անխուսափելի միջինացման մեխանիկան

Jul 12, 2013 17:08

Թափառող մտքերը ո՞նց են բռնում: Սրանք արագության տակ բավականին հետաքրքիր են թվում, գունեղ, երբեմն էլ՝ լուսավոր: Ասում են՝ ամենապայծառ աստղերը կապույտ աստղերն են. թափառող մտքերի մեջ էլ կապույտ երանգ եմ տեսնում: Ամենից հաճախ դրանք վրա են տալիս հենց այն պահերին, երբ ամեն ինչ կարծես հանգիստ է, լուռ ու ոչինչ չի խանգարում միտքը հավաքելու, լրամշակելու ու ի պահ տալու համար: Բայց արի ու տես, որ հենց այդ ամենահարմար պահի լուսավոր մտքերը մեծ քանակությամբ ծնվելու ու այս ու այն կողմ փախնելու բնավորություն ունեն: Կգան, կֆռֆռան ու կկորեն: Անհետ: Իսպառ ջնջելով ուղեղից անգամ թեմատիկան: Ի՜նչ ափսոս է: Փոխարենը տառակերության պարտադրված բեռի տակ եկող՝ օրվա մեյնստրիմով թելադրված մտքերն էնքան մնայուն ու կպչուն են, որ չես էլ կարող փախնել դրանցից, անգամ եթե շատ ուզես: Արդյունքում, անկախ քեզնից դառնում ես մեկը բոլորից, ակամա համալրում ես ընդհանուր երաժշտության տակ բերանը բացող փակողների շարքը, դառնում ներդաշնակ, միագույն, հետևաբար նաև անասելիք: Մեկը լիներ հուշեր՝ ո՞նց են բռնում թափառող մտքերը:

թափառող մտքեր

Previous post Next post
Up