Անհասկանալի տարի. 2014-ի այբուբենս

Jan 05, 2015 00:20

Մի քիչ անձնական... Գուցե՝ մի քիչ շատ... բայց դե... Բարեւ, ես եմ... Իմ 2014-ը:

Ա-Անպատասխանատվություն
Տոտալ անպատասխանատվություն: Զարմանում եմ՝ ո՞նց են մարդիկ կարողանում մի բան ստեղծել /գործ, մարդ, զգացմունք/ ու հետո թքած ունենալ դրա վրա:
1.5 տարվա օրուգիշեր տքնաջան աշխատանքս՝ իմ, ընկերներիս, ջուրը գնաց ինչ-որ թեթեւսոլիկ չ՛պատասխանատուների պատճառով…Մեկ ուրիշի՝ անպատասխանատվության պատճառով մարդկության հանդեպ տարիների ընթացքում կուտակած հավատիս պաշարները աշխատանքիս պես արագ ջուրն են գնում…Ու բովանդակ՝ մեկի երկրորդը լինելու ամոթը ամոթալի է դարձնում ուրիշին՝ քո երկրորդը լինել… Անհասցե… անպատասխան…Ու էդպես՝ արատավոր /ան/պատասխանատու շրջան...
Բ- Բերդ
Լինում են ու ճակատաԳրեր ու ճակատաԴաջվածքներ…
Ճա-կա-տա-դաջ-վածք… Ճիշտ էս քաղաքի մասին է, գոնե իմ կյանքում…
Գնում եմ, գնում… ու հետ-առաջ-հետ… իսկ արդյունքում՝ էլի Բերդ… Սիրում եմ էդ քաղաքը հեռվից հեռու… Էդ քաղաքից/ում ինձ սիրում են… Մի տեսակ՝ մենակ էդ քաղաքից… թե՞ չէ:
Գ-Գրողի տարած
Ըհը… ոչ Գայանե, ոչ Գաբրիել…
Գրողի տարած՝ սկսած ֆայլերից, երկրից, մարդկանցից, կուսակցություններից մինչեւ զգացմունքներ… ամեն ինչը… էնքա՜ն շատ եմ օգտագործել 2014-ին էդ բառակապակցությունը…
Դ-Դաս
2014-ը մեծ դասերի, շատ դասերի, աննկարագրելի հետք թողած դասերի տարի էր: Երեւի ավելին, քան ունեցել/ստացել էի նախորդ 27-ի ընթացքում: Բայց մի տեսակ շա՜տ եմ կասկածում, որ էդ դասերին հետամուտ կլինեմ:
Ե-«Երազանքի ծառն ու երազանքի խցիկը»
ՀՀ կենտրոնական բանկում /վախենամ/ ցանկությունս ոչ թե օրիգինալ, այլ` հակապետական համարեն..


