1:27 էր, իսկ սա 1:2: Հասկանում եք չէ՞: Հետո էլ էս սրտի խնդիրը /ի՞նչ խնդիր, wtf/.... Չէ, դուք մեղավոր չեք: Ուղղակի ձեր տարիքը:
Հիշում եմ, որ էդ ֆրազից սթափվեցի, ձեռքս էնպես խփեցի սեղանին, որ ամեն ինչ դղրդաց...
Կյանքում առաջին անգամ Աբոյի հարցին, թե՝ «Մամայիդ զանգե՞մ ասեմ գա», ասեցի հա... Կյանքում առաջին անգամ մեքենայի ղեկին մի վիճակում էի, որ ավելի լավ է խմած լինեի: Կյանքում առաջին անգամ ես ի վիճակի չէի երեխեքիս տեսնել:
Մի ամբողջ օր ամենամոտ շրջապատը հանդարտեցնում էր, բացատրում, որ երիտասարդ ենք (իսկ ականջիս մեջ զնգում էր՝ ուղղակի ձեր տարի՜քը), որ դեռ էլի երեխաներ կունենանք... Լացից ի վերջո քնեցի: Թուլացած, անուժ, հուսահատ, կոտրված, սպանված... Չ՛պատրաստ:
Արթնացա՝ լրիվ ուրիշ մարդ:
Ու մի ուրիշ՝ նախորդ օրվանից լրիվ ուրիշ մարդ դիմացս էր:
Չենք հանձնվելու, ստուգելու ենք:
Նույն օրը գնացինք մեկ այլ ԲԿ՝ հայտնի մի պրոֆեսորի մոտ: Չվստահեց մեր ուձհ-ին, իր մասնագետի մոտ ուղարկեց, ով լիցենզավորված էր էդ հաշվարկը հատուկ ծրագրով անել, ոչ թե հեռախոսով եսիմ ոնց, թեև առանց դրա էլ ոչ մի հիմք չէր տեսնում նման դատավճռի դիագնոզի: Վերջում թե՝ ո՞նց թե ինչ անեք, հանգիստ գնացեք, վայելեք ձեր հղիությունը:
Նույն օրը՝ մեկ այլ ԲԿ, այլ մասնագետ, հետո ուրիշը, երրորդը, չորրորդը .... չգիտեմորերորդը:
Գնացինք մեր ծննդատուն: Ասել էի՝ դրան ի վիճակի չեմ տեսնել: Բաժնի վարիչն ընդունեց, ուղղորդեց գենետիկայի կենտրոն, մի հրաշալի մասնագետ Նաթելա Կլիմենտովնայի մոտ:
1,5 ամիս էր արդեն անցել:
1,5 ամիս ես ամեն գիշեր էն բժշկի «Աստվաաաաած իմ»-ից ու «ուղղակի ձեր տարիքը»-ից սառը քրտինքով վեր էի թռնում:
Գենետիկայի կենտրոնից դուրս եկա հանգստացած: Արդեն ինքն էլ էր «ազարտի ընկել», ուզում էր հասկանալ՝ լավ, ո՞նց է հաշվել, որ էդպիսի թիվ է ստացել: Ոչ մի կերպ չստացավ: Հավանականությունները՝ լրիվ նորմայի սահմաններում. էդքանից հետոն ուղղակի ճակատագիր է կոչվում:
էլի ծննդատուն... էլի՝ ես դրան ի վիճակի չեմ տեսնել, բայց հիմա՝ ոչ թե կոտրված, այլ՝ չարացած: Կողքից էնտեղ ասում էին՝ «հա դե, պատահում է, մի 0 սխալ է գրել հաշվելիս, մի ստորակետ պակաս դրել, դե մարդ է...»...
ես էլ էի մարդ:
1,5 ամիս:
կոտրված, խեղված, մեռած...
Բայց մարդ էի, էլի՜...
ու հետո էլ՝ մինչ Արմենի ծնվելը թեև ահագին հանգիստ, բայց մեկ է՝ երբեմն-երբեմն նրա ստվերն ինձ հետապնդում ու հասնում էր, «Աստվաաաաաաած իմ»...
Ես գիտեմ, որ կան անալիզներ.... մեր երկրի համար՝ բավական թանկարժեք, բայց ամեն դեպքում կան: Մեկը կրկին հավանականություն է հաշվարկում, մյուսը՝ 100% արդյունք տալիս, բայց կարող է վնասել պտղին...Ես նաև գիտեմ, որ հիմա աջուձախ «հավանականություն» են հայտնաբերում ու ուղարկում էդ անալիզներին: Ու շատ լավ գիտեմ, որ ամենալավ անալիզներն անգամ չեն ապահովագրում խնդիրներից:
Բայց նաև գիտեմ, որ երբ ինչ-որ հաշվարկ եմ անում, ու ինչ-որ բան հաշարկումս էնքան էլ նորմալ չի լինում, մինչև պանիկա բարձրացնելը հաշվարկս կրկնում եմ, ստուգում...
Հիպոկրատի երդումը չվնասելու մասին է, չխեղելու, հետո միայն՝ օգնելու...
Ինչի՞ եմ էս ամենը հիմա՝ 1 տարի անց, երբ Արմենը ողջ-առողջ գիրկս է, գրում... անգամ էսօր երբեմն լսում եմ դրա ձայնը. էս իմ չփակված գեշտալտն է`չբարձրաձայնած... Ու.. ես ուղղակի ուզում եմ, որ ցանկացած ապագա մամա, ով թեկուզ մի վայրկյան կհայտնվի էդ վիճակում, չթևաթափվի... Բայց ավելի շատ ուզում եմ, որ դիմացինը լինի մարդ...
Աստված պահապան բոլոր բալիկներին...