Վարդագույն շարֆը

Nov 08, 2009 13:35

Վարդագույն շարֆը

-Իմ վարդագույն շարֆը, իմ վարդագույն շարֆը, մնաց այնտեղ, իմ վարդագույն շարֆն ընկավ ներքև: Իմ վարդագույն շարֆը…
Աննան զառանցում էր: Ավելի ճիշտ` կայֆի տակ էր: Երկրորդ օրն էր, ինչ այստեղ էր, այնքան դեղեր էին ներարկում, որ տեսիլքներ էր ունենում, զառանցում էր իր վարդագույն շարֆի մասին, որը հագին էր, երբ ոստիկաններն իրեն իջեցրել էին կամրջի բազրիքից ու պատահաբար ներքև էին գցել: Ինքն էլ նայել էր, թե ինչպես է վարդագույն շարֆն ընկնում ներքև ու վախեցել էր:
- Իմ վարդագույն շարֆը~,- մրթմրթաց Անան: Նրա բառերը հազիվ էին հասկացվում, միայն շարֆի պատմությունն իմացողը կհասկանար, թե ինչ է ասում:
- Ոչինչ, ազիզ ջան,մի մտածիր, Ձմեռ պապը քեզ նոր շարֆ կբերի, երեք օր էլ համբերիր, կբերի,- փաղաքշում էր նրան Թամարը, այստեղի «ստաժավորը»:
Դուռը բացվեց ու մի կին ներս մտավ սպիտակ խալաթով.
- Հապա մի դուրս եկեք սենյակից, ինչ գործ ունեք այստեղ,- բարկացավ նա` տեսնելով, որ աղջիկները մտել են նորեկի սենյակ:
Թամարն ու էլի մի կին` Մարիան, իրենց երրորդ ամանորն էին դիմավորում այս պատերի ներքո: Թամարը բավականին գեղեցկադեմ էր, բայց շատ թափթփված արտաքին ուներ: Մազերը կարծես մի քանի տարի սանրված չէին, շորերին երփներանգ լաքաներ էին, որոնցով կարելի էր հստակ ասել նրա վերջին մեկ շաբաթվա մենյուն: Շարժումներն էլ մի տեսակ “թափթփված” էին ու կտրուկ, անհանգիստ: Կարծես ամեն շարժումը խուճապահար էր անում:
Մարիան, ի տարբերություն նրա, խնամված ու կոկիկ արտաքին ուներ, նունիսկ չափազանց խնամված: Մազերը ձիգ սանրվածքի մեջ էին հավաքված ու ոչ մի չարաճճի մազ իրավունք չուներ սխալ ուղղությամբ տնգվել, եղունգներին վառ կարմիր լաք էր քսած, ամեն ինչ տեղը տեղին: Միայն մի բան էր տարօրինակ. Մարիայի գեղեցիկ ու խնամված մատներին, հոդերի մասում, սպիտակ կապոցներ էին, բոլոր մատների վրա:

Ինչպես մյուս այս տեսակի հաստատություններում, այնպես էլ այստեղ, ոմանք իրենց համարում էին «նորմալ», ու մնացածին դիմում էին` գժերը: Նորմալները ելումուտ ունեին, ծխախոտ ու մթերք առնելու էին գնում, ներքին կարգով: Թղթախաղն էլ էր անպակաս` որպես ժամանակ սպանելու միջոց, երկար ձմեռային երեկոներն էլ կրճատում էին երկար-բարակ զրույցներով: Սովորաբար «նորմալներն» իրար հետ էին առանձնանում ու «խելոք-խելոք» հարցեր էին քննարկում` պատմելով վերջին նորություններն ու անախորժությունները, հին կյանքից պատմություններ էին հիշում:
Ամանորին երեք օր էր մնացել, մթնոլորտն էլ էր ամանորյա: Աղջիկները կանաչ եղևնու ճյուղեր էին հավաքել հիվանդանոցի բակից ու սեփական ձեռքերով զարդարանք էին պատրաստել, փակցրել էին տարբեր սենյակներում:
Թամարը բարձրացավ մահճակալի կողքի աթոռին, որը մեխված էր հատակին հատուկ ամրակներով, ձգվեց դեպի պատը ու Աննայի մահճակալի վերևը` նրա գլխավերևում, խնամքով եղևնու ճյուղեր փակցրեց, որից կախված էին սպիտակ կտորից կրկին սեփական ձեռքերով պատրաստած հրեշտակներ, վրան արհեստական ձյուն փչեց: Ժպտաց. հավանում էր: Հետո իջավ աթոռից, խոնարհվեց Աննայի մահճակալի վրա, համբուրեց նրա ճակատն ու արտասանեց ականջին.
