Խճճված Բ

Sep 14, 2010 19:08


Մեկ շաբաթ առաջ էինք խոսում արտագաղթից։ Մի քանի օր անց ընկերոջս հանդիպեցի, որին կես տարուց ավելի չէի տեսել։ Մի քանի տարի աշխատում էր մեր նախարարություններից մեկում, որպես consultant (արևմտյան իմաստով)։ Այսինքն, լինելով մի ընկերության աշխատակից, համաձայն այդ ընկերության ու նախարարության միջև կնքված պայմանագրի սպասարկում էր նախարարությանը պատկանող որոշ սարքավորում։ Փաստորեն ամեն օր աշխատանքի էր գնում նախարարություն։

Ամեն ինչ նորմալ էր մի որոշ ժամանակ։ Հետո արձակուրդային հրաժարվեցին տալ, չնայած պայմանագրում կար։ Հետո պայմանագրի ժամկետը սպառվեց, նորի կնքելը ամիսներով ձգձվեց, իսկ մարդը շարունակում էր գործի գնալ, քանի որ գործի բնույթը դա է։ 3 ամիս աշխատավարձ չստանալով՝ թքեց, սկսեց աշխատանք փնտրել։ Ու գտավ, որովհետև մրցունակ մասնագետներ ամենուրեք պետք են։ Բացի Հայաստանից։ Մեկ այլ երկրում պայմանագիր կնքեց մի քանի տարով, ընդ որում բնակարանով և ավտոմեքենայով իրեն ապահովում են։

* * *

Նույն օրը մեկ այլ ընկերոջս տանն էի։ Հյուրեր եկան։ Մի որոշ ժամանակ անց հյուրերից մեկն ասաց. «Կներեք, պիտի գնամ, կինս ընկերուհուն է ճանապարհում, գնամ ընկերուհու տնից վերցնեմ։» Հետո պատմեց, որ կնոջ ընկերուհին ամուսնացել է Իսպանիայից մի հայի հետ, գնում է։ Սովորական պատմություն, մեր իրականության համար... Ուղղակի մեկ օրվա կտրվածքով մի քիչ խիտ է մեկնումների գրաֆիկը...

* * *

Որդիս դպրոցից եկավ, թե. «Մեզ դպրոցում ասել են, որ հիմա անցնելու ենք միջազգային բակալավրիատի ծրագրի։ Մեզ ասացին, որ դա շատ լավ բան է, կարող ենք հետո հանգիստ մեկնել Օքսֆորդ ու Հարվարդ սովորելու...»։ Տեսականորեն, պիտի ուրախանամ (գիտեմ, որ այդ դպրոցում շատ լուրջ են մոտենում նման հարցերին, ու թոզփչոցի չէ. ասել են, նշանակում է կանեն)։ Բայց ջղայնացա. ախր երեխային դպրոցից ինչո՞ւ եք տրամադրում գնալու։ Հասկանում եմ, մրցունակ, եսիմ ինչ... Ժամանակը կգա, ինքը կորոշի, բայց ինչո՞ւ եք ի սկզբանե այդ ուղղությամբ մտածել տալիս։

* * *

Վոպշմ...

Ընկերանալ Ֆշտուկ


ժողովրդագրություն, հայեր, դպրոց, կրթություն

Previous post Next post
Up