Ատոմը, Արսինեն, Էրիկն ու Քրիսը արդարության հետապնդման մասին արվեստի միջոցով:

Dec 17, 2012 02:38

Վերջերս Նյու Յորքում կայացավ “Կոտարածները և դրա արտահայտումը. արդարության հետապնդումը արվեստի միջոցով” (“Atrocities & Expression: Pursuing Justice Through Art”) անունը կրող մի երեկույթ, որին մասնակցում էին դերասանուհի Արսինե Խանջյանը, գրող Քրիս Բոհջալյանը, ռեժիսորներ Ատոմ Էգոյանը ու Էրիկ Նազարյանը: Միջոցառման ընթացքում նրան կիսվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ապագայի վերաբերյալ մտահոգություններով:



Առաջինը համաշխարհային հանրության հետ Հայոց ցեղասպանության մասին արվեստի միջոցով խոսելու կարևորության մասին նշեց ռեժիսոր, 2008 թ. “Ոսկե Ծիրանի” կինոփոռատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակիր Էրիկ Նազարյանը:

“Խոսել ցեղասպանության մասին մշակութային լեզվով կարևոր է ոչ այնքան հայ հանդիսատեսի համար, որքան այլ ազգերին իրականությունը ներկայացնելու համար: Մենք պետք անկեղծ պատմենք ուրիշներին մեր ազգի պատմությունը: Պատմությունը կորչում է, եթե այն չգրանցել: Իսկ առավել տպավորիչ է վիզուալ պատմվածքը”, - դեպի բարձրախոսը մի փոքր առաջանալով, էմոցիոնալ ժեստերով համեմելով իր խոսքը, ասում էր ռեժիսորը: “Պատկերացրեք, եթե այն ժամանակ լիներ Ֆեյսբուքը կամ Թվիթերը... Սակայն ճակատագիրն այնպես դասավորվեց, որ 1895 թ., երբ Փարիզում ստեղծվեց առաջին տեսախցիկը, այդ նույն ժամանակ Զեյթունում ու Սասունում թուքերը արդեն սկսել էին ցեղասպանությունը”:
Որպես պատմությունը վիզուալ միջոցներով գրանցելու կարևորության օրինակ Էրիկ Նազարյանը ցուցադրեց 1918 թ. «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի կողմից նկարահանված “Հոգիների աճուրդ” ֆիլմից մի հատված: Այն նկարահանվել է Ցեղասպանության ականատես տասչորսամյա Արշալույս /Ավրորա/ Մարդիկանյանի “Հոշոտված Հայաստան” հուշերի հիման վրա: Հետաքրքիր է, որ ինքը Արշալույսը ֆիլմում մարմնավորում է սեփական կերպարը:

Տասնյակից ավել գրքերի հեղինակ՝ գրող և սյունակագիր Քրիս Բոհջալյանի “Ավազամրոցի աղջիկները” վեպն այս տարի ընդգրկվել է New York Times և USA Today տպագիրների բեսթսելլերների ցուցակում: Թեև նա հայերեն չի խոսում, սակայն իր մեջ կրում է իր նախնիների հիշողությունն ու կորուսյալ հայրենիքի ցավը:

“Իմ մայրը շվեդուհի էր, սակայն հորս հայկական ընտանիքում նա երբեք այլազգի չէր ընկալվում: Լինելով ծայրահեղ սնոտապաշտ, մայրս տանից դուրս չէր գալիս առանց բանալիների կապոցի, որից կախված էր պատմական Հայաստանի ձևով մի նշան: Իսկ կիրակի օրերը, երբ հայրս ավագ եղբայրներիս ուղեկցում էր բեյսբոլի, մայրս ինձ տանում էր հորական պապիս տուն, ուր պարտադիր էին բարեկամների հավաքները, սուրճն ու անուշեղենը”, - լեփ լեցում դահլիճին պատմում էր Բոհջալյանը:

“Ավազամրոցի աղջիկները” վեպը Ելիզաբեթ Էնդիքոտի և Արմեն Պետրոսյանի, և միաժամանակ նրանց թոռնուհու պատմությունն է, այն մասին, թե ինչպես վերջինս փորձում է բացահայտել այն ամենը, ինչի մասին լռում էին տատիկն ու պապիկը: Քրիս Բոհջալյանի ֆեյսբուքի էջը լի է իր երկրպագուների լուսանկարներով, ովքեր կարդում են գիրքը Նյու Յորքում, Տորոնտոյում, Սարաևոյում, պատմական Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանում, ԱՖղանստանում, Լիբանանում և այլուր: Այսօր նրանք Էրիկ Նազարյանի հետ պատրաստում են էկրանավորել ֆիլմը:

“Այս գիրքը գրվեց մի շարք պատճառներով: Առաջինը՝ ծայրահեղ կարևոր է կրկին ու կրկին խոսել կատարվածի մասին, քանի որ համարյա ոչ մեկ Հյուսիսային Ամերիկայում չգիտի մեկ ու կես միլիոն զոհերի մասին: Խոսում են Հոլոքոստի, Դարֆուրի, Հարավսլավիայի, բայց ոչ Հայոց ցեղասպանության մասին: Ես ցանկանում էի, որ “Ավազամրոցի աղջիկները” կարդան Տեխասում, Կանզասում ու իմանային իրական պատմությունը: Այդ առումով հիանում եմ այնպիսի գործերով, որոնք անուղղակի կերպով, սակայն վառ նկարագրում են պատմական դրվագները, ասենք, «Անգլիական հիվանդը» և «Հատուցում» գրքերը:

Քսանից ավելի կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ ֆիլմերի, այդ թվում նաև “Արարատ” ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը, Նյու Յորքյան այս հանդիպման ժամանակ նշեց.

“Կարիք չկա որևէ մեկին ապացուցել Հայոց ցեղասպանության իրականության մասին: Անբեկանելի փաստ է, որը հայտնի է բոլորին: Այլ հարց է, թե ինչու է այն շարունակաբար ժխտվում է: Բնականաբար մենք գիտենք ինչ է կատարվել ու կարիք չկա բասցատրելու, քանի որ շատերը գիտեն, սակայն պետք է շարունակել Թուրքիայից պահանջել պատասխան տալ շարունակական ժխտողականության համար”:

Դերասանուհի Արսինե Խանջյանը զգայական ելույթի ընթացքում պատմեց, որ Թուրքիայում իրեն ընկալում էր ոչ թե զբոսաշրջիկ, այլ մարդ, ով եկել է իր սեփսկան տարածք: Արսինեն ներկայավրեց նաև մոր իրերն Արևմտյան Հայաստան տանելու և Արարատ լեռան բարձրունքում թաղելու պատմությունը:

“Իրականում գոյություն ունեն ցեղասպանության մասին բազում գրքեր ու հուշեր, բայց ամենը չէ, որ մշակութային արժեք է, պետք է ուշադիր լինել արժանին էկրանավորելու համար ընտելու համար: Իրականում, կինոարտադրության թվային տեխնոլոգիաների զարգացման այսօրվա պայմաններում լավ ֆիլմ նկարելու համար միլիարդավոր գումարներ պետք չեն»:

«Անկախ Թուրքիա իմ կատարած անձնական ուղևորությունների, ես միշտ հրաժարվում էի այդ երկիր պաշտոնական այցելության մեկնելու, եթե ինձ չէին տալու հնարավորություն ասել այն ինչ ես մտածում եմ: Այս տարի իմ բարեկամ Սալբի Ղազարյանն ինձ համոզեց կարդալ թուրք հեղինակի մի բարակ գիրք, խոստանալով, որ արձունքներն անխուսափելի են: Այն կոչվում է «Մեծ մայրս», հեղինակը փաստաբան Ֆեթհիյե Ջեթինն է, ում տատը մեկ օր իր թոռներից Ֆեթհիյեին խոստովանում է, որ հայ է: Ես իրոք լացում էի, բայց ոչ թե դաժան տեսարանների նկարագրությունից, այլ այն փաստից, թե ինչպես այդ կինը սեփական կյանքը փրկելու համար տարիներ ապրել է մուսուլման կնոջ քողի տակ, ամուսնացել մուսուլմանի հետ և դաստիարակել մուսուլման սերունդ: Այդպես ես ներգրավվեցի «Սարն ի վեր» ծրագիրին, որի շրջանակներում ես և Ֆեթհիյե Ջեթինը հանդիպումներ էինք ունենում Հայաստանում, Թուրքիայում և եվրոպական երկրներում: Այդ ընթացքում Թուրքիայում շատերին հանդիպեցի, ով ասում էր, որ իր տատը, բարեկամը նույնպես հայ են եղել:”

Նյու Յորքի Բժշկական ակադեմիայում տեղի ունեցած այս երեկոյին ներկա հայ համայնքի ներկայացուցիչները դահլիճից դուրս էին գալիս կրկին համոզված, որ ժամանակը գնում է, իսկ արդարությունը վերականգնելու ճանապարհին անելիքները դեռ անչափ շատ են:

image Click to view

культур-мультур, new york

Previous post Next post
Up