Sep 11, 2009 13:27
Գրում եմ պատմությանս երկրորդ մասը:
Ես էդպես մտածմունքների մեջ էի` արթնացնեմ էս մարդուն, թե չէ, ու մեկ էլ հանկարծ մեքենան փչանում է: Ով կյանքում գոնե մի անգամ «111» համարի երթուղայինը նստել է, կիմանա, որ էդ մեքենաները կարող են փչանալ ամեն փոսի մեջ ընկնելու դեպքում:
Վարորդը իջավ, մեքենայի առաջին մասը բացեց, նայեց, հետ եկավ, թե ժողովուրդ «մատոռը խփեց, իջեք, մի հինգ րոպեից մյուսը կգա»:
Մարդիկ բոլորը սկսեցին իջնել: Ես էլ ուզած-չուզած սկսեցի արթնացնել ուսիս հենված քնածին: Էդ տղան աչքերը բացեց, նայեց ինձ, հետո կողքերը` դատարկ մեքենա, անծանոթ աղջիկ: Մի վայրկյան զարմացած, չհասկացող հայացքով նայեց ինձ, հետո արագ հարցրեց.
-Էս «111՞»-ն է:
-Հա, ուղղակի մեքենան փչացել է, պիտի իջնենք: Թողեք անցնեմ:
Ոտքերը մի կողմ քաշեց, անցա ու իջա մեքենայից: Քիչ հեռու կանգնած սպասում էի հաջորդ երթուղայինին, տեսա, որ դեպի ինձ էր գալիս: Մոտեցավ, սկսեց հազար անգամ ներողություն խնդրելը: Քունը գլխից անցել էր արդեն, ամեն ինչ հիշել-հասկացել էր ու մի քիչ շփոթված էր:
Որպես «վնասի» փոխհատուցում որոշեց ինձ տուն ճանապարհել: Ասացի, որ դրա կարիքը բոլորվին չկա: Բայց չէ, պինդ կանգնել էր կողքիս ու չէր շարժվում: Մի քիչ հետո ասաց.
-Ծանոթանանք, իմ անունը Սուրեն է:
-Շատ ուրախ եմ,- կարճ կապեցի ես: Հաստատ էնպիսի տոնով ասացի, որ չէր համարձակվի անունս հարցնել:
Մի յոթ-ութ րոպե հետո հաջորդ 111-ը եկավ, երկուսով նստեցինք: Ինձ մի տղա տեղ զիջեց, ես նստեցի մեքենայի վերջում, նա կանգնած մնաց. ամբողջ ժամանակ աչքը չէր կտրում ինձնից: Մի քիչ հետո տեղ ազատվեց, կարողացավ հետ գալ, ինձ ավելի մոտ կանգնել: Անընդհատ ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր ստացվում: Զգացի, որ չէ, պրծում չկա էդ մարդուց, հանեցի հեռախոսս, զանգեցի քուրիկիս ու շատ դեմոնստրատիվ կերպով խնդրեցի. «Պապային ասա, թող 5 րոպեից դուրս գա` ինձ դիմավորելու»:
Էսքան բան: Մնացածն արդեն պարզ է, երեւի:
Անձնական,
Երթուղային տաքսիներ