Aug 11, 2019 11:17
00:03
Տարին ժամանակի սահմանն է, որը վերցված է բնությունից...
Ու բնությունը հայերի համար սահմանազատել էր ժամանակը Նավասարդով՝ Նավասարդ ամսվա 1-ով…
Անցած տարի էր՝ մտքովս անցավ, որ իմ կյանքում էլ բնությունը շա՜՜՜տ հայեցի գտնվեց ու բովանդակային նորը՝ հենց բնությամբ սահմանված, օգոստոսի 11-ով սահմանեց...
հե՛նց օգոստոսի 11-ով...
6 տարին շա՞տ է:
Չգիտեմ...
Իսկ 2191 օ՞րը... Որոնցից ամեն հատիկն իր կարոտակշիռն ունի՝ միայն ու միայն քեզ հասու:
2191 հատիկ չնորոգվող կարոտի օր:
52594 ժամ, 3 մլն-ից ավել րոպե...3 միլիոնից շատ… անվերջ, անծայր, անհաշիվ... Որովհետև էդ թիվն իր վերջակետը չի ունենալու… որովհետև ես չեմ համակերպվելու անԻմպապա կյանքին… որովհետև…
Ամեն րոպեն է շատ...ու ամենը՝ եղած-անցած-գնացած-ապրա՜ծ, այ էդ ամենը՝ քի՜չ...
Ժամեր կան, որ ֆիզիկապես ատում եմ… չսանձվող հիշողությունների ու պատկերների պես…
3 միլիոնից շատ` ատելության րոպե…
...Հազար զրահ մաշած իմ մեծ համբերության
Հոգեպահուստն եմ ես թողնում այրուս,
Որ նա փոքրիկ-փոքրիկ անտեր իր տերության
Մրսած պատերի մեջ չապրի անհույս:
Որդիներիս՝ տոհմիս այրությունն եմ թողնում
Եվ հանճարը նրա վար ու ցանքի,
Խստաբարո, խռով բարությունն եմ թողնում
Եվ խորհուրդը նրա արդար կյանքի:
Թոռնիկներիս...Թողեք տեսնեմ ինչ եմ թողնում,
Տեսնեմ՝ որքան կանաչ, որքան՝ կարմիր,
Հոգուս մառաններից մի բուռ խիղճ եմ թողնում
Եվ ամոթի մի բուռ որդան կարմիր:
Ծոռնիկներիս՝ վարքը ու գույններն եմ թողնում,
Հոտն ու համն եմ թողնում տոհմածառիս,
Բոլոր ընտիր, ընտիր անուններն եմ թողնում,
Բառ ու բանն եմ թողնում տոհմածառիս:
Թոռնթոռներ, ձեզ էլ տերությունն եմ թողնում,
Հարուստ տերությունը իմ հույսերի,
Մտքերիս մեջ դրած տեղուտունն եմ թողնում,
Անասելի շուքով, անասելի:
Հետո եկողներին...Ես կարթնանամ հանկարծ
Ու կելնեմ մամռած քարիս տակից,
Կօրհնաբանեմ նրանց ու կխնդրեմ նրանց՝
Մի երկու բառ հիշեն այս կտակից...
ես,
անձնական