Էշի ու գեշի տարբերությունը

Aug 12, 2010 21:01

 Մի քանի շաբաթ շարունակ Լայսթենի լուսանկարներից մեկն էի ինտերնետում ման գալիս. աճուրդային նախնական գները մահացու աստղաբաշխական էին, իսկ անվճար տեղադրածներն էլ դե հասկանալի է, որ շատ-շատ վատն էին:

Բայց որ մի բան ուղեղս է մտնում, կպչում-մնում է, դուրս չի գալիս: Մի սիրուն օր էդ նկարը տեսնում եմ «Արվեստի աշխարհ» խանութում, որը ոնց հասկացել եմ միակն է, որ լուսանկարներ էլ է վաճառում: (Իսկ եթե միակը չի, խնդրում եմ տեղյակ պահեք :)

Պատվիրում եմ, որ էդ նկարը ավելի փոքր չափսով հանեն ինձ համար: Մի տղա` խանութի տերը, ինչպես հասկացա, քիթ-մռութով համաձայնվում է, թե հա կանենք: Այ որ տենց դեմքեր են ընդունում, միանգամից դուրս եմ գալիս` որտեղ էլ որ լինում եմ: Բայց էդ պահին... իսկականից զգացի էլի, թե ինչքան թանկ էր էդ նկարն ինձ համար, ձայն չհանեցի: «Ձվածեղի համար թավի պոչը պաչում են»:

Երկու օր հետո զանգում են, թե եկեք, վերցրեք, պատրաստ է արդեն: Գնում եմ, հեռվից նկարս տեսնում եմ, սիրտս ուրախությունից դողում է: Ձեռքս եմ վերցնում, ու ինչ լավ երազ, պատկերացում, ուրախություն, ու էլ չգիտեմ` ինչ կար, գլխիս փուլ են գալիս:

Առաջին հերթին նկատում եմ, որ իսկական նկարի տակ գրված է հեղինակի անունը, իսկ էս նկարում չկա. արյունը գլխիս է խփում: Էդ արդեն իսկ նշանակում է, որ օրիգինալ ֆայլից չեն տպել:

Նկարը շրջում եմ, տեսնում եմ հետեւը բան չկա գրած (պիտի որ հեղինակի անունը գրված-կպցված լինի): Աշխատողին հարցնում եմ.

-Ինչու՞ հեղինակի անունը չեք գրել:

Ու մի էնքան օրիգինալ պատասխան եմ լսում, որ քիչ է մնում ընկնավորվեմ: Գրիչը ձեռքս է տալիս.

-Հեսա, Դուք գրեք հետեւում:

Այսինքն` իր կարճ խելքով ես էնքան ապուշ եմ, որ չգիտեմ ինչ նկար եմ պատվիրել, հեղինակն էլ ով է, ու պիտի օրիգինալից նստեմ արտագրեմ:

Մի լավ վրդովվում եմ, բացատրում եմ, որ կարգն էդպես չի... Բայց դե ամեն ինչ քաղաքավարության սահմաններում:

Նկարը մի քիչ էլ եմ շուռումուռ տալիս, զգում եմ, որ վրայի ապակին շխկշխկում է` էն աստիճանի թույլ են վրան գցել. մի քիչ ուշադիր լինելուց հետո էլ տեսնում եմ, որ պասպարտուն հեչ բանի պետք չի, ոնց որ սովորական վատմանի թուղթ:

Ասում եմ, որ դեռ թող մնա իրանց մոտ, մինչեւ խանութի փակվելը կորոշեմ` ինչ անել: Դուրս եմ գալիս էն աստիճանի հիասթափված ու կոտրված, որ ուզում եմ լացել, լացս չի գալիս:

Ու մտատանջությունների մեջ կոտորվում եմ` վերցնեմ, չվերցնեմ. շատ եմ ուզում, բայց սիրտս կախ է: Ու մտածում եմ.

«Այ մարդ, փող եմ տալիս, որ ոչ օրիգինալը առնե՞մ. էն էլ էսքան փնթի սարքած». ու հաստատ որոշեցի, որ էշ լինելու հեչ հավես չունեմ:

photography, wilhelm leisten

Previous post Next post
Up