Արդյո՞ք գոյություն ունի ժամանակակից հայ գրականություն

Feb 27, 2011 15:14


Այս հարցը հաճախ եմ լսում հիմնականում իրենց օտարապաշտությունն «առաջընթացասիրությամբ» քողարկել սիրողներից։

Ժամանակակից հայ գրականություն գոյություն ունի, չի կարող գոյություն չունենալ։ Այլ հարց է, թե ով և ինչ ուղղությամբ է փորձում այն զարգացնել։ Այլ հարց է, թե ժամանակակից մեր գրականության որ հատվածներն են արհեստականորեն առաջ մղվում ու՝ լինելով լուսանցքային, այնուամենայնիվ ներկայացվում են որպես մեր գրականության տիպիկ նմուշներ։

Արդյո՞ք շատ կսխալվեմ, եթե պնդեմ, որ արդի հայկական գրական դաշտում նպատակաուղղված կերպով աճեցվում-զարգացվում է միայն հեշտասիրությունն ու նարցիսիզմը։ Խրախուսվում են միայն միջակությունները (որովհետև միջակություններին շատ ավելի հեշտ է վերահսկել), որոնց կարծեցյալ յուրօրինակությունն իրականում զուտ լպիրշության ու ցինիզմի փաթեթավորման արհեստական փայլն է։

* * *

Փոխարենը, ոչ ոք դրամաշնորհներ չի պարգևում, օրինակ՝ saramarabu բանաստաղծությունները ընթերցողների լայն շրջանակներին հասցնելու համար։ Սառայի նման ստեղծագործ անձիք «պատվիրատուներին» պետք չեն, որովհետև... որովհետև պետք չեն։

Ախր եթե չսպանվեիք,
չէիք սրբանա...

Բայց թե ու՞մ էր պետք այդպիսի սրբություն,
Ու՞մ էր պետք պսակը գլխի արյունոտված.
Կհառաչի կնճռոտ, փոքրիկ կինը՝ հարյուր տարեկան,
Բայց դեռ՝ մանուկ, փոքր ստվեր մանկության,
Տառապող, բայց կենդանի ստվեր,
Կենդանի հիշողություններով շրջապատված...

Ախր եթե այդ չլիներ, չէին սրբանա,
Կշարունակեն բացականչել գրողներն, լրագրողները՝
Դնելով հարցանշաններ, բազմակետեր հերթական գրքերում,
Դառը, սարսռեցուցիչ նկարներով, իբրև պատմության հպարտություն՝
Արյան մեջ թաթախված...

Թե ու՞մ է պետք այդ սրբությունը,
Ապրեին, էլի, - կհառաչի տատիկը,
Սեղմելով դողացող, կնճռոտ մատներում թաց թաշկինակը։

Ապրեին, էլի...

2002 ապրիլ

Ընկերանալ Ֆշտուկ


հայերեն, հայաստանի առեւտրական հանրապետություն, քարոզչություն, պոեզիա, անասնապատում, գրական սրճարան

Previous post Next post
Up