Որոշ էկոլոգիական ու գյուղատնտեսական կարծրատիպերի մասին

Jan 23, 2011 11:00

Կարծրատիպ առաջին՝ տնական ու «պետական» հավկիթի մասին

Ձևակերպում. տնական հավկիթի դեղնուցը մուգ է, իսկ թռչնաբուծական ֆաբրիկայից ստացած ձվինը՝ գունատ դեղին։ Ենթադրվում է, որ տնական, այսինքն մուգ դեղնուցով ձուն ավելի լավն է, քան թռչնաբուծարանինը։

Իրականություն. դեղնուցի մգությունը կախված է հավի կերածից, մասնավորապես, եթե հավը ուտում է թարմ բույսեր (ինչը թռչնի համար բնական պահանջ է), ապա դեղնուցը մուգ է։ Ձմռանը, երբ խոտ չկա, տնական հավկիթի դեղնուցն էլ է դառնում բաց դեղնավուն։

Վերջերս ասեկոսներ եմ լսել, որ որոշ «սրամիտ» արտադրողներ սկսել են հավին տալ հատուկ ներկող նյութեր պարունակող կերեր՝ ստանալով «տնական» մգությամբ դեղնուցով ձու։

Եզրակացություն. զուտ դեղնուցի մգությամբ հնարավոր չէ հաստատ որոշել հավկիթի «տնական» կամ «պետական» լինելը։ Ավելին, ձմռանը մուգ դեղնուցով թարմ հավկիթը պետք է կասկած հարուցի։
Կարծրատիպ երկրորդ՝ տեղական ու ներկրված մսի մասին

Ձևակերպում. տեղական միսը լավն է, քանի որ «էկոլոգիապես մաքուր է», իսկ ներկրված միսը՝ հորմոնային ավելացումներով ու հակաբիոտիկներով բտած անասունի միս է։

Իրականություն. Արտասահմանից ներկրվող ու Հայաստանում համեմատաբար էժան գներով վաճառվող միսն իսկապես «օրգանիկ» չէ։ Ավելին, երբ ծանոթանում ես ֆերմաներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, հասկանում ես, որ ավելի լավ է ընդհանրապես միս չուտել, քան ուտել այն, ինչ այսօր բերում են դրսից։

Սակայն տեղական «օրգանիկ» մսի մասին համոզմունքը, ցավոք, այլևս չի համապատասխանում իրականությանը։ Թե´ խոշոր անասնապահական ֆերմաները, թե´ անհատ գյուղացիները հասկացել են, որ անհնարին է ավանդական տեխնոլոգիայով մեծացրած անասունով մրցակցել մսի շուկայում, քանի որ արդյունքում ստացված մսի ինքնարժեքը շատ բարձր է, իսկ շարքային գնորդը հավատում է, որ մսավաճառի ասած 1500 դրամով «տեղական» տավարի միսն իսկապես տեղական է, իսկ քանի որ տեղական է, ապա լավն է և «էկոլոգիապես մաքուր»։

Ըստ այդմ վաճառքի համար մեծացվող անասունին կերակրում են գերարագ աճ ապահովող զանազան կերային լրացումներով, բտում են հակաբիոթիկներով և ուրիշ զիբիլով։ Միակ աննշան տարբերությունը ներկրված մսի համեմատ այն է, որ տեղական անասունը, հավանական է, այնուամենայնիվ խոտ կերել է։

Եզրակացություն. եթե ցանկանում եք ձեր հարազատներին և երեխաներին որակյալ մսով ապահովել, ապա նախօրոք վճարեք գյուղում ապրող վստահելի մեկին, որպեսզի հորթ, գոճի կամ ճտեր գնի և մեծացնի նորմալ կերով։ Պիտի նաև պատրաստ լինեք այդ մսի համար վճարել խանութում վաճառվող մսի գնի առնվազն կրկնակին։ Կրկնում եմ, պիտի շատ մոտիկ ու վստահելի մարդ լինի, որպեսզի դիմանա «շուստրիություն անելու»՝ այսինքն վտանգավոր կերային լրացումներով անասունին բտելու գայթակղությանը։

Այլ գրառումներ այս թեմայով.
Ընկերանալ Ֆշտուկ


գյուղ, сопротивление, սնունդ, բնապահպանություն

Previous post Next post
Up