- Լավացիր, սիրունիկ, շուտով ամանոր է: Իսկ ամանորին հրաշքներ են լինում:
Թամարն ու Մարիան դուրս եկան սենյակից լուռ: Նրանք կարծես իրենց զգում էին այստեղի բարեգործ մայրերը, որ խնամում էին նորեկներին, հետևում նրանց: Եթե “գժեր” չէին, ընկերանում էին, սովորացնում ներքին կանոններն ու չգրված օրենքները:
Աննան ևս մի քանի ժամ մնաց դեղերի ազդեցության տակ` մինչև երեկո, սակայն երեկոյան կարողացավ բացել աչքերը, չնայած, որ դեռ իրեն մշուշի մեջ էր զգում, չէր հասկանում` որտեղ է, ինչ է կատարվում, քնած է, թե արթուն: Տարբեր հիշողություններ խառնվում էին իրար, աչքերի առաջ գալիս: Մեկ թվում էր, թե ինքը փոքր է` հինգ տարեկան, առավոտյան բացում է կանաչ եղևնու տակ դրված նվերների փաթեթը ու հանում այնտեղից իր սիրելի վարդագույն շարֆը: Զգում է եղևնու խեժի հոտը: Հետո անմիջապես մեկ ուրիշ տեսարան է աչքի առաջ գալիս. ամանոր է, պար են բռնել եղևնու շուրջ: Շրջանի մեջ են նրա բոլոր հարազատներն ու ընկերները: Քանի պտտվում են եղևնու շուրջ, ծանոթների դեմքերը սկսում են խամրել ու քիչ-քիչ անհետանում են: Փորձում է տեսողությունը լարել, լավ նայել դեմքերի մեջ, բայց չի տեսնում: Մարմինները տեղում են, իսկ դեմքերը` խավար:
-Արտյո~մ,- հառաչեց Աննան:
Մի պահ իրեն թվաց, թե այն ամենն, ինչ եղել է իր հետ նախկինում, վերջին մի քանի օրը, երազ է, ու հիմա ինքն արթնացել է այդ երազից:
Աննան վեր կացավ մահջակալից, մոտեցավ դռանը: Դուտը կողպած չէր: Բացեց, դուրս եկավ միջանցք: Հատակը շատ սառն էր, սալիկապատ էր:
Սկզբում կարծում էր, թե հիվանդանոցում է, բայց երբ շուրջը նայեց, տեսավ պատուհաններին ամրացված մետաղյա ցանցն ու ռեշոտկան, սարսռաց: Սենյակը դատարկ էր, ոչինչ չկար, միայն մահճակալն էր ու հատակին ձգած աթոռը: Նույնիսկ պատերին էլեկտրականության վարդակներ չկային: Ոչ մի սուր, կտրող գործիք, ոչ մի լար:
Դէ իհարկե- ուր են տանում ինքնասպանության փորձ գործողներին- հոգեբուժարան: Առաջ այնքան հեռու ու յոթ-երեքերորդ թագավորությունում գոյություն ունեցող էր թվում այդ հոգեբուժարան կոչվածը ու ասոցացվում էր մի երևույթի հետ, որտեղից ելք չկար: Երբեք չէր կարող պատկերացնել, թե մի օր կհայտնվի այդտեղ:
Ելք չկար…