Զ-Զանգ
Հեռախոսազանգ… Էս տարի զանգից զանգ էլ չեմ ապրել. խելոք էի: Բայց հեռախոսազանգաձայներս շատ խորհրդանշական էին:
Է-Էներգիա
Հա ուզում եմ հասկանալ՝ տղուկիս մեջ էդքան էներգիա որտեղի՞՞՞ց: Ես էլ եմ էդ աղբյուրից ուզում:
Ը-Ընկեր
Ընկերներիս կորցնելու անզուսպ ընթացք է… 3-4-ը…Ունեի… Ու ոչ-ոք էլ չի լինի… Լավատես Գայանե )))
Թ-Թութոներս
Էնքա՜ն բան կտայի, որ թութոներս մոտս լինեին: Իմ ստացած՝ ամենաթանկ նվերներից մեկը, իմ կորցրած զույգը… Տեսնես կգա՞ էդ օրը, որ թութոներիս հասնեմ:
Ժ-Ժամանակ
Որ չեն ասում /ամբողջ տարի ու բոլորը/՝ ժամանակ չկա… Ժամանակ ԿԱ, միշտ… Ցանկություն չկա…Հբը..
Ի-Իմ
Իմ/ս, իմոնք…
Իմ Արսենը՝ իմ ամենա-ամենա-ամենա-ԱՄԵՆԱՆ…Ով իր մի «մաաաամ»-ով կյանք է լցնում:
Իմ Կարինեն, ով սրտիս սառույցը հալեցնելու ջերմ ուղիները գիտի, իսկ երբ չի իմանում ինչ անի՝ ուղղակի գրկում է…
Իմ Պավելը, ով ինձ համար իմ քաղաքում իմ քաղաքն է բացահայտել ու երազանք է նվիրել, ու ով տարվա լավագույն մի քանի օրերս է ստեղծել…
Լ-Լաստիվեր
Չգնացի…
Երկրային դրախտն էր, որ առաջարկում էր Dangxuanն ու որը բացահայտելն էլի իմ փխրուն ուսերին մնաց… Հուսանք՝ չ՛իհիշատակ ;)
Հ.Գ,
Ծաղկավոր լողազգեստս էլ մնաց պահարանում:
Խ-Խորհուրդներ
Շրջապատս լավ գիտի՝ ո՜նց չեմ սիրում խորհուրդ տալ ու խորհուրդ տվողներին… Ավելի ձանձրալի բան դժվար է պատկերացնել, մանավանդ եթե խոսքը «պրոֆեսիոնալ» խորհուրդ տվողների մասին է:
Բայց… 2014-ին մի խորհուրդ են տվել. «Էլ երբեք ոչ ոքի չնվիրվես՝ ոնց որ ինձ: Մեղք ես»…
Մեղք եմ, հաստատ ճիշտ էր: Բայց… Ախր ես կիսատ ապրել չեմ կարողանում…Չնայած՝ ճիշտ էր…Գոնե մի անգամ ճիշտ էր:
Ծ-Ծաղիկներ
Առաջին ամբողջական տարին էր առանց պապայի… Առաջին տարին էր՝ առանց ծաղիկների: Բացառությամբ մի սիրուն փնջի՝ ամենա-ամենա, որ Արսենը նվիրեց ծննդյանս օրը...
Կ- Կեղծավորություն…
Viva կեղծավորություն… Ո՜նց էլ կարողանում են: Ես էլ եմ ուզում: Որ դեմքիս նայեն՝ չտեսնեն ինչ եմ զգում, որ ձայնս լսեն՝ չհասկանան՝ հեսա կլացեմ…
Հ-Հանրապետության հրապարակ
Մի անգամ ՖԲ-ում գրել էի, թե՝ ի՞նչ կլինի՝ Հանրապետության Հրապարակի մոտակայքը փակեն ոմանց համար... Թթվածինս փակողները ռեժիմով էնտեղ են հանդիպում՝ մե՛կ օրս վաղ առավոտյան փչացնելու, մեկ՝ աշխատանքից հետո հոգիս տակնուվրա անելու... ու հանկարծ հայտնաբերեցի. բոլոր էն մարդկանց քույրերը, ովքեր ինձ շատ ուժեղ ցավացրել են/ում անսահման սիրել եմ,, Հանրապետության հրապարակի վրա/անմիջական հարեւանությամբ են աշխատում.. Առաջին երկուսը կան, երրորդից արդեն սարսափում եմ… :)
Ձ-Ձայն
Լինո՞ւմ է չէ՝ բացարձակ լռության կամ աղմկոտ ամբոխի մեջ մեկի ձայնն եք լսում…
Այ էդպես ամբողջ տարի, «Գայանե, բալես…» … ու միշտ՝ նախազգուշացնող, օգնող, ձեռք մեկնող, թիկունք կանգնող…
Ղ-Ղեկ
Էս, այսինքն արդեն անցած տարում կարոտ մնացի… 2015-ին ամեն բան տեղը կընկնի: Մի երկար ճանապարհ ունեմ գնալու, ու մեկ էլ՝ 2 վանք…Հետո նոր մնացածը:
Ճ-Ճչոց
Վստահ եմ՝ Հայկավանում դեռ երկար չեն մոռանա ճչոցս սեպտեմբերի 12-ին, երբ Ջուլֆալակյան Արսենը խորվաթին հաղթեց աշխարհի առաջնության եզրափակչում… Խեղճ պապս երկար ժամանակ չէր հասկանում՝ նոր պատերազմ է սկսվել, թե ինձ հանրապետության նախագահ են նշանակել:

image Click to view


Մ-Մանկական երկաթուղի
Մանկությունս է էնտեղ անցել, պապայի վերջին «առողջ» օրը՝ էնտեղ… Բայց մանկական երկաթուղին ինձ համար մնաց էն տեղը, որտեղ հենց 2014-ին կյանքիս երջանկագույն օրերից մեկը ապրեցի… ան-մո-ռա-նա-լի…


