Հոգուս հասավ...

Nov 06, 2009 16:25


Էսօր զուտ անձնական գործի բերումով օգտագործեցի լրագրող լինելուս հանգամանքը: Նախ ասեմ, որ միշտ նողկանք էի զգում բոլոր այն կոլեգաներիս հանդեպ, ովքեր տեղի-անտեղի ու ի լուր բոլորի հայտարարում են դա` գործն առաջ տանելու նպատակով:

Բայց էսօր հունից հանեցին: Պատմում եմ:

Մի քանի ամիս առաջ գրել էի, թե Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ինչ լավ էին ընդունել ինձ, թղթաբանություն-տարություն չկա, ու ... Քանի որ այլեւս ուսանող չեմ ու Երեւանի քաղաքացի նույնպես չեմ, մի քանի ամիս առաջ խնդրել էին տանել տեղեկանք աշխատավայրից ու աշխատանքային պայմանագիրս: Տարել էի: Հանգիստ-խաղաղ օգտվեցի մինչեւ հոկտմբերի վերջը: Բայց աշխատանքային պայմանագիրս վերջացավ ու նոր պայմանագիր կնքվեց: Ես էլ մի երկու օր առաջ թարմ-թարմ պայմանագիրը ձեռքիս գնում եմ գրադարան` ընթերցելու կարիքներս բավարարելու: Ու մեկ էլ հոպ...
Սպասարկման բաժնից ուղարկում են տնօրենի ընդունարան: Տնօրենի ընդունարանում մի կին դռան մոտից ինձ բացատրում է, թե նախ ինձ մոտ պիտի գաս ու ուղեկցում է փոխտնօրենների սենյակ: Դե գնացի: Պայմանագիրս նայեց, նայեց ու թե երկարացման ամսաթիվը ճիշտ տեղում չի գրված, պիտի նորից գրվի ու կնքվի:

Խելոք-խելոք հետ եկա, մեր հաշվապահին բացատրեցի ուզածս, մարդը համբերատար ամեն ինչ արեց: Ու էսօր պայմանագիրս ձեռքիս նորից գնացի գրադարան: Նախ սպասարկման բաժնի աշխատողը սկսեց չինովնիկություն անելը, թե մինչեւ քարտդ տալը, պայմանագիրդ ինձ ցույց տուր: Չդիմացա, սեւեռուն հայացքով նայեցի աչքերին ու ուղղակիորեն պահանջեցի, որ տար: Սուս-փուս հանեց, տվեց:

Գնացի փոխտնօրենի մոտ, քանի որ նախորդ անգամ ասել էր, թե ինձ մոտ նախ պիտի գաս, ես էլ լսող, օրենքը հարգող մարդու պես նրա սենյակ մտա: Ու ամենակատաղացնողն այն էր, որ պարզվեց այդ կինը բացարձակպես գլուխ չէր հանում գործից: Հարցնում է, թե աշխատավայրից բերված տեղեկանքդ ուր է: Պատասխանում եմ, որ արդեն վաղուց եմ դա բերել ու այլեւս չեք ուզել դրանից: Ասացի` չեմ հասկանում, թե իմաստը որն է նորից տեղեկանքի, եթե պայմանագիրը բերել եմ ու դա արդեն հերիք է: Ու շատ կտրուկ տոնով էի հետը խոսում: Եթե դրանից էլ էն կողմ խելոք լինեի, հազար տեղ վազել էին տալու: Էդ կինը ուզում էր թփրտալ, թե աղջիկ ջան, ինչպես ես խոսում, եւ այլն... Բայց էդտեղ դիմեցի շանատաժի` շատ նուրբ ձեւով հասկացնելով, որ լավ չեն աշխատում ու թս խնդիրը պետք է մամուլի միջոցով բարձրացնել: Ասելս ու սսկվելը մեկ եղավ:

Զանգեց, ինչ-որ մեկի հետ երկար-բարակ կոնսուլտացիա էր անում, թե իմ դեպքում ինչ պիտի անի, վերջը խնդրեց, որ գնայի տնօրենի ընդունարան: Այ էդտեղ ավելի ջղայնացա: Այսինքն` ինքը բացարձակ գլուխ չէր հանում գործից ու նախորդ անգամ անկապ տեղն էր ինձ իր մոտ քարշ տվել: Էնքան թերարժեքության բարդույթներ ունեն, որ մարդ են ման գալիս իրենց պուճուր-մուճուր պաշտոնի մասին տեղեկացնելու համար:

Տնօրենի ընդունարանում մի բարեհամբույր կին էր: Բայց ես էնքան ջղայնացած էի, որ հետը հազիվ էի խոսում: Մտավ տնօրենի սենյակ, տնօրենը մակագրեց, հարցը լուծվեց:

Հետո արդեն սպասարկման սրահում նորից տեսա փոխտնօրենին, ով վախեցած նայեց վրաս, հետո չգիտեմ` ինչ հայացքով նայեց սպասրկման սենյակի աշխատողին, որից հետո վերջինս էլ փափկեց ու ձեռքերս պաչելով սկսեց խոսել:

Ու էսքանից հետո մի բան հասկացա, որ Հայաստանում քիթ-մռութով, մունաթով գործն ավելի հեշտ է առաջ գնում, քան թե զսպվածությամբ ու քաղաքակիրթ լինելով: /Չնայած` սրա մասին միշտ էլ լսել էի, բայց կաշվիս վրա չէի զգացել/:

Անձնական, Գրադարան

Previous post Next post
Up