Հարկում էլ ոչ ոք չկար: Նախկին հերթափոխի բժիշկները տուն էին գնացել արդեն, իսկ նոր հերթափոխը դեռ շենքով էր դեգերում, նայում` ամեն ինչ կարգին է, թե ոչ:
- Նա արթնացել է, արագ, արագ, եկեք:
Կողքի սենյակի դուռը բացվեց զզվելի ճռռոցով ու Աննայի վրա դռան հետևից սևեռվեցին զույգ աչքեր` հետաքրքրասեր, ուսումնասիրող ու հիացմունք արտահայտող: Աննան հետ քաշվեց: «Վայ Աստված,- մտածեց Աննան,- մի հատ սրա աչքերի արտահայտությանը նայիր: Իսկական գժի հայացք է` պլշած»:
Աննան արագ վերադարձավ այն սենյակ, որտեղից դուրս էր եկել ու անկողին մտավ:
Մի վայրկյան հետո նրա սենյակի դուռը նորից բացվեց ու մեկը մյուսի հետևից ներս մտան Թամարը, Մարիան ու նրանց ընկերուհիները:
-Բարև,- ուրախ բացականչելով` առաջ եկավ Թամարը, կարծես պետք է ելույթ ունենար բազմահազարանոց հանդիսատեսի առաջ, ու իր հետաքրքրված աչքերը պլշեց Աննայի վրա` նորից նրան վախեցնելով: - Ինչպես ես? Խելքի եկել ես արդեն:
Չստանալով պատասխան` Թամարը մոտ գնաց, նստեց մահճակալին:
- Մի վախեցիր, մենք գժեր չենք, ի տարբերություն մնացածին:
«Հա, բա ոնց, երևի ես եմ քեզ վրա գժի նման աչքերս չռել»,- քմծիծաղ տվեց Աննան մտքում: Բայց պատասխանեց` ես էլ գիժ չեմ:
Թամարը ներկայացրեց ընկերուհիներին, պատմեց, թե ինչպես են իրեն բերել հոգեբուժարան, ինչ է պատահել իր հետ:
- Ուր են իրերս, ուր է վարդագույն շարֆս,- Աննան ընկավ բարձի մեջ ու սկսեց հեկեկալ:
Բոլորը մոտ վազեցին, ընկան մահճակալին ու սկսեցին փաղաքշական խոսքեր ասել: Հանկարծ Աննան վեր թռավ անկողնուց ու սկսեց կատաղի ոռնալ.
-Դուրս կորեք այստեղից… Դուրսսս… Ռադներդ քաշեք, այ խելառներ, ով եք դուք… Հանգիստ թողեք ինձ:
Հետո սկսեց կանանց հրելով դուրս հանել: Սվետիկը չէր ուզում դուրս գալ, ներքևի պռոշը կախել էր փոքր երեխայի պես, կարծես ասում էր` հիմա կլացեմ:
Երբ հանգստացավ, արդեն ուշ գիշեր էր, լույսերն անջատել էին: Վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց: Ուղիղ իր քթի բարձրության վրա մի բան նկատեց. պատուհանին ամրացված ցանցին մեղու էր կպած, մարմինը` դեղին, վրան` սեև գծեր: Այնքան աչք շոյող էր ձմեռվա սև ու սպտիակ գույներից հետո այս փոքրիկ մեղվի գունային կոնտրաստը: Ինչպես էր այստեղ հայտնվել, ինչպես էր հաջողացրել ցանցից կպած մնալ? Ինչպես էր հաջողացրել մետաղական ցանցի մեջ “խճճվել”?
