Մշակույթի պաշտպանությանը նպաստող մոտավոր մի ծրագիր

Feb 21, 2011 01:52

Originally posted by lernci at Մշակույթի պաշտպանությանը նպաստող մոտավոր մի ծրագիր
Ահավասիկ մշակույթի պաշտպանությանը նպաստող մոտավոր մի ծրագիր.
  • Հայ երեխայի առաջին տպավորությունները պիտի լինեն հայոց լեզուն և լեզվից բխած հայկական ժողովրդական և դասական երաժշտությունը
  • Անհրաժեշտ է վերականգնել օրորոցային երգերի ավանդույթը/բայց ոչ ձայնագրված վիճակում/
  • Դադարեցնել մանկապարտեզներում, դպրոցներում և այլ կրթօջախներում որպես ֆոն հնչող անճաշակ երաժշտությունը` լինի դա հայկական թե օտար:
  • Կրթօջախներում կազմակերպվող միջոցառումներում կիրառվող երաժշտությունը նախ պիտի լինի ազգային, հետո միայն հանրամատչելի, ընդ որում` միայն բարձրաճաշակ:
  • Միջնակարգ դպրոցներում, բուհերում “Մշակույթի պատմություն”, “Կրոնի պատմություն” առարկաների շրջանակներում լուսաբանել կրոնի, մշակույթի և արվեստի առնչությունները:
  • Երգ-երաժշտության դասերին դպրոցականները պիտի սովորեն խմբովի երգել հայկական-ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր:
  • Անհրաժեշտ է դասական երաժշտության հայտնի նմուշների ունկնդրումներ, ֆիլմերի դիտումներ, որոնց ընթացքում աշակերտները կտիրապետեն լռելու և լսելու արվեստին/հեռու կմնան “սին ճառախոսներից”/:
  • Ուսումնական հաստատություններում, հիմնարկներում ստեղծել երգչախմբեր, մեծ տեղ տալ խմբերգային արվեստին, որի միջոցով հասարակության մեջ կձևավորվի հոգևոր միասնականության մթնոլորտ /պետք է գոնե մի քանի երգ կարողանանք ողջ ազգով երգել/:
  • Ձևավորել հայեցի կրթությամբ մարդ-մասնագետ, քաղաքացի, այլ ոչ դերակատար, կամակատար:
  • Ինչպես լեզվի տեսչությունը հսկում է հանրապետությունում հայոց լեզվի անխաթար կիրառմանը, ինչպես նախկինում Հուշարձանների պահպանման կոմիտեն էր հսկում պատմամշակույթային հուշարձանների վիճակը, հարկ է հիմնել նման կազմակերպություն, որը կկանխի ազգային մշակույթի աղավաղումը և ոչնչացման փորձերը:
Այս բարեփոխությունները պետք է շտապ իրագործել, քանզի վտանգը վերահաս է` “Հանիբալը դարպասների մոտ է”…
“Մշակույթի պատմական գանձարանն այնքան հարուստ է, որ ապագա համալրման իմաստով անհանագստանալու կարիք չկա: Մինչդեռ մշակույթն ունի գործնական, բարոյական մի կողմ, որն առօրյա կյանքում անվանում ենք նրբավարություն, քաղաքավարություն…Այն ունի եզակի և վիթխարի նշանակություն”,-գրում է Վլադիմիր Սոլովյովը:
“Չի կարելի ոչ մեկից պահանջել ոչ բարձրագույն առաքինություն ոչ մեծ խելք կամ հանճարեղություն: Բայց կարելի է և պարտադիր` բոլորից պահանջել նրբավարություն: Դա այն նվազագույնն է, որի շնորհիվ մարդիկ կարող են ապրել մարդավայել”, եզրակացնում է մեծ փիլիսոփան: Հիրավի, առանց այդ նվազագույնի, առանց փոխադարձ հարգանքի նույնիսկ ամենավեհ մշակույթը չի պատսպարվի, այն կրող չի լինի, չի տարածվի, ինչպես ալիքները` առանց տարածման դաշտի: Մյուս կողմից, նման նրբավարություն մարդ ձեռք է բերում, հաղորդվելով գեղեցիկի, վեհի, բարձր արվեստի հետ: Թվում է, թե մոգական մի շրջան է` նախ աշխարհը պետք է փրկի գեղեցիկը, որպեսզի գեղեցիկը փրկի աշխարհը:

Հատված Դանիել Երաժիշտի "Ամենայն մաքուր, հայելին ցեղին" գրքի՝ «Հանիբալը դարպասների մոտ է» հոդվածից


Previous post Next post
Up