ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Apr 24, 2010 01:40

Ապրիլի 24-ին ուզում եմ գրեմ մի երգի մասին: Խոստացել էի մատյանիս շատ սիրելի բարեկամ khlurd.livejournal.com-ին: Մի քանի օր առաջ իրար էինք գրում` ինքն էր ուզում այդ երգը երգել:
Այդ երգի խոքերը գրել է Աղասի Այվազյանը, հայ ամենահետաքրքիր արձակագիրներից մեկը: Այվազյանը թիֆլիսեցի էր, որը տեղափոխվեց Երևան: Իմ մտքում Այվազյանն եկավ Երևան, որովհետև էստեղ փողոցում հայերեն են խոսում. դա միայն կարող է հասկանալ այն մարդը, ով երկար ապրել է օտար միջավայրում: Որովհետև, իր մանկության քաղաքում` իր հարազատ Թիֆլիսում ինքն էլ, իր արած գործն էլ կորելու էր, խորտակվելու էր օտարության ավազում, ինչպես մեզանից` հայերից շատերի գործքը: Որովհետև Երևանում գողն ու սրիկան իր պես, քո պես, իմ պես հայ է, ու ես, դու, մեր պես մի երրորդ մարդ դրա համար պատասխանատու ենք: Որովհետև չես կարա ասես` օտար եմ, դրա համար էլ սրիկայություն է անում իմ հանդեպ: Որովհետև "նա տեսել էր երևի արևային մի քաղաք", ինչպես Չարենցն ու Թամանյանը` մեր պայծառ երկրում:
Այս օրը երգի մասին գրելը կարող է զավեշտ թվալ: Բայց կարծում եմ վասպուրականցի պապս, որը թաքնվել էր իր ծնողների դիակների տակ, որպեսզի փրկվեր, իմ հետ կերգեր այսօր: Ցածրաձայն, հուզված, բայց առանց լալու: Վանեցի պապս, ով մեծացավ Գյումրիի մանկատանը, ով օրվա հացի կարոտ գնում էր ավելի հարուստ ընտանիքների երեխեքի հետ պարապելու, որ իրեն մի աման ճաշ տան. ում հետ սովորում էին իր պես տաղանդավոր վանեցի որբեր` Գուրգեն Մահարին, Վարդան Աճեմյանը, շատ-շատերը...
Տեսնես ի~նչ կլիներ մեկ այլ պուճուր վանեցու` Ոստանիկ Ադոյանի հետ, որն Ամերիկայում մեծացավ` դարձավ Արշիլ Գորկի: Իմ մտքի Աղասի Այվազյանը կսիրեր Ատոմ Էգոյանի "Արարատ"-ի այն պատկերը, թե ինչպես է Գորկին նկարում իր մոր դիմանկարը: Նկարեց, ավարտեց ու հետո պարեց ինքն իր հետ... ու ծածկեց մոր ձեռքերը ներկով:
Ուզում եմ էսօր երգեմ: Ցածր, մտքումս:


ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր
Հայաստան:
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբույն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր
Հայաստան:

Աղասի Այվազյան, Ատոմ Էգոյան, քաղաքացիական հասարակություն

Previous post Next post
Up