“Երևի դեռ ամառվանից է այստեղ, կամ էլ աշնան ցրտերից է սառել, էլ չի կարողացել, ուժ չի ունեցել թռչել- փախչելու”:
Պատուհանի հետևում ձմեռ էր, փարթամ ձմեռ: Թեև մութ էր, բայց երևում էին ձյան փափուկ, կլորավուն ուրվագծերը: Բյուրեղիկների շերտը արծաթագույնով փայլփլում էր լուսնից, ու երբ ուշադիր էիր նայում, կարող էիր ամեն մի առանձին բյուրեղի շողը նկատել:
Կախարդական գիշեր էր…
Առավոտյան Աննան արթնացավ ինչ-որ աղմուկից, շխկթխկոցից ու հասկացավ, որ սառը հատակին է քնել: Վեր կացավ, տեղափոխվեց անկողին, բայց զգաց, որ մարմնի բոլոր մասերն անտանելի ցավում էին ու կծկված էին:
Միջանցքից ինչ-որ աղջկա ճչոցներ ու լացի ձայներ էին գալիս:
-Բռնեք նրան,- հրամայեց ինչ-որ կանացի ծխած ձայն:
Աննան վազեց դեպի դուռը, բացեց ու նայեց միջանցք:
Գոռացողը երիտասարդ աղջիկ էր, երկար գանգուր մազերով, որ թափվում էին մինչև գոտկատեղն ու թաքցնում էին դեմքը: Մոտ քսան-քսաներկու տարեկան կլիներ: Երկու սանիտար բռնել էին ձեռքերը և չէին թողնում, որ շարժվի: Աղջիկը դիմադրում էր, փորձում էր ազատվել երիտասարդներից, ձկան պես թպրտում էր, բայց զուր էին ջանքերը: Կատաղի շարժումներից մազերը զսպանակների պես թռչում էին օդում, ինչպես խելագար ռոք երաժիշտների մազերը` նվագելիս գլուխները թափահարելիս:
-Նա ինձ սիրում է, նա ինձ սիրում էէէէ… Թող գա, կանչեք, թող գա և իր բերանով ասի, որ ինձ չի սիրում,- կոկորդը պատռելով ճչում էր աղջիկը:
-Նա քեզ չի կարող սիրել, հասկացիր, այդ ամենը դու ես հնարել:
- Եթե չի սիրում, ինչու չի ամուսնանում: Թող ամուսնանա մեկ ուրիշի հետ ու կհավատամ, որ ինձ չի սիրում:
Կողքի դռնից հարևանուհիներն էլ էին հանել քթերն ու հետևում էին զավեշտալի տեսարանին:
-Սա ով է,- հարցրեց Աննան նրանցից մեկին ու գլխով նշան արեց աղջկա ուղությամբ:
- Քեզ ինչ? Կարինան է: Իրեն թվում է, թե երիտասարդ հորեղբայրն իրեն է սիրում, ուզում է հետն ամուսնանալ: Ամեն ամիս բերում են նրան, այս ամիս արդեն երկրորդ անգամն է: Նորից նոպա է մոտը:
Աննան հետ քաշվեց ու փակեց դուռը:
“Նոպա~…”,- մտածեց նա ու աչքերը մտահոգություն սկսեցին արտահայտել:
Աննային երբեմն թվում էր, թե ինքը խելագար է, կամ էլ` խելագարությանը սահմանակից վիճակում: Հիմա սկսեց հասկանալ տարբերությունն իր ու “իսկական” հոգեկան հիվանդի միջև:
Իր մոտ ժամանակավոր դեպրեսիա էր, անբարենպաստ իրադարձությունների հետևանքով առաջացած ժամանակավոր գիտակցության մթագնում: Վերջին իրադարձություններն ու սթրեսային իրավիճակը ծանր ազդեցություն էին թողել հոգեկանի վրա: Վերջապես ամեն օր չէ, որ բռնաբարության փորձի զոհ է դառնում, ու ամեն օր չէ, որ վերելակում մարդ է սպանում:
Իսկ այս օրհնյալն իծնե խախտում ուներ, ուղեղում մի բան, մի գործընթաց սխալ էր ընթանում ու դա ոչ մի կերպ, ոչ մի գործիքով ուղղել կարելի չէր:
Հոգեկան հիվանդություններն ամբողջ կյանքում մի յուրահատուկ վախ էին ներշնչում Աննային և իրեն երբեմն հարց էր տալիս` հիվանդ չէ արդյոք: Գուցե իր հետ էլ մի բան այն չէ, բայց ինքն իրեն ինչպես ախտորոշի, ինչպես հասկանա:
Բոլորս էլ նույն զգայարաններն ունենք, նույն կերպ ենք լսում, նույն կերպ ենք տեսնում, բայց տարբեր կերպ ընկալում:
Մեր լսածը, տեսածը, զգացածը մեր ուղեղի վերամշակումից հետո է միայն մեզ ընկալելի դառնում: Իսկ ինչ կլինի, եթե մի օր ուղեղը թերանա, “փչանա”: Էլի ձայնը կլսես, պատկերը կտեսնե, բայց կարող է պարզվել, որ ձայնն իրական չէ, տեսիլքն իրական չէ, ուղեղիդ խաղերն են:
Ինչ կլինի, եթե ուղեղդ քեզ խաբի?
