«Անվերջ հիշատակ...»

Feb 15, 2019 00:30


«Նվեր Գոհարիկին Դ.Սարգսյանից:

Նվեր՝ անվերջ հիշատակ կյանքիս ընկեր

Սիրուհի Գոհար ջան:

10/7 32թ. Գոհար ջան, ինձ էիր ուզել ,իմ գալ դեռ հայտնի չի: Իմ տեղս ուղարկումի նկար: Խնդրում եմ նկար հարգել որպես Դավիթին,

Գոհար ջան»




Նկարում ձախից մորս պապն է՝ Դավիթը…

7 տարեկանում հորաքրոջ ձեռքը բռնած Վանից գաղթել, հազար ու մի տեսակի փորձանքի միջով անցել և ի վերջո Իջևանում հանգրվանել ու աշակերտել է Ասիլբեկ անունով մի մարդու մոտ՝ իբրև սայլ թե սելանիվ սարքող:

Ասիլբեկը շատ-շատ է հավանել իր աչքի առաջ մեծացած - հասունացած պսպղուն աչքերով տղային, ու իր գեղեցկուհի դստերը՝ Գոհարին, կնության է տվել Դավթին:

Ընտանեկան լեգենդը պատմում է, որ Գոհարն ուրիշին է սիրել: Դժկամությամբ, բայց հոր կամքին հնազանդ ամուսնացել է, թեև էդպես էլ չի կարողացել սիրել իր 7 երեխաների հորը: Դրան հակառակ՝ Դավիթը կնոջը պաշտել է…

Կնոջ մահից 40 օր անց գերեզմանոցում զավակները լսել են Դավթի կամացուկ խոսքը իր Գոհարին՝ «Մի գործ էլ ունեմ: Անեմ ու կգամ»: Լուրջ չեն վերաբերվել՝ դե մեծ մարդ է, կորուստ է, բա պիտի ասեր: Իսկ ինքն իր խոսքի տերն էր: Գործն էլ տապանաքարն էր՝ պատվիրել է ու «գնացել» իր Գոհարի մոտ՝ անիրսեր ապրելով ճիշտ 2 քառասունք, ուղիղ 80 օր…

***

Դավիթ պապի էս երկտողն էսօր աչքովս ընկավ, երբ իր՝ Հայրենական պատերազմի մասնակցության թեմայով նկարներ էի փնտրում: Հենց էսօր՝ երբ աշխարհը սեր է ուզում շնչել ու արտաշնչել:

Ու ես չգիտեմ-չեմ հասկանում, թե ինչ է էն սերը, որին մենք ենք ձգտում… որ անգամ չսիրված լինելով՝ աշխարհից աշխարհ են գնում դրա ետևից...

տեսած, զգացած, ընտանիքս, սեր, ապրած

Previous post Next post
Up