Հաճույքաճխտիկից տհաճաճխտիկ՝ մեկ քայլ է

Jan 22, 2012 07:13

«Չի կարող պատահել»։ «Անհնար է»։ Եվ ինչու ոչ՝ «վախ, հորս արև...»
Սրանք էին առաջին բառերը, որ մտածեցի առավոտյան համացանց մտնելուց հետո։ Որովհետև աչքերիս առաջ մի «լրատվական» նյութ էր, որի արմատները գոնե ես հաստատ գիտեի։
Այո, խոսքը lragir.am-ի հիասքանչ «վերլուծաճխտիկի» մասին է։ Այն «վերլուծության», որը առանց մեզանից ավել ջանք պահանջելու, վերլուծեց հենց իրեն՝ lragir.am-ին։

Ինչևիցե, սկսենք սկզբից, որքան էլ ծիծաղելի չէ այդ սկիզբը։ Ահա այդ ցանցառ բառի ամենա-ամենասկզբնական աղբյուրը.

1.



Հետո եղավ իմ տեքստը, որ ոչ այլ ինչ էր, քան պարզապես կատակի ընդլայնում, գեղարվեստականացում ու հղկում։ Ու որն էլ սկսվեց տարածվել զարմանալի արագությամբ.

2. «Ասում են, լեզվի տեսչությունը վերջապես թարգմանեց «սեքս» բառը. հաճույքաճխտիկ։ Առաջարկվում են բառի օգտագործման հետևյալ ձևերը.
1. (զրույց հանրային տրանսպորտում) Օրիորդ, դուք շատ գեղեցիկ եք, եկեք հաճույքաճխտվենք։
2. (սիրավեպ) Հաճույքաճխտիկի խառնիճաղանջ ոլորանների վերջում նրանց երկուսին էլ պատեց հեշտանքի հորձանուտի հուզիչ մթնոլորտը։
Բացառություն է կազմում մի քառասուն տարի իրար հետ ապրած, իրարից փոքր ինչ զզված ամուսինների զրույցը.
Այ մարդ երբ ես վերջապես կատարելու պարտաճխտիկդ...
Եվ այլն...»

Հիմա անընդհատ կարդում եմ, փորձում եմ հասկանալ, թե ինչն է այս գրառման մեջ որևիցե մեկին ստիպել կարծել, թե այս ամենը լուրջ է։ Անկեղծ ասած, չեմ գտնում։ Երևի մարդու բնածին... հմմմ... չափազանց լրջությունը միայն կարող էր ստիպել էդպես մտածել։

Ինչևիցե, ինչ-ինչ պատճառներով դա կատարվեց (էստեղ ես իհարկե չէի կարող չհիշել Gossip ֆիլմը)։

Ու կատարվածին միանգամից արձագանքեցին ամենատարբեր սոցիալական տարրեր։ Անուններ չեմ բերի։ Ուրախացնում է միայն, որ ֆեյսբուքի մեծամասնությունը կատակը հասկացել էր։ Միգուցե չէր ընդունել, բայց հասկացել էր։ Բայց, իհարկե, եղան և ծիծաղելի դեմքեր, որոնք առիթը բաց չթողեցին խոսելու «հայ կնոջ նոր արթնացող սեքսուալությունը թաղելուն» ուղղված պետական դավադիր քաղաքականության մասին։ Դե, դա էլ երևի Բաթումիում «շուտով տեղադրվող» «սեռերի հավասարությանը նվիրված» լեզվաճխտիկի հուշարձանի լուրից ծնված միտք էր, չգիտեմ։ Մի քանիսը հարցադրում դրեցին՝ ո՞րն է, վերջ ի վերջո, սկզբնաղբյուրը։ Ցավոք, ճիշտ պատասխանը չգտնվեց։ Ինչու եմ սա շեշտում։ Չկարծեք, թե պարծենում եմ հորինածս հանճարեղ բառով։ Ոչ։

Պարզապես ուզում եմ շեշտել, որ սզբնաղյուրն անհայտ էր այն պահի դրությամբ, երբ կատարվեց գլխավորը՝ տեղադրվեց մի ծավալուն նյութ lragir.am կայքում, որում հեղինակի անառողջ երևակայությունը փորձեց «քլնգել» Լեզվի Պետական Տեսչությանը և անձամբ Սերգո Երիցյանին (որին, ի դեպ, ես չեմ էլ հիշում արդեն)։ Այսինքն, հեղինակի համար կարևոր ինքնանպատակ էր ԼՊՏ-ն քլնգելը։ Ես չեմ ուզում հավատալ, որ այդ նյութի հեղինակը, լինելով պրոֆեսիոնալ լրագրող, ինքն իրեն չի հարցրել՝ լավ, այ մարդ, իսկապես, որն է սկզբնաղբյուրը։ Չեմ ուզում հավատալ, որ նա չի ֆայմել ընդամենը մեկ զանգ կատարի (ինչպես հետագայում արեցին նորմալ ԶԼՄ-ները) ։ Չեմ ուզում, բայց, փաստորեն, ստիպված եմ։

Ու «հաճույքաճխտիկը», ծնվելով ֆեյսբուքում, կրկին վերադարձավ ֆեյսբուք՝ արդեն պաշտոնական լուրի կարգավիճակը ստացած։ Պաշտոնաճխտիկ (չշփոթել «պատգամավորի» հետ) եղավ, մի խոսքով։

Սովորական՝ ոչ լրագրող ֆեյսբուք օգատագործողներիին, իհարկե, մեղադրելու չի, որ սկսել են տարածել այդ «լուրը»։ Բայց, միևնույն է, ես էլ կասեմ. սիրելի մարդ, քլիք անելուց առաջ ՄՏԱԾԻՐ։

Տեսնելով էս ամենը, չեմ կարող ներողություն չխնդրել ԼՊՏ-ից և անձամբ Սերգո Երիցյանից, lragir.am-ի լրագրողի կատարյալ ապուշության համար։ Ինչ վերաբերում է կատակիս, չեմ կարծում, թե ներողություն խնդրելու առիթ ունեմ։ ԼՊՏ-ն իմ կատակում ընդամենը կատարել է «հայկական ռադիոյի» դերը։

Ծիծաղս գալիս է։ Հիմա նստած՝ Բոբ Դիլան եմ լսում ու ծիծաղս գալիս է։
Պաշտոնապես երդվում եմ մեր լրատվամիջոցների առջև.
կատակի վերջում միշտ նշել «Սա կատակ էր, հարգելի ԶԼՄ» նախադասությունը և միշտ կրել պիոներական փողկապս։ Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ։ (սա կատակ էր)

Հ.Գ. Միանում եմ lragir.am-ը բոյկոտելու կոչին։
Մի հատ էլ Հ.Գ. Ուզում եմ պաշտամունքիս խոսքերն ուղղել այն բոլոր կայքերին, որոնք իրենց մի քիչ ռեյտինգ պոկեցին էս պատմությունից։ Ֆեյսբուքցիներս չլինեինք, ի՞նչ էիք անելու... Օֆ, օֆ...

լրատվամիջոց, ԶԼՄ, հաճույքաճխտիկ, լեզվաբանություն, սոցիալական ցանցեր, մտածող մարդ, կատակ, հասարակություն

Previous post Next post
Up