Չէ որ հիվանդի համար դա միակ ճշմարտությունն է, այն ինչ ընկալում է, այն ինչ իր զգայարաններն են իրեն հաղորդում: Ինչ հիմքեր ունի սեփական աչքին, ականջին, շոշափելիքին չվստահելու? Ոչ մի…
Իսկ եթե մտածողական պրոցեսներն են խախտվում, եթե թվում է, թե քեզ հետևում են, քեզ համար դավեր են նյութում ու խաբում են ամեն քայլափոխին, բոլոր ծանոթներդ: Պետք է զգուշանաս, պետք է ոչ ոքի չվստահես ու ուշադիր լինես: Եթե քեզ թվում է, թե հենց աչքդ թեքես, ուշադրությունդ թուլացնես, կվնասեն քեզ: Ինչպես մարդուն համոզել, որ դա “օբյեկտիվ” չէ, որ դա իրեն է թվում, ինչպես համոզել, որ ինքն իրեն չվստահի ու քո ասածին վստահի: Ինչպես ապացուցել իրականությունը:
Ոչ մի կերպ…
Քանի որ ամեն ինչ հարաբերական է, ամեն ինչ գոյություն ունի, քանի գոյություն ունենք մենք, ամենն այնպիսին է, ինչպիսին մենք ենք տեսնում…
Ինչ գիտես, թե ջուրն անհամ է: Գուցե ուղղակի զգայարան չունես դրա համն ընկալելու: Եթե մեկն ասի, թե ջուրը կծու է, կասես` գիժ է?
Ու եթե մի օր հրաշալի երաժշտության ձայներ լսես ու եդեմական տեսիլքներ ունենաս, մի շտապիր եզրակացնել, թե դրախտ ես ընկել:
Աննան ավելի վստահ էր իր եզրակացություններում- “Ես գիժ չեմ”:

Դուռը թակեցին ու ներս մտավ մի կին` սպիտակ խալաթը հագին, ձեռքին թղթապանակ ուներ ու գրիչ:
-Բարի առավոտ, Աննա: Ես բժիշկ Շվարցն եմ: Կարող ես ինձ դիմել անունով` Նինա: Քեզ երեկ հանգստացնող դեղերի մեծ բաժին ենք տվել, ինչպես ես: Անցել է ազդեցությունն արդեն?
