Արթուր Մեսչյանի նոյեմբերյան համերգներին ես ներկա չեմ եղել... Շատ ափսոսում եմ եւ ոչ միայն բուն համերգի համար. 2006-ի էլի նոյեմբերյան համերգը ինձ վերադարձրեց գրիչս, անհագ գրելու ցանկությունս, գրելուն կարոտս...
Ու էս Ամանորին երեւի թե ամենասպասված կամ միակ սպասված հաղորդումն ինձ համար մաեստրոյի համերգի հեռուստատեսային տարբերակն էր... Բոլոր երգերը հազար անգամ լսել էի, բայց անհամբերությամբ էի սպասում...
Մեծ աղմուկ հանած «Ահա եւ վերջ» երգի բառերին ծանոթ էի դեռ մինչ նոյեմբերի 17-ը. տպավորել էր, բայց չէր ցնցել... Մինչդեռ համերգին ներկա ծանոթներս ու ընկերներս ցնցված էին... Յութուբում տեղադրված անորակ վիդեոներն էլ թույլ չէին տալիս երգը զգալ...
Էսօր լսեցի, էսօր ցնցվեցի, էսօր նյութապես զգացի, որ մեկը՝ ինձ պես մտածող, «սրբապղծություն» է անում՝ կասկածի տակ դնելով մեր ողջ պատմությունը...
Վերջին հարցազրույցներից մեկում մաեստրոն խոսեց «ռաբիզ հայրենասերներից». էս երգը ապտակ է բոլոր նրանց համար ...
Click to view
Ահա եվ վերջ...
Վերջ հարաժամ եվ հարատև:
Իբրև վերջին, փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:
Օ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ, անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ո՞ւմ ենք հավատում,
Ո՞ւր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցի՞նք:
Ահա եվ վերջ...
Ինձ ասում է մի ձայն խորքից,
Լոկ դիմակն է հիմա խոսում
Որ խամաճիկն է ամբոխի:
Երգն այս նետն է ազատության
Ու նիզակը առասպելի
Բել ոսոխին Հայկը հաղթեց...
Կամ հակառակը, - երևի...
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը հանձնվում է Բելին...
Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Ահա եվ վերջ...
Ես պարտվեցի ահեղ մարտում:
Խփվել է երգն իմ անավարտ,
Սակայն ինչու չի ավարտվում:
Օ, հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ...
Սրտում անզոր մի աղաղակ,
Օ, անավարտ, վերջին իմ երգ,
Դու իմ վերջին մայրաքաղաք:
Հիմա մենք ո՞ւմ ենք հավատում,
Ո՞ւր է հոգու եկեղեցին,
Մենք հաղթեցինք պատերազմում
Սակայն պարզվում է - պարտվեցի՞նք:
Եվ էջերն է փակում առասպելը հոգնած,
Քարացած մի արձան, պատմություն մոռացված,
Չկա սկիզբ և ավարտ այս հավերժ պայքարին,
Վերացվող ձեր տեսակը պարտվում է Բելին...
Ահա եվ վերջ...
Հայկը պարտվեց ոսոխ Բելին...
Մեսչյանն իր երգերի առաքելությունը տեսավ մարդկային «Հայկ» տեսակի պայքարը մղելու մեջ, մինչդեռ մեր իրականությունը՝ գորշ, անդեմ, թունոտ, մարմնավորում է «Բել»-ի պայքարը... Մաեստրոն հուսահատ է գոռում՝ «Ահա եւ վերջ, ես պարտվեցի ահեղ մարտում, խփվել է երգն իմ անաղարտ, սակայն ինչու չի ավարտվում»...
Չի կարող, ուղղակի չի կարող այն ավարտվել մի պարզ պատճառով՝ Հայկն ու Բելը միշտ են պայքարելու, հայկյան առաքելությունը մեկ հարվածով չի կարող դադարել, Բելն էլ մեկ մարտով երբեք չի ընկնի...