CRRC-ն ժամանակ առ ժամանակ ուրախացնում է մեզ Անդրկովկասի երկրներում անցկացվող հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով։ Եւ կարծես բարի ավանդույթ է դառնում այդ հարցումների վերաբերյալ լիքը անպատասխան հարցերի առաջացումը։
Օրինակ՝
այս հարցումը. ընտրել են մարդկանց, ում ընտանիքի անդամներից որևէ մեկը 1993 թվականից սկսած երեք ամսից ավել ապրել/ապրում է Եվրոպայում և հարցեր տվել, թե ինչպես են վերաբերվում այս կամ այն «թեժ» թեմաներին. օրինակ՝ մինչամուսնական սեռական հարաբերություններին, ամուսնական անհավատարմությանը, սուտ խոսելուն և այլն։ Կարծիքները համեմատվել են Եվրոպայում բարեկամներ չունեցող մարդկանց պատասխանների հետ։
Արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում եղածների ազգականներն ավելի մեղմ դիրքորոշումներ ունեն (are less kyart) այդ հարցերում։
Գրառման հեղինակը ենթադրում է, որ հնարավոր է մարդկային շփման միջոցով «ապրիր ու թող ուրիշներն էլ ապրեն» փիլիսոփայությունը (պարզ ասած՝ անտարբերությունն այլոց նկատմամբ) դանդաղորեն ներթափանցում է Եվրոպայից Վրաստան։
Բայց ինչպես միշտ հարցեր են առաջանում...
Ինչո՞ւ է ընտրվել միայն Եվրոպան։ Ինչո՞ւ հաշվի չեն առնվում վերաբերմունքի փոփոխությունն այն ընտանիքներում, որոնց անդամները հյուսիսամերիկյան երկրներում են բնակվել։ Իսկ Ռուսաստանում ապրածների բարեկամներն ինչո՞ւ չեն հարցվել (գուցե՞ Մոսկվան ավելի ազատաբարո է, քան եվրոպական մայրաքաղաքները)։ Կամ, օրինակ՝ Թուրքիայում բնակվածներն էլ կարող են այլ կարծիք ունենալ։ Գուցե սա մի ֆենոմեն է, որը բնորոշ է ընդհանրապես արտասահմանյան երկրներում ապրածներին։
Եւս մեկ հարցադրում. արդյո՞ք արտասահմանում ապրածների մեջ տարբեր սոցիալական խավերին-խմբերին պատկանելիությունը բաշխված է նույն ձևով ինչպես և արտասահմանում երբեք չեղածների մեջ։ Կոպիտ ասած. արդյո՞ք միջնակարգ կրթությամբ տարեց գյուղացու համար արտասահմանում բնակվելու հավանականությունը հավասար է բարձրագույն կրթությամբ 25-ամյա քաղաքի աղջկա արտասահմանում բնակվելու հավանականությանը։ Եթե ոչ, ապա շատ հավանական է, որ հարցման արդյունքներն ուղղակի արտահայտում են խմբերում տիրող կարծիքների և տրամադրությունների տարբերությունը։
Համոզված եմ, որ կարելի է նմանատիպ այլ հարցեր էլ տալ։ Բայց այս դեպքում առաջանում է կարևոր մի հարց. իսկ ո՞րն է այսքան թերի ձևակերպումներով նպատակը։ Ըստ իս՝ այս հարցումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում։ Այն է, ցույց տալ ինչ-ինչ եվրոպական դոնորների, որ իրենց գումարները արդյունք են տալիս։ Գուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց այլ բացատրություն չեմ տեսնում։
Ի՞նչ կասեք, սոցիոլոգներ։
Ընկերանալ Ֆշտուկ