Աննան անվստահությամբ լի հայացք նետեց բժշկի վրա, բայց երբ հանդիպեց նրա ինքնավստահ ու ջերմ աչքերին, հանգստացավ:
Նինա Շվարցը մոտ քառասուն-քառասունհինգ տարեկան կին էր, շատ գեր, այնքան գեր, որ նույնիսկ հազիվ էր կարողանում սեփական մարմինը տեղափոխել ու օրորվելով էր քայլում: Մազերի կարճ ժամանակակից կտրվածքը կոկիկ հարդարված էր: Նա գրպանից ծրար հանեց, որի վրա գրված էր` Աննա: Այդ ծրարում երեք գույնի հաբեր էին` կապույտ, վարդագույն ու կանաչ, մեկնեց Աննային:
- Խմիր սա: Հիմա քեզ հանգստանալ ու հանդարտանալ է անհրաժեշտ:
Աննան ենթարկվեց:
- Փորձիր մի քիչ էլ քնել, իսկ օրվա երկրորդ կեսին սպասում եմ քեզ իմ կաբինետում, քեզ կուղեկցեն քույրերը: Մի քիչ կզրուցենք: Քո իրերը քեզ հետ են բերել, դրանք ինձ մոտ են: Երբ կցանկանաս, կարող ես վերցնել:
- Որտեղ եմ ես,- անտարբեր ձայնով հարցրեց Աննան:
- Մայրաքաղաքից 34 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևմուտք: Սա նախկին հանգստյան տուն է, այժմ, ինչպես երևի հասցրեցիր հասկանալ, առողջարան է: Անհանգստանալու կարիք չկա, սիրելիս, ամեն ինչ կարգին է: Մենք քեզ ոտքի կկանքնեցնեք:
Բժիշկը լայն ու բարեհամբույր ժպտաց Աննային ու հեռացավ:
***

Աննան ամբողջը օրը կիսաքուն վիճակում էր: Ոչ քնում էր, ոչ արթուն էր: Այս վիճակը նրան զարմացրեց: Ի տարբերություն սովորականի գլխում ոչ մի միտք չկար, ոչ մի… Ուզում էր միտք բռնել, չէր կարողանում: Ուզում էր իրեն այն մտքի վրա բռնացնել, թե ինչ է մտածում, չէր ստացվում: Ոչ մի միտք. դատարկությու~ն, հանգստությու~ն… Ուզում էր մտածել, չէր ստացվում: Չէր կարողանում կենտրոնանալ, որ սկսի մտածել: Պառկած ժամերով նայում էր առաստաղին ու չէր ձանձրանում: Անընդհատ նայում էր: Առաստաղը իրեն վարդագուն էր թվում, թեև ոչ մի գույն էլ չուներ իրականում, իսկ առաստաղից կախված փոշու բարակ ժապավեններին (չգիտեր` ինչպես են դրանց ասում, բայց գիտեր, որ դրանք ժամանակ առ ժամանակ կախվում են առաստաղից, ու պետք է փոշեկուլով հավաքես) նայելով` թվում էր, թե ինքը կրկեսում է, իսկ այդ ժապավենները` փայլփլուն թատերական զգեստներ հագած ակրոբատներ են, ու առաստաղի տակ կախված ճոճանակների վրա վտանգավոր տրյուկներ են ցույց տալիս իրեն: Ժապավեններից մեկը կարծես երկու մասից բաղկացած լիներ. դա էլ աղջիկ ու տղա էին: Տղան ոտքերով ամրացված էր ճոճանակից, իսկ աղջիկը օդի մեջ ցատկ էր կատարում, ու տղան նրան բռնում էր, մեկ` ձեռքերից, մեկ` ոտքերից:
Երեկոյան Աննան ուշքի եկավ այն մտքից, որ արդեն մութն ընկնում է, լույսը պակասել է: Իսկ ինքը` առավոտվանից նույն դիրքով պառկած, առաստաղին է նայում: Կողքի սենյակից ուրախ ձայներ ու ծիծաղ էր գալիս: Աննան իրեն շատ միայնակ ու նեղված զգաց, ինչպես փոքր ժամանակ, երբ բակից գալիս էին երեխաների խաղի ձայները, իսկ ինքը ստիպված էր նստել ու դաս անել: Կամ էլ` երբ ամաչում էր բակ իջնել ու երեխաներին խնդրել, որ իրեն էլ խաղացնեն: Բայց այդ ժամանակներն անցել էին վաղուց: Հիմա Աննան շատ հեշտ էր բառեր գտնում մարդկանց հետ խոսելու և չէր քաշվում ոչինչից: Նա վեր կացավ մահճակալից ու տեսավ, որի իր մահճակալի կողքի աթոռին խալաթ է դրված: Շատ զարմացավ. չէր նկատել, որ սենյակ մարդ մտներ, այդ երբ էին բերել?
