Aug 31, 2010 01:35
Տխրեցի, որովհետեւ չէր լացում ֆիզիկական ցավից, չէր լացում, որովհետեւ ահագին փող էր ծախսելու: Լացում էր, որովհետեւ որպես կին տրորված էր արդեն: Ու դեռ մի մատ երեխա էր:
Էսօր եղբորս հետ գնացել էինք լազերային կոսմետոլգիայի կենտրոն` նրա դաջվածքը մաքրելու համար: Մինչ ինքը բժշկի մոտ էր, ես ընդունարանում նստածների հետ «ինտերվյու» էի անում:
Աջ կողմումս մի տղամարդ իր տասնյոթ-տասնութ տարեկան տղային էր բերել: Եկել էր խորհրդակցելու, թե դաջվածքը վերջնականպես կմաքրվի՞, թե՞ ոչ: Ես նայում էի այդ տղայի ամբողջ երկայնքով ու լայնքով նախշված թեւին ու հաշվում, թե ինչքա~ն փող են ծախսելու: Վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մինչեւ քսան սեանս անցնել: Իսկ ամեն մի սեանսը հաշվվում է ըստ տատուի չափսերի: Մեր դեպքում յոթ սանիտմետր երկարություն ունեցող ու չորս սանտիմետր լայնք ունեցող տատուն արժի տասնյոթ հազար դրամ: Իսկ այդ տղայինը, հավանաբար, մի սեանսը առնվազն երկու հարյուր հազար դրամ էր կազմելու: Մի խոսքով` իսկական թալան:
Ձախ կողմումս մայր ու աղջիկ էին նստած: Մտածում էի, թե երեւի էպիլյացիայի կամ էլ այլ խնդրով էին եկել: Ապշեցի, որ իմացա` իրենք էլ էին դաշվածը մաքրելու համար եկել: Մայրը բողոքում էր, թե դեռահաս են, թաքուն ծնողներից անուն եմ ու իրենց էլ կրակը գցում: Ծանոթ թեմա էր, մեր գլխին էլ է նույնը եկել:
Եղբայրս բժշկի սենյակից դուրս եկավ: Էդ աղջիկը/ հազիվ մի քսան տարեկան լիներ/, մոտեցավ, հարցրեց, թե ցավում է: Մի քանի բառ փոխանակելուց հետո հարցրի, թե որտեղի՞ց են եկել, որովհետեւ բարբառով էր խոսում: Ասաց` Մեղրիից:
-Էդքան հեռվից եկել-հասել եք էստեղ դրա համար:
-Հա, դեռ քսան օրը մեկ էլ գալու ենք մինչեւ մաքրվելը:
-Բա ախր ինչի՞ համար արեցիր, է~, էդ տատուն:
-Դե միշտ ուզում էի տատու ունենալ: Համ էլ չգիտեի, որ դա վատ բան ա, որ դրանով շատ բանա որոշվում...- աչքերը լցվեցին, չշարունակեց:
Խեղճ երեխա: Ձայնի երանգը, իր աչքերը, մոր հայացքը ասում էին, որ ինչ-որ մեկի համար այդ դաջվածքով շատ բան էր որոշվել: Խոսքը տղայի մասին էր: Չէ, նույնիսկ կասկած չկար, որ մի տղա, ով իբրեւ թե սիրել է նրան, տեսել է դաջվածքը, որոշել, որ...
Տխրեցի... չէ, հաստատ ոչ իմ եղբորը, ոչ էլ էն մյուս տղային բարոյապես չեն ճնշել, չեն ճնշի, ոչ էլ կսպառնան, թե աղջիկ չեն տա, ինչ է թե դաջվածք ունի: Մտածում են, որ դե հիմա երեխա է եղել, հիմարություն է արել:
Իսկ էդ էրեխուն արդեն որպես կին տրորել էին:
լազերային,
Կին,
դաջվածք