Ինչպես խոստացել էի
talinci կազմակերպած երեկոյան դպրոցի մասնակիցներին, ստորև ներկայացնում եմ «Քննական մոտեցում տեղեկատվության աղբյուրներին» իմ դասախոսության պլանի մի մասը։ Զգուշացնեմ, որ համարակալումը, խմբավորումը, ձևակերպումները «սևագրոտ» են։ Ուրախ կլինեմ լսելու ձեր հավելումներն, առաջարկներն ու քննադատությունը։
ԱՐԹՈՒՆ ԵՂԵ´Ք
- Քննական ֆիլտրերը միշտ միացրած պահեք ցանկացած միջավայրի հետ շփման ժամանակ /լինի դա կինոդիտում, դասախոսություն, երաժշտություն և այլն/
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ՒՆ. ՈՒՂԵՐՁՆԵՐ
- Ի՞նչ ակնհայտ ուղերձներ կան և ինչ աննկատ ուղերձներ։
- Նույն ուղերձը կարող է տարբեր ձևով ընկալվել կամ մեկնաբանվել տարբեր լսարանների կողմից։ Ուղերձի հնարավոր ազդեցությունը գոնե մասամբ գնահատելու համար փորձեք հասկանալ, թե որն է ուղերձի թիրախային լսարանը։
- Ո՞րն է ուղերձի սկզբնաղբյուրը և ինչ նպատակով է այդ ուղերձը փոխանցվում լսարանին։
ԱՐԴՅՈ՞Ք ԴԱ ԻՄ ԽՆԴԻՐՆ Է
- Ինչքանո՞վ է կարևոր ուղերձի մեջ ներկայացված խնդիրը։ Արդյո՞ք դա է իսկական խնդիրը, թե միայն հետևանք է մեկ այլ՝ ավելի լուրջ խնդրի։ Արդյոք առաջարկվող խնդրի լուծումն առաջնահերթ է, թե կան ավելի հրատապ, ավելի առաջնահերթ ուշադրություն պահանջող խնդիրներ։ Արդյո՞ք այդ խնդիրն իսկապես արդիական է ձեր համար, թե ինչ-որ մեկը փորձում է Ձեզ պարտադրել իր օրակարգը։
- Եթե խնդիրն իսկական է. արդյո՞ք առաջարկվում են լուծումներ։ Արդյո՞ք դրանք իսկական լուծումներ են։ Արյո՞ք դրանք միակ հնարավոր լուծումներն են [հուշեց tanamasi]։ Արդյոք դրանք օպտիմա՞լ լուծումներ են։
ՀՈՒՅԶԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ
- Ուղերձի երանգավորումը։
- Տարանջատե´ք փաստերը զգացմունքներից։
- Տարանջատե´ք փաստերը հայտարարություններից։
- Արդյո՞ք խնդրի ներկայացումը օբյեկտիվ է։ Արդյո՞ք հնչում են տարբեր կարծիքներ։ Ի՞նչ երանգներով են դրանք ներկայացվում։
- Ինչքանո՞վ կոռեկտ են օգտագործվում ներկայացվող փաստերը, վիճակագրությունը։ Ինչքանո՞վ է ճշգրիտ ներկայացված պատճառահետևանքային կապը։ Արդյո՞ք կան ոչ-գիտական ընդհանրացումներ։
- Ի՞նչ հնարքներ են օգտագործվում լսարանի ուշադրությունը այս կամ այն հատվածի վրա սևեռելու համար, այս կամ այն պնդումը, հայտարարությունն ավելի համոզիչ դարձնելու համար։ Արդյո՞ք այդ հատվածներն իսկապես ամենակարևորն են։ Արդյո՞ք այդ պնդումները հիմնավոր են։
ԱՅԼ
- Կինոնկարը դիտելուց առաջ կամ հետո լրացուցիչ տեղեկություններ, կարծիքներ հավաքեք ստեղծագործության՝ ֆիլմի, գրքի, ելույթի մասին համացանցում։ Փորձել գտնել այլ, ցանկալի է գիտական աղբյուրներ, նույն թեմայի մասին։
- Ինչքանո՞վ են վստահելի փաստերի ու վիճակագրության աղբյուրները։ Արդյո՞ք հստակ մատնանշվում են այդ աղբյուրները։
- Հեղինակ(ներ)ի անձը, հնարավոր պատվիրատուները։
Ցուցակը կազմելուց օգտագործել եմ հետևյալ նյութերը.
- Արմինե Գրիգորյանի «Ինչպես վերլուծել խնդիրը» պրեզենտացիա, 1 հուլիսի, 2008թ.
- 12 Basic Principles for Incorporating Media Literacy into Any Curriculum. Project Lok Sharp: Providing Support, Education and Training To Help Teachers Prepare Students To Survive in a Media Saturated World. Ithaca Coll., NY, 1999