Աննան հագավ խալաթը ու գնաց կողքի սենյակ:
***
Կողքի սենյակում հավաքվել էին հոգեբուժարանի մնացյալ բնակիչներից ոմանք` Մարիան, Թամարը, էլի մի քանի կանայք, ում անունները չէր հիշում (Սվետիկը, Ալինան ու Կատյան), ու ի զարմանս Աննայի, այն աղջիկը, ում առավոտյան բռնել էին սանիտարները ու ով գորգռում էր ամբողջ շենքով մեկ` մազերը թափահարելով: Հիմա հեռացված ու ոչինչ չասող հայացքով էր նայում, աչքերը կարմրած էին ու յուրովի անթափանց: Կարծես ապակուց լինեին: Աչքերի տակ կապտած էր: Ընդհանուր տեսքն էլ այնպիսի անպաշտպան ու խեղճ էր: Հրեշտակային, անմեղ, օրհնյալ մի բան կար մեջը: Երևի, պատահական չէ, որ Ռուսաստանում հոգեկան հիվանդներին ու մտավոր խնդիրներ ունեցողներին “օրհնյալ” են անվանել, կամ “Աստծո մարդ”, ու վերաբերվել որպես սրբերի:
Աննան հակասական զգացմունքներ էր նկատում իր մոտ: Մի կողմից, վախենում էր նրանցից ու քաշվում: Վախենում էր, որ նրանց հետ խոսելով, շփվելով, մի բան հսկողությունից դուրս կթողնի, ինքն իրեն չի կարողանա կառավարել ու նրանցից “կվարակվի”: Չէ որ, երբ մարկանց հետ շատ ես շփվում, չես զգում, թե ինչպես ես նրանցից որոշ խոսքեր, սովորություններ ձեռք բերում, սկսում ես նրանց պես մտածել: Այն ոճը, որ ընդունելի է ու նորմալ է բոլորի համար, նորմալ է դառնում նաև քո համար: Աննան դրանից էր վախենում: Վախենում էր, որ չի զգա, թե ինչպես է ընկնում այլ աշխարհ:
Մյուս կողմից, մի զգացում էր առաջանում` օգնել այս մարդկանց, մի բան անել: Մի լուծում պետք է լիներ: Չէ որ նրանք հիվանդ չեն, ամեն ինչն էլ տեղն է, ընդամենը դավաճան ուղեղն է հրաժարվում աշխատել, հրաժարվում է նրանց օգնության գալ ու հանել այս տանջող ու խոցելի վիճակից:
Աննային նկատմամբ կանայք բարեհամբույր էին: Հավանել էին: Նրան դիմավորեցին, նստեցրեցին անկողնու վրա հարմար տեղ ու սկսեցին հարցուփորձ անել, թե ով է, որտեղ է ապրում, ով է մասնագիտությամբ:
Աննան առանց նյարդայնանալու պատմում էր իր մասին, իր կյանքի մասին, իսկ կանայք հետաքրքրությամբ լսում էին: Միայն Սվետիկն էր անհանգիստ երեխայի նման տեղում նստած անընդհատ շարժվում ու խոսքի կեսից անկապ հարցեր տալիս:
Մյուս կանանց մեջ ոչ մի տարօրինակ բան չկար կարծես: Բայց որ մի քիչ խոսում էիր հետները, ավելի ուշադիր էիր դիտում շարժուձևը, հայացքները, խոսելաոճը, հասկանում էիր, որ մի բան այն չէ: Պարզել ճշգրտորեն չէր լինում, թե ինչը: Սովորական կյանքում հաճախ հանդիպում են տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններով: Ոմանք տարօրինակ են, ոմանք ապշեցնում են, ոմանք նույնիսկ ավելի գիժ կարող էին համարվել, քան այս սրբերը, բայց այստեղ ամեն ինչ տարօրինակ էր թվում:
Երբ մութն ընկավ, աղջիկները քնել էին նստած տեղերում, միայն Թամարն ու Աննան էին դեռ շարունակում զրույցը:
- Թամար, քեզ մի բան եմ ուզում հարցնել: Եթե համարես, որ հարցս տեղին չէ, կարող ես չպատասխանել:
Աննա շատ դելիկատ էր մոտենում հարցերով: Չէր ուզում վախեցնել, կամ վիրավորել կանանց: Նա շարունակեց.