Յ-Յուրահատուկ
Իմն ու իմոնք են…
Ն-Նետաձգություն
Ով չգիտի /հաստատ՝ շատ-շատերը չգիտեն/՝ 2014-ին Հայաստանն ընդունում/անցկացնում էր նետաձգության Եվրոպայի առաջնությունը, որը լուսաբանեցի առաջինից վերջին օր, որի ընթացքում հաջողացրեցի ինչքան ուժ ունեմ՝ արեւաեփվեմ ու որի շնորհիվ ծանոթացա ինձ անծանոթ մարզաձեւի հայ ներկայացուցիչների հետ… Ու մի հատ էլ «ու». Երեխեք, ձեզ շատ եմ սիրում J
Շ-Շա՜տ գեղեցիկ…
Գիտե՞ք «շատ գեղեցիկը» ռուսերեն ոնց է հնչում… Արսենն այլ բան է ասում…
«-Մամաաա, գիտե՞ս ի՛չ լավ բան եմ սովոյել
-Ի՞նչ, տղես:
-Գեղեցիկ ռուտերեն ինումա кясивая...
-Իսկ շա՜տ գեղեցիկ...
-Շատ գեղեցիկը իմ մաման ա»
Ո-Որոշում
Ես չգիտեմ՝ երբեւէ այլ բառ գրել եմ էս տառով… Անընդհատ՝ որոշումներ, որոշումներ… Մեջդ ուժ ես գտնում ու քեզանից մի կտոր ես պոկում՝ էդպես էլ չհասկանալով, թե դիմացինին որոշում ընդունելն ինչու է էդքան բարդ:
Չ-«Չքնեք, տղաներ»

image Click to view


«Չքնեք, տղաներ, չքնեք,
Կյանքը ձեր նոր ընթացք կունենա,
Չքնեք, տղաներ, չքնեք,
Ով քնի հազիվ թե արթնանա»…
Էս երգը Երգ երգոց-ներից մեկի նկարահանումների ժամանակ նորովի լսեցի… Ամրոյան Սեւակն էր երգում… Բացարձակ ուրիշ էր՝ նոր ապրումներ, նոր զգացումներ, ցավացնող հիշողություններ՝ Կարենը Չինարիի դիրքերում քնած-ցանց դարձած, Կարենի երազանքները… Ու հետո՝ Սեւակին գրկելու անհագ ցանկությունը՝ իրենից մեկ ուրիշի կարոտն առնելու, քամելու, կաթիլ-կաթիլ շնչելու…
«Հեքիաթի վերջում միշտ հաղթում է բարին…»
Պ-Պատճառաբանումներ
Ես չգիտեմ՝ ինչու է էդպես ստացվում, բայց կյանքումս շատ կարեւոր մարդիկ միշտ պատճառաբանումներ են ունենում-առաջ բերում, ու երբեք բուն պատճառներին չեն անդրադառնում… Վախկո՞տ են, ի՜նչ է… Չգիտեն՝ կծան չեմ ;)
Ջ-Ջայլամ
Ձալաաաաաաաաաաաամ, գոռում էր տղես Եվրոպայի նետաձգության առաջնության ժամանակ՝ Արա եւ Այծեմնիկում… Կես տարի է անցել՝ մինչեւ օրս հիշում է:


Ռ-Ռիսկ
Ժամանակին գլխակորույս ինձ էս ու էն կողմ էի նետում, առանց վարանելու էս կամ էն գործին կպնում, մի վայրկյան անգամ չէի մտածում, որ կարող է չստացվել, գուցե՝ չկարողանամ…
Չգիտեմ՝ ինչն ինձ էսպիսին սարքեց: Հիմա անգամ էն, ինչ հաստատ կարող եմ անել, մեծագույն անկատարելի մի բան է թվում… Ռիսկի դիմելու հավանականությունը՝ շրիշակից ցածր:
Ս-Սեւագիր
Մի ամբողջ տարի՝ զգացում, որ սեւագիր ես…
Մի տեսակ՝ չանցնող… սեւագիր՝ փշոտ, անընթեռնելի, իմտեսակ…
Սեւագիրը շատ պետքական է… բայց իրեն միշտ թափում են…
Վ-Վիկտորիա
Տարին իմ ու Արսենի համար անցավ Վիկայի «նշանի» ներքո…
«Մամաաաա, ես որ մեծանամ, եեկա ունենամ, անունը Վիկտորիա է լինելու, Վի՛կ-տո՛-րիա՛.»
«-Մամա, գիտես, մետածում եմ, Վիկային ասել եմ՝ մեր տուն բերեմ...
-Օհօ... Ինչի՞
-Ինքն իմ Վիկան ա, ի՛մն ա, ուրիշին չեմ տա...
-Հա էլի մի տուր, բայց որտե՞ղ կքնի քո Վիկան...
-Իմ կողքը...
-Մդաաաա... Բա ե՞ս...
-Դու է պադվալից բերած կավայաթի վրա…»
Տ-Տառապած հարցազրույց…
Ապրիլի սկզբերին էր՝ Բահրեյնի գրան-պրիից հետո, որ իմ ամենասպասած հարցազրույցներիցս մեկն արեցի Ալեքս Ենոքյանի հետ… Ամոթը լավ բան է՝ նորմալ մարդիկ էդքան չէին խոսի, որքան /մանավանդ՝ բովանդակ/ մենք խոսեցինք… ու ես առաջին անգամ զղջացի, որ հեռուստալրագրող չեմ: Մինչեւ դա գրեցի, կյանքիս կեսն անցավ… Բայց… իմ ամենասիրելի/ամենատառապած/ հարցազրույցն էր
Ր-Րոպե
Տարօրինակ տարի էր: Էս տարում րոպեն էլ էն արժեքը չուներ: Մի՞թե ծերացել եմ:
Ց-Ցինիզմ
Մարդ կա՝ ասում է. «ցինիզմդ չլինի՝ ի՞նչ ես անելու»… Մի դիմակ էլ էդ է, բայց չեմ հասկանում՝ ինչի՞ համատարած չի աշխատում էդ դիմակը: Աշխատել է պետք ;) Մանավանդ որ առողջ ցինիզմը նյարդային մի քանի բջիջ ավել է ողջ-առողջ պահում:
Ու-Ուշ
Հիմա գիտեմ՝ շատ բաների համար ուշ է: Գիտեմ, որ ուշացած եմ, բայց համ էլ գիտեմ՝ էդ էլ փորձ է, ով գիտի՝ դրանից խելոքանամ.. Գոնե մի փոքր:
Փ-Peoplemeter
2014-ի մայիսից առօրյայիս մի մասը դարձավ Peoplemeter Press Club-ը… Ու ամեն ասուլիսի նախորդ օրը ես կես մարդ եմ դառնում, իսկ ասուլիսից առաջ էլ էն աշխարհ եմ գնում-գալիս, մինչեւ տեսնում եմ՝ սրահս լի է լրագրողներով…


Ք-Քուն
Քնակարոտ տարի էր…
Քունը՝ նոր էրոտիկ ֆանտազիա 10 ամիս J
Եվ - լռում եմ…
Օ -Օրացույց
Երբեք չեմ սիրել օրացույցերը… Կառչում ես մի թվից, սպասում, ապրում դրանով… ու վերջ… Չկա էլ…Ոչ սպասումդ է իրականանում, ոչ էլ՝ հույս ավելանում:
Ֆ -Ֆեյսբուք
Ու էդ՝ չնայած էն բանին, որ կա ֆորմուլա 1 ու տնից-տեղից հեռու՝ ֆուտբոլ…
Մարդ էլ աշխատանքի բերումով էնքա՜ն լինի ֆեյսբուքում, որ երեկոյան ցանկություն չունենա էնտեղ «լիցքաթափվել»:
Ու ֆեյսբուքում՝ մարդկանց առանձնահատուկ մի դասակարգ՝ ֆեյսբուքահայություն, որ վիրտուալ պայքարի առյուծներ են, մինչդեռ կյանքում կվախենան ծպտուն հանեն, ֆեյսբուքահայություն, որ էնպիսի նախադասություններ է ցիտում՝ մտածում ես. «դրանց կողքին ես անգրագետ, չկարդացած եմ», իսկ 1-2 բառ ռեալ շփումից հետո հասկանում ես՝ վիվա գուգլ, վիվա վիկիպեդիա ու մնացած բաներ, վիվա «CtrlC +CtrlV»…

այբուբեն

Previous post Next post
Up