- Ով է Մարիան, ինչու են մատներին կապոցներ փաթաթած:
- Նախկին կյանքում օպերային երգչուհի է եղել: Շատ հաջողակ էր, բոլոր մեներգություններն ինքն էր կատարում, բայց կարիերան շուտ ավարտվեց, երբ դեռ երիտասարդ էր: Նրան ժամանակ առ ժամանակ թվում է, թե մատները երկարել են, շատ են երկարել, ու այդ ժամանակ դանակով կտրում է, որ ճիշտ չափի բերի: Նրան արդեն երկար ժամանակ բուժում են: Թվում է, թե առողջացել է, բայց որոշ ժամանակ անց, նորից այստեղ են բերում` մատները կապկպած:
Աննայի դեմքին դառնություն տպվեց:
- Իսկ Սվետիկը? Նրան ինչ է պատահել?
- Սվետիկը ևս հաջողակ է եղել, պետք է ամուսնանար մի տղայի հետ, երկար տարիներ սիրել են միմյանց, իսկ հետո հարսանիքից մի քանի օր առաջ իմացել է, որ մի ուրիշ կին իր փեսացուից երեխա է սպասում: Նույն օրը հավաքել է իրերն ու անհետացել է իր քաղաքից: Երևի, մի բան հետը պատահել է, պաշտպանական ռեակցիա է, իրեն փոքրիկ երեխա է երևակայում, իրեն այդպես է ընկալում:
Աննան ազդված էր պատմություններից: Հասկացավ, որ այլևս ոչինչ չի ուզում իմանալ: Օգուտն ինչ էր, թե իմանա նրանց կյանքի պատմությունը? Ելքը մեկն էր. բոլորը ՀԻՄԱ այտեղ են, բոլորը ներկայում են, այնպիսին, ինչպիսին որ կան, ու փոխել արդեն ոչինչ հնարավոր չէ:
- Թամար, կարող է իմանաս? Իմ սենյակ մտնող եղել է այսօր? Սենյակումս խալաթ է հայտնվել, բայց չգիտեմ` որտեղից:
- Աննա ջան, այսօր քեզ մի քանի անգամ այցելել են բժիշկները, փորձում էին քեզ տանել հիպնոզի սեանսի, բայց չէին կարողանում արթնացնել: Որոշեցին չանհանգստացնել, մինչև որ ուշքի գաս:

***
Աննան պառկել էր անկողնում: Պատուհաններից այն կողմ նորից վառվում էին լապտերները, բայց այս գիշեր ձյուն չէր գալիս: Աննան չէր կարողանում քնել:
“Ինչպես թե` չեն կարողացել արթնացնել? Բայց ես քնած չեմ եղել: Ինչ է կատարվում: Միթե խելագարվում եմ”: Աննան սկսեց աղոթել: Նա միայն մեկ աղոթք գիտեր` Հայր Մերը: Այս պահին, երբ անչափ հուզված էր, երբ լույսը մարել էր ու չգիտեր` ուր է տանում իրեն կյանքի հորձանուտը, իր օգնության ճիչը միակ ունկնդրողն Աստված էր:
Աննան հիշեց, որ մի քանի օրից Ամանոր է: Նա փորձում էր հիշել, թե ինչ է Ամանորը: Առաջինն, ինչ մուտք գործեց պատկերացում, այն տեսարանն էր, կաթոլիկների Սուրբ Ծննդյան առթիվ տիկնիկներից պատրաստվող դրվագը, երբ Մարիամը գրկել է Նորածնին` շրջապատված հովիվներով ու կենդանիներով:
“Գթասրտություն….”
“Բարություն…”
“…”
Երրորդը չհասցրեց մտածել:
Քնել էր:

խմբագրվել է 13.06.2009, ըստ Ռ.-ի մտահղացման
“Գթասրտություն….”
“Բարություն…”
“Սեր”
Երրորդը չհասցրեց մտածել:
Քնել էր:

մետամորֆոզ, սիրելի

Previous post Next post
Up